Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Մի բուռ հող». Տիգրան Պետրոսյանը երգչախմբային ալբոմ է թողարկելու՝ նվիրված Կոմիտասին

«Մի բուռ հող». Տիգրան Պետրոսյանը երգչախմբային ալբոմ է թողարկելու՝ նվիրված 
Կոմիտասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիչ, երգահան Տիգրան Պետրոսյանն առաջիկայում նախատեսում է երաժշտասերներին ներկայացնել «Մի բուռ հող» խորագրով ալբոմը՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում երաժիշտն ասաց, որ սկավառակում ներառվելու է 11 ստեղծագործություն, որոնց երաժշտության հեղինակն ինքն է, իսկ խոսքերը գրել է Արման Նուռը:

«Երգերն անդրադառնում են հին հայկական այնպիսի մասնագիտությունների, ինչպիսիք են թոնիր սարքողը, լավաշ թխողը, գինեգործը, գորգագործը և այլն: Դրանց մասին այժմ գրեթե ոչինչ չկա: Գինուն վերաբերող երգեր գրվել են, բայց շատ քիչ են այն գործերը, որոնք վերաբերում են, օրինակ, գինու արտադրությանը: Մենք մանրակրկիտ ենք դիտարկել հարցը»,-նշեց երգիչը:

Նրա համոզմամբ՝ եթե այդ մասնագիտությունների մասին չի երգվում, հաճախ դժվար է դառնում անգամ միջազգային հանրությանն ապացուցել, որ դրանք հայկական են: «Չեմ կարծում, որ դրանց մասին երգեր չեն եղել, որոնք փոխանցվել են սերնդեսերունդ, բայց կապն ինչ-որ տեղ ընդհատվել է: Միակ մարդը, որն այս հարցում ահռելի գործ է արել մեզ համար, Կոմիտասն է: Բազմաթիվ երգեր մեզ են հասնել հենց նրա շնորհիվ: Պատկերացնում եք, չէ՞, ինչպես է նա պտտվել գյուղեգյուղ, լսել մարդկանց, գրի առել նրանց երգն ու այն փոխանցել մեզ: Փորձել ենք նրա մոտեցմամբ երաժշտություն գրել, շարունակել նրա ավանդույթները»,-շեշտեց Պետրոսյանն ու պատմեց, որ մի առիթով Կոմիտասի երաժշտության գիտակներից մեկը լսել է ալբոմի գործերից և ասել, որ այն Կոմիտասին է պատկանում, բայց ինքն առաջին անգամ է ունկնդրում: Նա Պետրոսյանին և Նուռին հարցրել է, թե որտեղի՞ց են այն գտել: Երաժիշտներն էլ սիրով ասել են, որ իրենք են գրել: «Նա զարմացավ, թե ինչպե՞ս է հնարավոր հիմա նման գործ գրել: Պարզապես ահրաժեշտ է ցանկանալ ու անել դա»,-հավաստիացրեց Պետրոսյանը:

Երգահանը հետաքրքիր է համարում համագործակցությունը Արման Նուռի հետ, որը հիմանականում երգեր է գրում օդանավում մի կետից մյուսը թռչելիս: «Մի գործ կա, որը երկար ժամանակ չի հաջողվում ավարտել: Նուռին կատակով հարցնում եմ արդյոք չկա՞ մի երկիր, ուր պետք է թռչի, ընթացքում էլ երգի բառերը գրի»,-պատմեց երգիչը:

 Ալբոմում ընդգրկված երգերը երգչախմբային կատարման համար են: Երգահանը նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել իր լավ ընկեր, Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի հետ: «Մլքեյանը մի քանի ստեղծագործություն լսելուց հետո ասաց, որ պարտադիր կկատարեն ալբոմում ներառված գործերը, որոնք շատ է հավանում: Կարծում եմ՝ երգչախմբային հնչողությամբ ստեղծագործությունները շատ ազդեցիկ կլինեն, և հավելյալ գործիքավորման կարիք չի զգացվի»,-ընդգծեց Պետրոսյանն ու խոստովանեց, որ դեռ մանկուց սիրել է երգչախմբային արվեստը:

«Երբ սովորում էի երաժշտական դպրոցում, երգչախմբային դասերին մասնակցելը  պարտադիր չէր, բայց ես հաճախում էի: Այժմ իմ ներկայությունը երգչախմբում պետք չի լինի: Այս անգամ կցանկանամ ուղղակի նստել դահլիճում ու վայելել իմ գրած երաժշտությունը»,-ասաց նա:

Խոսելով վերջին տարիների ստեղծագործական գործունեության մասին՝ Պետրոսյանը հիշեցրեց, որ նախորդ տարվա հոկտեմբերին Վարդան Զադոյանի և Աննա Մանուչարյանի հետ թողարկել են «Eth.No.Rules» ալբոմը, որն առկա է երաժշտական բազմաթիվ կայքերում:

«Այն շատ հետաքրիր է, քանի որ զետեղել ենք մի քանի հին հայկական էթնո երգ, որոնք այսօրվա շունչ են ստացել: Երգերն 80-ականների երաժշտական հնչյուններով են»,-ասաց նա:

Պետրոսյանն այժմ գտնվում է ԱՄՆ-ում: Նա սիրում է ժամանակ անցկացնել այդ երկրում, այցելել տեղի ակումբներ, որտեղ հնարավոր է բարձրակարգ երաժշտություն վայելել, ծանոթանալ նորություններին, բացահայտումներ անել, ունկնդրել հայտնի ու ոչ այնքան հայտնի, բայց հանճարեղ երաժիշտների կատարումներ: Տիգրան Պետրոսյանը հույս հայտնեց, որ շուտով ամեն բան կկարգավորվի, և երբ վերադառնա Հայաստան, հնարավոր կլինի կազմակերպխել գեղեցիկ համերգային ծրագիր:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]