Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Արթուն գիշերներ՝ հանուն մեր առողջ առավոտների

Արթուն գիշերներ՝ հանուն մեր առողջ առավոտների
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արմենակ Արմենակյան փող., շենք՝ 153․ սա այլևս սովորական բուժհաստատության սովորական հասցե չէ։ Այս հասցեում բժիշկները կյանքի ու մահվան կռիվ են տալիս ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե։ Տուն չեն գնում, իրենց ընտանիքներին չեն տեսնում, քնում են 2-3 ժամ, ուտում են ինչ կհասցնեն, փոխարենը՝ աշխատում են։ Աշխատում են՝ դադար չտալով, գլուխները կախ, առանց աղմուկի։

Վերջին օրերին մենք սկսեցինք ավելի հաճախ որոնողական համակարգերում գրել այս հիվանդանոցի անունը, հետո փնտրեցինք այնտեղ աշխատող մարդկանց, հաշվեցինք հիվանդասենյակները, ապա՝ մահճակալներն ու սարքավորումները։ Հիմա էլ ոչինչ չենք հաշվում, պարզապես սպասում ենք։ Սպասում ենք՝ հավատով, որ մեր թիկունքն ամուր է։

 «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց՝ բուժհաստատություն, որտեղ բժիշկներն արթուն գիշերներ են անցկացնում՝ հանուն մեր առողջ առավոտների։ Իսկ ո՞վ է այդ նվիրյալների բանակը առաջնորդող բժիշկը՝ բուժհաստատության տնօրենը։ Ես էլ ձեզ պես որոշեցի փնտրել նրան ճանաչող մարդկանց, հարցուփորձ անել ու գրել այն, ինչ պատմել են, գրել՝ առանց մի բառ ավելացնելու։

Ո՞վ է Մհեր Դավիդյանցը

Մհեր Դավիդյանցը կրթությամբ, մասնագիտացմամբ ու աշխատանքային փորձով ինֆեկցիոնիստ է՝ համաճարակաբան։ Նա հայտնի համաճարակաբան, բժշկական գիտությունների թեկնածու, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,  ՌԴ Բժշկական գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր Վլադիմիր Դավիդյանցի որդին է։

Որտե՞ղ է ծնվել ու սովորել

Ծնվել է 1983 թ. Երևանում։ Սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետում, ավարտել՝ գերազանցությամբ։

Որտե՞ղ է վերապատրաստվել

Վերապատրաստվել, դասընթացների ու սեմինարների է մասնակցել Ավստրիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Շվեդիայում, Էստոնիայում, Արգենտինայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում և այլ երկրներում։ Ունի ավելի քան 4 տասնյակ գիտական հոդված, որոնք տպագրվել են անգլալեզու, ռուսալեզու ու հայալեզու պարբերականներում։

Ի՞նչ են պատմում դասախոսները նրա մասին

Աննա Հարությունյան (ԵՊԲՀ անատոմիայի ամբիոնի դոցենտ)

-Ես Մհերին անատոմիա եմ դասավանդել ԵՊԲՀ-ում։ Չափազանց կարգապահ ու կազմակերպված ուսանող էր, որը ցանկանում էր գլուխ հանել մասնագիտական բոլոր հարցերից։ Ինձ համար Մհերն առանձնանում էր նաև իր ազնվականությամբ, ինչը, թերևս, հորից որդուն է փոխանցվել ժառանգաբար։

Համալսարանն ավարտելուց հետո նրան հանդիպել եմ Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնում, որտեղ նա դասավանդում և գիտական աշխատանք էր կատարում։ Այսօր Մհեր Դավիդյանցը պատվով իր ուսերին է տանում մասնագիտական որոշումներ կայացնելու պատասխանատվությունը, որից կախված է հազարավոր մարդկանց կյանքը։

Ո՞վ է զավակ, ամուսին, հայր Դավիդյանցը
Զառա Ջիվարյան (Մհեր Դավիդյանցի կինը)
- Նա իմ տան տղամարդն է արդեն 11 տարի։ Բոլոր դժվարությունները հաղթահարել ենք միասին, համբերատար ու հավատով, որ վաղվա մեր օրն ավելի պայծառ, լավ ու կայուն է լինելու։ Մհերը բարձր արժեքներ կրող, կարգապահ ու ազնիվ մարդ է։ Չեմ վարանի ասել, որ ընկերությանն ու մասնագիտությանը նվիրված է ընտանիքի չափ։ Չափազանց մարդասեր է, պատասխանատու՝ ամենուրեք՝ լինի տանը, թե աշխատավայրում։ Մհերը հրաշալի խորհրդատու է, ճգնաժամային իրավիճակներում միշտ ելք գտնող ու սթափ որոշումներ կայացնող։ Իսկապե՛ս հրաշալի հայր է, իր ծնողների արժանապատիվ ու պատասխանատու զավակը։ Վստահ եմ, որ մեր օրերի այս «պատերազմն» էլ կհաղթահարի մեծ պատասխանատվությամբ։ 
Ո՞վ է Մհեր ընկերը
Հայկ Միսկարյան (Ատամնաբույժ)
-Մհերն այն մարդն ու ընկերն է ինձ համար, որին կվստահեմ իմ կյանքը։ Եթե Մհերն իմ թիկունքում է, ուրեմն ինձ մի ամբողջ սար է պաշտպանում։ Հիմա դժվար ժամանակներ են աշխարհում ու Հայաստանում, և Մհերի նման մարդիկ մեզ օդ ու ջրի պես են պետք։ Ես կարողանում եմ հանգիստ քնել, որովհետև գիտեմ՝ նրա նման պատասխանատու մարդն է կանգնած այս պայքարի գլխին։ Մհերի պես մարդիկ ոչ միայն մեր հայրենիքին, այլև առհասարակ մարդկությանն են պետք։ Մհերը լավ մարդ ու բժիշկ է՝ բառի ամենալայն իմաստով։
Ո՞վ է Մհեր մասնագետը
Գևորգ Ասիլբեկյան («Շենգավիթ» ԲԿ-ի ուռուցքաբանական ծառայության ղեկավար)
-Մհերն այն մասնագետն է, որին կարող եմ վստահել իմ ու իմ ընտանիքի առողջությունը։ Այսպես ասեմ՝ եթե ես հայտնվեմ կյանքի համար վտանգավոր իրավիճակում, կուզեմ, որ իմ կողքին հե՛նց Մհերը լինի: Եվ այն մարդիկ, որոնք Մհերի պես չեն փախչում պատասխանատվությունից և ովքեր իրենց պատասխանատվությունը չեն գցում ուրիշների վրա։
Ինչու՞ պիտի վստահենք բժիշկ Մհեր Դավիդյանցին
Մամիկոն Ավետյան (Արթմեդ բժշկական վերականգնողական կենտրոնի վիրաբույժ)
-Սերելով բժիշկների ընտանիքից, լինելով Հայաստանի Էպիդեմիոլոգիայի հիմնադիրներից մեկի որդին՝ Մհերը, անշուշտ, այն եզակի մարդկանցից է, որը պատկերացնում է, թե ինչպիսի  համաճարակաբանական իրավիճակ է տիրում աշխարհում և թե ինչպես կարող է օգնել մեր երկրին հնարավորինս քիչ կորուստներով  դուրս գալ այս բարդ վիճակից:  Մհերը հաղթելու է, մենք բոլո՛րս ենք հաղթելու։  Պարզապես մի քիչ համբերություն, կարգապահություն ու քաղաքացիական պատասխանատվություն է պետք: Մնացածը կանեն Մհերն ու նրա պես մարդիկ։
Հեղինակ՝ Արփի Հարությունյան

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]