Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պատմություն սիրո և վարակի. Դավիթ Սամվելյանի «Զգուշացեք, դռները չեն փակվում» վիպակը

Պատմություն սիրո և վարակի. Դավիթ Սամվելյանի «Զգուշացեք, դռները չեն փակվում» 
վիպակը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում տիրող իրավիճակը ոգեշնչել է ժամանակակից գրող, պահանջված հեղինակ Դավիթ Սամվելյանին նոր վիպակ գրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սամվելյանի «Զգուշացեք, դռները չեն փակվում» ստեղծագործությունը, որը, գրողի բնորոշմամբ, պատմություն է սիրո և վարակի ու սիրով վարակված լինելու մասին, լույս է ընծայել  «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:

Վիպակը բազում խորհրդաշական տարրեր է պարունակում: Այն բաղկացած է 19 գլխից, ինչը վիրուսի անվանման՝ COVID-19-ի հետ է կապված: Գլուխներից միայն վերջինը չունի վերնագիր, բայց բոլոր հարցերի պատասխաններն ընթերցողը կգտնի հենց այդ գլխում:

«Նման ստեղծագործություն գրելու գաղափարն ավելի շուտ էր ծնվել, մինչև դեպքերը կհասնեին Հայաստան: Սկզբում պատմվածք գրելու գաղափար ի հայտ եկավ, հետո այն վերածվեց վիպակի: Գրքի հերոսները հայ և իտալացի երիտասարդներ են, դեպքերը ծավալվում են երեք պետությունում՝ Հայաստան, Չինաստան, Իտալիա: Վիպակում կնկատեք երկու հիմնական գիծ՝ անձնական հարաբերությունները և համաճարակը, և երբեմն զուգահեռները խաչվում են»,-ասում է Դավիթ Սամվելյանը:

Գրողի խոսքով՝ սահմանափակ տպաքանակով լույս տեսած «Զգուշացեք, դռները չեն փակվում» գրքի վրա աշխատել է երկու ամիս:

Վիպակում հեղինակը ներկայացրել է տարբեր ազգերի ազգային առանձնահատկությունները, ժամանակակից աշխարհի իրավիճակը, դրական ու բացասական կողմերը: Ընթերցողը կգտնի իտալական, հայկական, չինական միջավայրերի նկարագրություններ:

«Վիպակում գործողությունների ծավալման ողջ ընթացքում հանգուցալուծման բանալիներն առկա են, ընթերցողը պետք է պարզապես ուշադիր լինի վերջաբանը գուշակելու համար: Գիրքը վերջանում է պորտուգալացի գրող Ժոզե Սարամագոյից մեջբերումով: Այն հասկանալու համար ընթերցողը կա՛մ պետք է պորտուգալերեն իմանա, կա՛մ թարգմանի նախադասությունը»,-նշում է Դավիթ Սամվելյանը:

Դավիթ Սամվելյանը հինգ գրքերի հեղինակ է՝ ‹‹հակաՔԱՂԱՔական››, ‹‹Ռոդենի ձմեռը››, ‹‹Լուսե Երազ››, ‹‹Նա և նրա››, ‹‹Արտագաղթած կարոտ››: Նրա գրքերը մեծ պահանջարկ և ժողովրդկանություն են վայելում: Սամվելյանի ստեղծագործությունները պարբերաբար հայտնվում են Հայաստանում ամենավաճառվող ժամանակակից գրքերի ցանկերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]