1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ավելի բարեկարգ քաղաք, միշտ ժպտացող ստեփանակերտցի․ Ստեփանակերտի քաղաքապետի հարցազրույցը

Ավելի բարեկարգ քաղաք, միշտ ժպտացող ստեփանակերտցի․ Ստեփանակերտի 
քաղաքապետի հարցազրույցը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին տված հարցազրույցում Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը խոսում է քաղաքի այսօրվա խնդիրների եւ դրանց լուծման ուղղությամբ արվող քայլերի մասին։

–Պրն Սարգսյան, սկսենք այսպիսի մի հարցից. ի՞նչ է Ձեզ համար մայրաքաղաքը։

–Երկու բառով դժվար է ասել։ Մի բան կասեմ. Ստեփանակերտն Արցախի սիրտն է։ Ավելի ճիշտ՝ յուրաքանչյուր արցախցու սիրտը… Ինչպես սիրտը օրգանիզմի, այնպես էլ մեր մայրաքաղաք Ստեփանակերտն Արցախի կենսական գործունեության հիմքն է ապահովում։ Ստեփանակերտը մեր օջախն է, մեր հայրական տունը, մեր մայրաքաղաքը։

–Մայրաքաղաքի քաղաքապետ լինելն ինչպիսի՞ զգացումներ է առաջացնում։

–Անկե՞ղծ. պատասխանատվությո՛ւն։ Պատասխանատվություն մոտ 56000 քաղաքացու համար, պատասխանատվություն նրանց բարեկեցիկ, ժպիտով լի առօրյայի համար, քանի որ երբ նրանց վստահության քվեն ստանալով ստանձնեցի քաղաքապետի պաշտոնը, դրա հետ միասին ստանձնեցի պատասխանատվություն ե՛ւ ինձ քվե տվողների, ե՛ւ բոլոր ստեփանակերտցիների համար։ Եվ երեւի հենց դրանով է պայմանավորված երեւի այն, որ իմ աշխատանքային օրն սկսվում է ոչ թե ժամը 9–ին, այլ ավելի վաղ՝ ժամը 8։15-ին։ Օրս սկսում եմ նրանից, որ շրջում եմ քաղաքում՝ անձամբ տեսնելու նկատելի խնդիրները, ինչպես նաեւ տեղում ուսումնասիրելու նախորդ օրերին բարձրացված խնդրահարույց հարցերը։ Հիմնականում մինչ օրս բոլոր նման խնդիրների լուծումը հենց տեղում էլ հաջողվել է գտնել։ Դրանից հետո արդեն գալիս եմ աշխատավայր։ Աշխատանքից հետո երեկոյան էլի քաղաքում շրջում եմ, այնպես որ, հասանելի եմ բոլորի համար։

–Ինչո՞վ է Ստեփանակերտը տարբերվում մյուս մայրաքաղաքներից։

–Երեւի, այն բանով, որ մե՛ր մայրաքաղաքն է։ Ճիշտ է՝ համեմատաբար փոքր քաղաք է, բայց շատ չքնաղ, գեղեցիկ՝ իր ուրույն կոլորիտով։ Ստեփանակերտը վերապրել է պատերազմ, հերոսական դասեր տալով՝ սկսել նոր առաջընթաց ապրել, օր օրի առավել բարեկարգվել եւ միշտ մնացել է վեհ ու կանգուն մեր «Տատիկ–պապիկ»՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձան-կոթողի նման։ Եվ ինչպես յուրաքանչյուրի համար, ինձ համար էլ մեր մայրաքաղաքը լավագույնն է, այն մեր հայրական օջախն է, եւ ուր էլ գնամ, միեւնույն է, հայրական օջախը՝ մայրաքաղաքը, միշտ հետ է կանչում։

–Ի՞նչն է ամենաշատը պակասում Ստեփանակերտին։

–Խաղաղությունը։ Որ մարդիկ էլ երբեք չմտածեն պատերազմի մասին, որ վստահ լինեն իրենց վաղվա խաղաղ օրվա համար, իսկ ես կանեմ հնարավորն ու անհնարինը, որպեսզի Արցախն ունենա էլ ավելի բարեկարգ, հարմարավետ, նորարարություններին համահունչ մայրաքաղաք եւ միշտ ժպտացող ստեփանակերտցի։

–Ինչպիսի՞ն է գեղեցիկ քաղաքի Ձեր պատկերացումը։ Այսօրվա Ստեփանակերտը որքանո՞վ է համապատասխանում այդ պատկերացմանը։

–Այսօր էլ շատ գեղեցիկ ու ինքնատիպ է մեր Ստեփանակերտը։ Բայց նախ եւ առաջ, կարծում եմ, պետք է հասնենք այն բանին, որ ունենանք հարմարավետ քաղաք, հարմարավետ՝ նորածնից մինչեւ տարեց մարդու համար, հարմարավետ՝ առողջ եւ որոշակի խնդիրներ ունեցող մարդու համար, հարմարավետ՝ ստեփանակերտցու եւ զբոսաշրջիկի համար, այսինքն, պետք է ունենանք առաջադեմ քաղաք՝ պահպանելով մեր լավագույն արժեքներն ու ավանդույթները։ Իսկ ամենակարեւորը՝ միշտ ժպտացող ստեփանակերտցիներով, չէ՞ որ ժպիտը հզոր ուժ ունի, այն գեղեցկացնում է ամենը։ Սա է գեղեցիկ քաղաքի իմ տեսլականը։

–Կա՞ մի բան, որով հնարավոր է զբաղվել միայն Ստեփանակերտում։

–Իհարկե, կա։ Ուրիշ էլ որտե՞ղ կարող ես ուտել մեր արցախյան ժենգյալով հացը՝ «Տատիկ–պապիկ»-ի հովանու տակ։ Իսկ եթե լուրջ՝ ընտրության ու արժեքների հարց է։ Չեմ կարծում, թե, ասենք, երեւանցին Երեւանն ավելի քիչ է սիրում, քան ստեփանակերտցին՝ Ստեփանակերտը։ Բայց սա հենց այն դեպքն է, երբ սերը պետք է դրսեւորվի կոնկրետ քայլերով։

–Որո՞նք են քաղաքի այսօրվա խնդիրները, ի՞նչ է արվում դրանց լուծման ուղղությամբ։

–Խնդիրներն, իհարկե, շատ են եւ բազմաբնույթ։ Բոլորն էլ կարեւոր նշանակություն ունեն՝ սկսած քաղաքի կառավարման համակարգից, քաղաքաշինությունից, սոցիալ–տնտեսական զարգացումից, բնապահպանությունից, կանաչապատումից։ Բայց եթե պետք է առանձնացնել մի քանիսը, ամենահրատապները կնշեմ. ջրահեռացման ամբողջական ու ժամանակակից համակարգի ստեղծումը. բաց հոսող կոյուղիները, որոնք հակասանիտարական ու վտանգավոր իրավիճակ են ստեղծում քաղաքում, ճանապարհների արդիականացման ու լայնացման, ենթակառուցվածքների ստեղծման ու սպասարկման, հանրային սանհանգույցների բացակայության, շենքերի վթարային տանիքների խնդիրները։ Կարելի է երկար թվարկել։ Բայց կցանկանայի մի բան նշել, ըստ իս՝ երկրորդական հարց չկա։ Պետք է անենք ամեն բան, որպեսզի ստեղծենք այնպիսի պայմաններ, որ հարցերը հասցնենք նվազագույնի։ Շեշտը դնելու ենք ծայրամասերի վրա՝ քաղաքի համաչափ զարգացումն ապահովելու համար։ Սրանք խնդիրներ են, որոնց լուծմանը պետք է ուղղենք ոչ միայն մեր՝ քաղաքապետարանի ներկայացուցիչներիս, այլեւ բոլոր ստեփանակերտցիների ջանքերը։ Ներդրված մեկ պատուհանի համակարգը, վստահ եմ, ավելի է սերտացրել քաղաքացի-քաղաքապետարան կապը եւ նպաստելու է մեր համատեղ աշխատանքի արդյունավետությանը։ Ի վերջո, խոսքը մեր տունը կառուցելու, մեր քաղաքն ավելի գեղեցիկ ու հարմարավետ դարձնելու մասին է։ Իսկ թե ինչ է արվում… Պաշտոնը ստանձնել եմ 2019-ի վերջին, երբ քաղաքապետարանի բյուջեն գրեթե սպառված էր, ծավալուն աշխատանքների հնարավորություն չկար։ Բայց չնայած դրան՝ ասեմ, որ քիչ աշխատանք չի արվել եւ, որ ամենակարեւորն է, արվել է թափանցիկ. ամեն ուրբաթ Ստեփանակերտի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում քաղաքացիները կարող են ծանոթանալ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքներին։ Ի դեպ, առաջին ձեռնարկներից էր հենց Ստեփանակերտի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջի ստեղծումը։ Մյուսները կներկայացնեմ ընդհանուր գծերով։ Բարեկարգման, սանմաքրման եւ վերականգնողական աշխատանքներ իրականացվեցին քաղաքի տարբեր մասերում, սկսած կենտրոնից մինչեւ ծայրամասեր, ինչպես նաեւ բնակիչների կողմից Ստեփանակերտի «Երեք կռան» անվանումը ստացած ու շատ սիրված աղբյուրի շրջապատում, որը տարիների ընդմիջումից հետո վերջապես սկսեց գործել։ Լուսավորվեցին քաղաքի մի շարք թաղամասեր (Արեշ, Թումանյան, Մաշտոց եւ այլն), ասֆալտապատվել են որոշ փողոցներ, քաղաքի տարբեր հատվածներում իրականացվել են տարածքի սանիտարական մաքրման աշխատանքներ, վերանորոգվել են մի քանի շենքերի տանիքներ, բնակարաններ ու տներ, վերանայվել են որոշ ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերն ու համայնքի սեփականություն համարվող գույքի վարձավճարները, այսինքն, որոշում կայացվեց իջեցնել տեղական որոշ տուրքերի ու վճարների դրույքաչափերը։ Կարող եմ երկար թվարկել, բայց մի բան հաստատ է, մենք հետեւողականորեն աշխատում ենք քաղաքացի-քաղաքապետարան անմիջական կապի բարելավման ուղղությամբ, ինչը շատ կարեւոր է քաղաքապետարանի գործունեության թափանցիկությունն ապահովելու համար։

–Այն օրենքները, որոնցով քաղաքապետարանն առաջնորդվում է իր գործունեության ընթացքում, ըստ Ձեզ, փոփոխությունների կարիք ունե՞ն։

–Կարծում եմ՝ այո։ Ե՛վ փոփոխության կարիք կա, ե՛ւ նորերի ընդունման։ Վստահ եմ, ներկայիս զարգացման տեմպերի, նորարարությունների հետ մեկտեղ անհնար է, որ երբեւէ փոփոխությունների կարիք չլինի, եւ մեզ ամեն ինչ գոհացնի։ Եթե հանկարծ նման կետում հայտնվենք, կնշանակի՝ ճիշտ չենք աշխատում, ավելի լավին չենք ձգտում, չենք կատարելագործվում, իսկ տեղում դոփելը ժամանակակից սրընթաց զարգացող աշխարհում միանշանակ հետընթաց է։

–Կխնդրեի խոսել քաղաքային տնտեսության այժմյան վիճակի, այս կամ այն ոլորտում արվող եւ արվելիք ներդրումների մասին։

–Իրականում քաղաքային տնտեսությունը բարելավելու առաջնահերթություն ունենք։ Բնական է, որ զարգացող մայրաքաղաքի համար համայնքային ընկերությունների օպտիմալացման, ավտոպարկերի թարմացման եւ այլ արդի միջոցների ձեռնարկման կարիք կա։ Դա եւս մեր գործունեության գերակայությունների շարքին ենք դասում եւ մշտապես օրակարգում ենք պահելու։

–Ինչպիսի՞ օգնություն կամ աջակցություն եք ստանում քույր քաղաքներից եւ ինչո՞վ եք դուք օգնում։

–Նշեմ, որ քույր քաղաքների հետ համագործակցության սերտացումն իմ նախընտրական ծրագրի դրույթներից էր։ Ավելացնեմ, որ Ստեփանակերտի եւ Երեւանի միջեւ փոխգործակցությունը կայուն հիմքերի վրա է եղել, այսուհետ պետք է երկուստեք անենք հնարավորը այն ավելի խորացնելու համար։ Ինչ վերաբերում է մյուս մեր քույր քաղաքներին, ապա ձգտում ենք նրանց հետ փոխշփումներին ավելի հաճախակի բնույթ տալ եւ դրանց արդյունքներն ավելի շոշափելի դարձնել։

–Պարոն Սարգսյան, վերջին տարիներին զգալիորեն ավելացել է զբոսաշրջիկների հոսքը դեպի Արցախ, մասնավորապես՝ դեպի Ստեփանակերտ։ Առկա ենթակառուցվածքներն, արդյոք, հնարավորություն տալի՞ս են առաջիկայում նույնպես սպասարկելու նրանց, թե արդեն հիմա անհրաժեշտ է պատրաստվել հետագա զարգացումներին։ Եվ, ընդհանրապես, ինչպիսի՞ աշխատանքներ եք պլանավորում տուրիզմի զարգացման ուղղությամբ։

–Այս հարցում Ստեփանակերտը բավական հետաքրքիր կարգավիճակ ունի։ Արցախ ժամանող զբոսաշրջիկների մեծ մասը գերադասում է այցելել Շուշի, Գանձասար, Դադիվանք, Ամարաս, Տողի մելիքական ապարանք, Տիգրանակերտ։ Սակայն գրեթե բոլորն էլ գերադասում են երեկոյան Ստեփանակերտում լինել, մեր քաղաքի հյուրընկալ ջերմությունը վայելել։ Այսօր առաջնահերթը հենց այդ հյուրընկալության համար ենթակառուցվածքների ապահովումն է։ Հանրային սննդի ոլորտում տեսանելի փոփոխություններ ունենք վերջին տարիների ընթացքում, հյուրանոցային տնտեսություններն են զարգանում։ Մյուս կողմից՝ քաղաքում նոր զբոսայգիներ են ավելանում։ Սա էլ ոլորտ է, որտեղ անընդհատ զարգացումը պարտադիր պայման է։ Այնպես որ, համեցեք Ստեփանակերտ, ինքներդ գնահատեք նրա հյուրընկալությունը։

Իշխան Քիշմիրյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]