Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կա թատրոն, կա կյանք. թատրոնի գործիչները չեն դադարում շնորհավորել միմյանց մասնագիտական տոնի առթիվ

Կա թատրոն, կա կյանք. թատրոնի գործիչները չեն դադարում շնորհավորել միմյանց 
մասնագիտական տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ թատերարվեստի ներկայացուցիչներն օրվա ընթացքում շարունակում են շնորհավորել միմյանց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ՀՀ վաստակավոր արտիստ դերասան Վանիկ Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում տոնի կապակցությամբ շնորհավորել է բոլոր թատրոնների իր սիրելի գործընկերներին՝ թատրոնի նվիրյալներին։ «Անբնական պայմաններում կանցնի այսօր մեզ համար այդքան կարևոր տոնը, քանի որ թատրոն և ինքնամեկուսացում բառերն իսկապես անհամատեղելի են։ Սակայն անհաղթահարելի չէ այս ճգնաժամը և հուսանք, որ շուտով նորից կհանդիպենք մեծ բեմերում»,-նշել է դերասանը:

Դերասան, ռեժիսոր «Բոհեմ» թատրոնի հիմնադիր Նարեկ Դուրյանը տեսաուղերձով է շնորհավորել Թատրոնի միջազգային օրը:

«Իմ սիրելի հանդիսատես, տիկնայք և պարոնայք, ժողովուրդ, ընկերներ, քույրեր, եղբայրներ, բոլորս գիտենք Շեքսպիրի այն հայտնի արտահայտությունը, որ կյանքն էլ թատրոն է: Շեքսպիրը մոռացել է շեշտել, որ կյանքը թատրոն է, որտեղ դերաբաշխումը ներկայացման ընթացքում է կատարվում, անսպասելի: Ավաղ, այս ներկայացման դերաբաշխումն այնքան էլ լավը չէ, բայց ոչինչ: Դուք հրաշալի հանդիսատես եք, մենք էլ, դե ոչինչ ռեժիսորներ, դերասաններ ենք: Վստահ եմ, որ շուտով նոր դերաբաշխում է լինելու, նորից հանդիպելու ենք թատրոնում, ուրախանալու ենք: Քանի դեռ կա թատրոնը, կա կյանքը և հակառակը»,-ասում է Դուրյանը, համբույրներ ուղարկում բոլորին և նոր հանդիպում խոստանում:

Դերասան ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանն էլ գրել է. «Ու կբացվի վարագույրը, ու կհնչեն ծափերը, ու կսկսվի կյանքը: Շնորհավոր բոլոր մեր ընկերների, բոլոր թատերական գործիչների, իրական նվիրյալների, իսկական արտիստների, թատրոնի բոլոր մշակների այս նվիրական տոնը: Շնորհավոր տոնդ՝ թատրոն: Կա թատրոն, կա կյանք»:

Երևանի կամերային պետական թատրոնի տնօրեն, բեմադրիչ Լուսինե Երնջակյանը շնորհավորել է բոլորին և իր սիրելի ու հարազատ Կամերային թատրոնին: «Տարօրինակ զգացողություն է, երբ տոնը նշում ես տանը ու հնարավորություն չունես լինել թատրոնում, գործընկերների շրջապատում, իրադարձությունների կիզակետում: Իմ մտերիմները գիտեն, որ թատրոնն աշխարհում, լեզուս չի պտտվում ասել, բայց ամենակարևոր բաներից մեկն է: Ինչո՞ւ չի պտտվում, որովհետև թատրոնը մի ամբողջ տիեզերք է, ամենակարևոր տիեզերքն իմ կյանքում: Ես չեմ պատկերացնում ինձ առանց թատրոնի: Թվում է՝ ես այն ժառանգել եմ մայրական կաթի միջոցով կամ ավելի ճիշտ կլինի ասել հորս ծխախոտի ծխով: Որքան էլ վայրի հնչի, բայց հորս՝ Արա Երնջակյանին, թատրոնում պատկերացնելիս միշտ տեսնում եմ ծխախոտի ամպի մեջ»,-նշել է Լուսինե Երնջակյանը:

Նա մաղթել է հնարավորինս արագ ձերբազատվել համաճարակից, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան վերադառնալ իրենց փոքրիկ ուրախություններին:

Թատրոնի միջազգային օրն առաջին անգամ նշվել է Ֆրանսիայում, որից հետո տարածվել է ամբողջ աշխարհում: Այն տոնելու գաղափարը հաստատվել է Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theatre Institute, ITI) որոշմամբ: Համաձայն կանոնադրության՝  այս կազմակերպության գործունեությունն ուղղված է ազգերի միջև բարեկամության և խաղաղության ամրապնդմանը, ինչպես նաև աշխարհի բոլոր թատերական խմբերի միջև համագործակցության ընդլայնմանը:

Լուսանկարները՝ դերասանների «Ֆեյսբուք»-ի էջերից


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]