Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երեք զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 32 զինծառայողից կատարվել է նմուշառում

Երեք զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 32 զինծառայողից կատարվել է 
նմուշառում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի թեստ հանձնած երեք զինծառայողի թեստի պատասխանը դրական է եղել, նրանք հոսպիտալացված են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պարզաբանումը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Կորոնավիրուսային վարակի տարածումը զինված ուժերում կանխելու նպատակով ծավալուն բուժկանխարգելիչ աշխատանքներ ենք իրականացրել՝ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ, որպեսզի զինծառայողները զերծ մնան վարակից: Այնուամենայնիվ, հնարավոր չէ կանխել վարակի ներթափանցումը բանակ, քանի որ զինծառայողների մի մեծ զանգված ամենօրյա շփման մեջ է քաղաքացիական բնակչության հետ:

Մարտի 25-ին մարտական խնդիրներում չներգրավված զորամասի երեք զինծառայողներից կատարվել էր նմուշառում։ COVID-19 հետազոտման թեստի արդյունքում երեք զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։ Զինծառայողներից մեկի ընտանիքի անդամի մոտ ավելի վաղ էր հաստատվել կորոնավիրուսի առկայություն: Երեք զինծառայողի հաստատված դեպքերը փոխկապակցված են և առնչվում են երկրում գրանցված առաջնակի դեպքերի օջախներից մեկի հետ»,- նշել է Տոնոյանը:

Նախարարը հավելել է, որ ելնելով համաճարակաբանական հետազոտությունների տվյալներից, նշված զինծառայողները նախապես եղել են մեկուսացված, ինչը զգալիորեն նվազեցրել է վարակի հետագա տարածման ռիսկերը։

«Զինծառայողներն այժմ հոսպիտալացված են, նրանց առողջական վիճակը բավարար է, որևէ մեկի մոտ թոքաբորբ չի արձանագրվել։ Զինծառայողներից մեկի մոտ առկա է ջերմության թույլ բարձրացում, իսկ երկուսը չունեն ջերմություն և հիվանդությանը բնորոշ այլ ախտանիշներ: Հավաստիացնում եմ, որ կորոնավիրուսային հիվանդության ախտանիշով զինծառայողներին բարձրորակ և արդյունավետ բուժօգնություն է ցուցաբերվում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- հայտնել է նախարարը:

Տոնոյանը նշել է, որ միաժամանակ պարզված է զինծառայողների շփումների ամբողջ շրջանակը։ Սերտ շփում ունեցածներն ու հավանական կոնտակտավորները մեկուսացված են նախապես նախորոշված առանձնացված տարածքներում։ Նրանց նկատմամբ նույնպես սահմանված է ամենօրյա խիստ հսկողություն և ապահովված են անհրաժեշտ պայմանները։ Վիրուսի առկայության թեստավորման նպատակով ևս 32 զինծառայողից կատարվել է նմուշառում:

«Տվյալ զորամասում, որը տեղակայված է առաջնագծից զգալի հեռավորության վրա, հայտարարված է զորանոցային դրություն, ձեռնարկված են ամենախիստ հակահամաճարակային միջոցառումները, իրականացվում է բժշկական մշտադիտարկում։ Միաժամանակ հարկ եմ համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ Պաշտպանության բանակում առայսօր կորոնավիրուսային հիվանդության ախտանիշով որևէ դեպք չի արձանագրվել: ՀՀ զինված ուժերում շարունակվում են ձեռնարկված լայնածավալ կանխարգելիչ միջոցառումները: Բոլոր զորամասերում կիրառվում են խիստ սահմանափակումներ վարակի ներթափանցումը կանխելու ուղղությամբ, սահմանված է ամենօրյա վերահսկողություն զինծառայողների առողջական վիճակի նկատմամբ: Վերջին մեկ ամսվա ընթացքում զինված ուժերում իրականացվող համալիր հակահամաճարակային միջոցառումների և կիրառվող խիստ սահմանափակուների արդյունքում շեշտակի նվազել է ոչ պակաս վտանգավոր այլ վարակիչ հիվանդությունների քանակը, ինչը միանշանակ վկայում է իրականացվող միջոցառումների արդյունավետության մասին:

Մասնավորապես, նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ, «սուր շնչառական հիվանդություններով», «ջրծաղիկով», «անգինայով» հիվանդացությունները նվազել են 4 անգամ, իսկ աղիքային վարակով հիվանդներ ներկայումս ԶՈՒ անձնակազմի շրջանում ընդհանրապես չկան:

Հատկանշական է, որ վերջին տարիներին 5 անգամ նվազել է «թոքաբորբով» հիվանդացությունը, իսկ ծանր ընթացքով «թոքաբորբերի» քանակը՝ 10 անգամ, ատիպիկ ընթացքով և մահվան ելքով «թոքաբորբեր» զինված ուժերում չեն արձանագրվել:

Վստահ եմ, որ այս ճակատում ևս կհաջողենք»,- նշել է նախարարը:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Հայաստանում մարտի 26-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 290 է: Հայաստանում մարտի 25-ին ժամը 19:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 18 քաղաքացի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]