Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

«Բամբիռ» խումբը երկրպագուների դատին է հանձնել նոր երգի տեսահոլովակը

«Բամբիռ» խումբը երկրպագուների դատին է հանձնել նոր երգի տեսահոլովակը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բամբիռ» (The Bambir) հայկական ֆոլկ-ռոք խումբը «YouTube»-ի իր պաշտոնական էջում հրապարակել է «Էրկու կես» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խումբը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է. «Հենց հիմա: Մեր նորը եկավ: Լսե՛ք, քանի տաք է: Լսե՛ք, էղնինք երկու կես»:

Հոլովակի հեղինակը Արման Քոչարյանն է: Երգը գրել է Նարեկ Բարսեղյանը:

«Բամբիռ» խումբը հիմնվել է 1978 թվականին Գյումրիում: Խմբի անդամներն էին Գագիկ «Ջագ» Բարսեղյանը (վոկալ, կիթառ), Գուրգեն Հակոբջանյանը (վոկալ, ֆլեյտա)  և Թաթուլ Եղիազարյանը (ջութակ)։ 1982-ին մասնակցելով Լիդի փառատոնին՝ խումբն արժանացավ «Ֆոլկ-երաժշտություն» մրցանակին։ 1992 թվականին հավաքվում է խմբի նոր սերունդը՝ Նարեկ Բարսը (վոկալ, կիթառ), Արիկ Գրիգորյանը (վոկալ, ֆլեյտա), Արման Քոչարյանը (բաս-կիթառ) և Աշոտ Կորգանյանը (հարվածային գործիքներ):

2003 թվականին Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը խումբն արժանանում է «Լավագույն ռոք-խումբ» մրցանակի։ 2004-ին «Բամբիռ»-ը ներկայացրեց «Սալաօ» ռոք-օպերան՝ ըստ Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» պատմվածքի։ Նույն թվականին խումբը մի շարք համերգներով ելույթ է ունենում Իրանում: 2007-ին Աշոտ Կորգանյանը  լքում է խումբը, և թմբկահարի տեղը խմբում զբաղեցնում է Վարդան Փարեմուզյանը։ 2010 թվականին խումբը մասնակցում է Eurovoice միջազգային մրցույթին «That's Fine With Us» երգով, և զբաղեցնում երրորդ տեղը:

Այժմ խմբին միացել է քանոնահարուհի Մար Մարգարյանը:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ