Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Դեկտեմբեր

Ի՞նչ կարող է առաջարկել Հայաստանը փակ սահմանների պայմաններում

Ի՞նչ կարող է առաջարկել Հայաստանը փակ սահմանների պայմաններում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխարհում համավարակի հետեւանքով տեղի են ունենում գործընթացներ, որոնք նոր զարգացումներ են ենթադրում նաեւ ֆինանսատնտեսական ոլորտում։ Այս օրերին խրախուսվում են թե՛ առցանց ծառայությունների մատուցումը, թե՛ անկանխիկ վճարումները՝ հաշվի առնելով, որ թղթադրամներին եւ մետաղադրամներին վիրուսը գոյատեւում է մի քանի ժամից մինչեւ մեկ օր։

Կան երկրներ, որտեղ բնակչության մեծամասնությունն օգտվում է վճարումների անկանխիկ եղանակից։ Պատճառն այն է, որ քարտի միջոցով գործարքներ կատարելը դյուրին է, իսկ եկամուտների եւ ծախսերի հայտարարագրումն ավելի վերահսկելի։ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանի գնահատմամբ, դա տվյալ երկրի ֆինանսական մշակույթի, ֆինանսական գրագիտության բաղադրիչներից է։

«Ներկա դրությունը կատալիզատորի դեր է խաղալու նաեւ Հայաստանում անկանխիկ գործարքների համար։ Կան ընկերություններ, որ կկարողանան շատ արագ ներկայացնել իրենց բիզնեսն առցանց եղանակով, ինչպես նաեւ առցանց իրականացնել իրենց տեսականու սպառման եւ ձեռքբերման գործընթացը»,–ասաց պատգամավորը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում։

Ա. Մանուկյանի կարծիքով, առաջիկայում ավելի է մեծանալու շարժունակությունը սահմանափակող ծառայությունների նշանակությունը, ինչպիսիք են առցանց ծառայությունները։ Այս համատեքստում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արդեն իսկ նշանակալի քայլեր են արվել կրթական ոլորտի ծրագրային ապահովման մասով, աստիճանաբար ընդլայնվում են նաեւ մշակութային օջախների առցանց հնարավորությունները։ Հետագայում, բնականաբար, ավելի լայն կիրառություն կստանան մասնավորապես տոմսերի ամրագրումը, վաճառքն ու այլ ծառայությունների մատուցումը։

«Սա մի ուղղություն է, որը լայն հնարավորություններ է ստեղծում բիզնեսի համար։ ՏՏ բնագավառում ծավալների առումով որոշակի համեմատական առավելություններ ձեւավորելու հնարավորություններ ունենք։ Պակաս կարեւոր չէ, թե որքանով կկարողանանք կենսագործել դրանք»,–ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ ճգնաժամը հաղթահարելուց հետո առցանց տեխնոլոգիաների վրա ավելի մեծ ներդրումներ կատարելը կարեւոր ուղղություններից մեկն է դառնալու։

Թե ինչպես կփոխվի տնտեսական հարաբերությունների տրամաբանությունը ճգնաժամից հետո՝ դեռ վաղ է ասել, բայց հստակ է այն, որ միջնաժամկետ հատվածում կարեւորվելու է մեկուսացված աշխատանքը։ Դրա հետեւանքներից է այն, որ աշխարհում բավականաչափ ավելացել է նոթբուքերի սպառումը. բոլոր նրանք, որ նախկինում աշխատավայրում էին գործ անում, այժմ արդեն աշխատում են առցանց ռեժիմով. «Սա, իհարկե, տեղի ունեցող գործընթացների միայն շատ փոքր դրվագն է, ավելի մեծ զարգացումն այն է լինելու, որ շուկայում առաջարկ ստեղծող ընկերությունները՝ արտադրող կազմակերպությունները հեռակառավարման գործընթացների ավտոմատացման միջոցով ներգրավեն ռոբոտների, ավտոմատ համակարգերի։ Այլ կերպ ասած, չորրորդ սերնդի արդյունաբերական հեղաշրջումը, որի մասին խոսվում է, ներկա գործընթացների հետեւանքով կատալիզատորի դեր է խաղալու»։

Անդրադառնալով տնտեսության վրա ունեցած ազդեցությանը, տնտեսագետը նշեց, որ եթե մի կողմ դրվեն առողջապահական բաղադրիչը, հիվանդությունից մահացության ցուցանիշը, ապա աշխարհի մակարդակով կարող է ՀՆԱ-ի ընդհուպ մինչեւ 2.5 տոկոս նվազեցում արձանագրվել։ Այդ ցուցանիշը նախեւառաջ պայմանավորված է Չինաստանի եւ ԱՄՆ-ի տվյալներով, որոնք համաշխարհային տնտեսության հիմնական դերակատարներն են եւ նշանակալի ազդեցություն ունեն աշխարհի միջին ցուցանիշի ձեւավորման վրա. «Սկզբնական շրջանում արդյունաբերության աճը Չինաստանում նվազել է մոտ 20 տոկոսով։ Երբ նախկինում Չինաստանի համար ակնկալվում էր 6 տոկոս տնտեսական աճ, ինչը բավականաչափ բարձրացնում էր նաեւ աշխարհի ՀՆԱ-ի միջին ցուցանիշը, ապա ներկայումս նման սցենար որեւէ մեկը չի քննարկում։ Դա կախված է նաեւ առողջապահական խնդիրների տեւողությունից. որքան երկար տեւի, այնքան ճգնաժամը կխորանա»։

Տնտեսագետները քննարկում են մի շարք սցենարներ։ Ըստ որոշ կանխատեսումների, տնտեսական անկումը կարող է «U» տառի տեսքով լինել, այսինքն՝ սրընթաց անկմանը հաջորդի սրընթաց բարձրացումը։ Հաջորդը՝ «L»-ատիպ զարգացումն է, այսինքն՝ սրընթաց բարձրացման անհնարինությունը։ Պատգամավորի խոսքով, պատճառներից կարող է լինել այն, որ տարբեր հասարակություններում սոցիալական բեռն ընկնելու է պետության ուսերին, քանի որ այս ճգնաժամի արդյունքում գործազուրկների բանակն ավելի կմեծանա ամբողջ աշխարհում. «Իհարկե, վերականգնողական աճ ինչ-որ ժամանակաշրջանում կլինի, այլ հարց է, թե քանի տարում»։

Ցանկացած ճգնաժամ նաեւ լավ հնարավորություն է պետությունների եւ հասարակությունների համար բարելավելու սեփական վարքագիծը։ Նման դեպքերում մեծանում է երկրի դիմադրողականությունը։ Այսպես, 2008-2009 թթ. ֆինանսատնտեսական ճգնաժամը նպաստեց բանկային համակարգի իրացվելիությանը եւ ֆինանսական կայունությանն ամբողջ աշխարհում. «Այսօր խոսում ենք սոցիալական խնդիրների մասին, իսկ ֆինանսական խնդիրները չեն քննարկվում կենտրոնական բանկերի կողմից։ Պատճառն այն է, որ հիմնականում ստեղծվել է այն պատրաստի գործիքակազմը, որով կարողանում են ապահովել ֆինանսական շուկաների կայունությունը։ Բոլոր երկրներում իրականացվում է դրամավարկային արդյունավետ քաղաքականություն։ Օրինակ՝ Ռուսաստանը կարողանում է արդյունավետորեն պայքարել բացասական դրսեւորումների դեմ, պատրաստ է մարտահրավերներին, քանի որ արդեն իսկ անցել է որոշակի դժվարությունների միջով։ Ունի նաեւ համապատասխան գործիքակազմը, ինչպիսին է կայունացնող հիմնադրամը»։

Ինչպիսի ազդեցություն կունենա համաշխարհային առողջապահական ճգնաժամը Հայաստանի տնտեսության, ֆինանսական շուկայի համար։ Որքանո՞վ է սթրեսակայուն մեր տնտեսությունը։ Ա. Մանուկյանն ընդգծեց, որ մեր հասարակությունը տարատեսակ եւ հաճախ շատ ավելի լուրջ փորձություններից է պատվով դուրս եկել՝ սկսած Արցախյան ազատամարտից մինչեւ Սպիտակի երկրաշարժ ու այլ ֆորս մաժորային իրավիճակներ, եւ վստահեցրեց, որ սա էլ կհաղթահարենք։ Ինչ վերաբերում է խնդրի տնտեսական բաղադրիչին, ապա կարճ ժամանակահատվածի համար կլինեն դժվարություններ։ «Զբոսաշրջությունը մեզ համար կարեւոր ուղղություն էր 2019-ին եւ այս տարի էլ մեծ ակնկալիքներ կային՝ հաշվի առնելով բյուջետային ավիաընկերությունների մուտքը հայկական շուկա։ Այդ առումով կունենանք բացասական ազդեցություն, իսկ թե ի՞նչ ծավալով՝ պայմանավորված կլինի առողջապահական խնդրի տարածվածությունից եւ ազդեցության խորությունից,–ասաց պատգամավորը, ապա շարունակեց,–Պղնձի գների մեջ էլ անկում կա, որը նույնպես որոշակի կշիռ ունի մեր արտահանման ծավալների մեջ։ Մյուս կողմից դրականն այն է, որ մեզ մոտ վերամշակող արդյունաբերությունը բավական մեծ տեսակարար կշիռ ունի։ Արտահանում ենք գյուղմթերք՝ չրեր, գինի, կոնյակ եւ այլն։ Հետեւաբար, պետք է մտածենք գյուղատնտեսության մրցունակությունը բարձրացնելու ուղղությամբ, քանի որ աշխարհը փորձելու է լուծումներ գտնել փակ սահմանների պայմաններում գոյատեւելու համար»։

 Լուսինե Մխիթարյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ