Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հունիս

Կառավարությունը սուբսիդավորում ու ամենաթիրախավորված հատվածում զրոյացնում է բիզնեսի վարկի տոկոսները

Կառավարությունը սուբսիդավորում ու ամենաթիրախավորված հատվածում զրոյացնում 
է բիզնեսի վարկի տոկոսները

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարությանը ներկայացրեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին փաթեթը, որը ներառում է 4 միջոցառում:

Նախարարը նշեց, որ առաջին միջոցառումն ամենալայնն է, որը վերաբերում է բոլոր ֆիզիկական ու իրավաբանական անձանց, որևէ ոլորտային սահմանափակում չկա: «Բացառություն են կազմում միայն բանկերը, վարկային կազմակերպությունները, գրավատներն ու ապահովագրական կազմակերպությունները: Կա միայն մեկ պայման. նրանք պետք է ունենան լավ վարկային պատմություն: Նրանք կարող են կառավարության աջակցությունից օգտվելու համար դիմել բանկերին ու վարկային կազմակերպություններին: Առավելագույն ֆինանսավորման չափը կարող է լինել մինչև 500 մլն դրամ:  Սա ենթադրում է նպատակային ֆինանսավորում: Այսինքն՝ այս եղանակով տրված ֆինանսական աջակցությունը կարող է օգտագործվել, եթե կազմակերպությունն այդ միջոցները վերցնում է, որպեսզի վճարի աշխատակիցներին աշխատավարձ երեք ամիսների համար, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուր աշխատակցին 500 հազար դրամ: Երկրորդ. այս միջոցներն օգտագործում է հարկային պարտավորությունները կատարելու համար: Երրորդ. եթե այս միջոցներն օգտագործելու է այնպիսի հումք ձեռք բերելու համար, որը պետք է օգտագործվի ՀՀ-ում իր արտադրությունը սպասարկելու նպատակով: Հաջորդը. եթե այնպիսի սարքավորումներ է օգտագործում, որոնք պետք է ներկրվեն իր արտադրական նպատակներով, եթե վճարում է կոմունալ ծառայությունների համար: Ըստ էության մենք առևտրային գործունեության համար մեկ ոլորտ ենք թույլ տվել, որ նույնպես օգտվի այս աջակցությունից: Դա այն դեպքն է, եթե սննդամթերք է ներկրվում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ երեք եղանակ կա, որ կառավարությունն աջակցում է ֆինանսապես: Դրանցից մեկը դրամական աջակցությունն է ֆինանսավորմանը: «Այսինքն, եթե բանկը համարում է, որ այդ ծրագիրն արժանի է ֆինանսավորման, կառավարությունը հատկացնում է իր բաժինը: Եթե վարկը վերցվել է աշխատավարձ, կամ հարկեր, տուրքեր վճարելու համար, ապա կառավարության համաֆինանսավորումը կարող է կազմել վարկի 50 տոկոսը: Եթե դա հումք ձեռք բերելու նպատակով է, ապա կառավարության համաֆինանսավորումը կարող է կազմել առավելագույնը վարկի 40 տոկոսը, եթե սարքավորումներ ձեռք բերելու համար է՝ մինչև 25 տոկոսը, կոմունալ վճարումների համար՝ 45 տոկոսը և եթե սննդի ներկրման նպատակով է վարկը, ապա՝ 30 տոկոս»,- նշեց Տիգրան Խաչատրյանը՝ ավելացնելով, որ  որոշ դեպքերում կառավարությունը կարող է սուբսիդավորել վարկի տոկոսները: Ընդ որում, եթե խոսքը աշխատավարձեր, հարկեր վճարելու մասին է, ապա կառավարությունը զրոյացնում է բոլոր տոկոսները, այսինքն՝ ամբողջությամբ սուբսիդավորում է դրանք:

Տիգրան Խաչատրյանը աջակցության ևս մեկ դեպք նշեց, երբ վերաֆինանսավորման եղանակով արտարժութային ռիսկը փոխանցվում է կառավարությանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագծի վերաբերյալ նշեց, թե այնքան էլ համաձայն չէ, որ բանկային ու ֆինանսական համակարգին այդքան էլ չեն աջակցում, քանի որ ծրագրի արտապատվիրակումը դեպի այդ համակարգ արդեն աջակցություն է: «Այսօր բանկային համակարգը զրոյական վիճակում է, և իրենք էլ խնդիր ունեն տեղաբաշխելու ֆինանսներ: Այս որոշման ամենամեծ տրամաբանությունը հետևյալն է․ մենք ուզում ենք, որ մեր տնտեսության արյունատար համակարգը սկսի աշխատել ու որքան հնարավոր է՝ ծավալով աշխատի: Սոցիալական բաղադրիչները շատ կարևոր են, մենք ասում ենք, որ աշխատողների աշխատավարձերը վճարելու համար ենք նաև այս վարկերը տալիս, հարկերի ու տուրքերի վճարման համար ենք այս փաթեթը բացում, և, կարծում եմ, ճիշտ ճանապարհով ենք գնում: Մենք ոչ թե զուգահեռ օրգանիզմներ պետք է ստեղծենք՝ գոյություն ունեցող օրգանիզմը դատապարտելով մահվան, այլ պետք է գործող օրգանիզմի կենսունակությունն ապահովելու ճանապահով գնանք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ երկու գործիք են կիրառել և ասել, որ տոկոսները սուբսիդավորում են ու ամենաթիրախավորված հատվածում զրոյացնում վարկի տոկոսները, մնացած դեպքերում՝ էականորեն իջեցնում են:

«Երկրորդ գործիքը հետևյալն է․քանի որ շուկան շատ վատ վիճակում է, բանկերը կարող են հակված չլինել այդպիսի վարկավորում տալու, և որպեսզի բանկերին խթանենք, որ շահագրգռված լինեն, կառավարությունն ասում է, որ ըստ ծրագրերի՝ աշխատավարձերի, հարկերի, տուրքերի դեպքում փողի հիսուն տոկոսն ենք տալիս, կոմունալ վճարի դեպքում փողի 45 տոկոսն ենք տալիս, հումքի դեպքում՝ 40 տոկոսը, սննդամթերքի ներկրման դեպքում՝ 30 տոկոսը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ