Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Մարտ

Արցախի հանրային իշխանության մարմինների գործունեությունը միառժամանակ կիրականացվի առցանց եղանակով

Արցախի հանրային իշխանության մարմինների գործունեությունը միառժամանակ 
կիրականացվի առցանց եղանակով

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության կառավարությունը 2020 թվականի մարտի 26-ին ընդունել է որոշում՝ հանրային իշխանության մարմինների և նրանց ենթակա կազմակերպությունների գործունեության նկատմամբ կիրառել մի շարք սահմանափակումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Արցախի հանրային իշխանության մարմինների գործունեությունը հնարավոր բոլոր դեպքերում իրականացվելու է հեռավար կամ առցանց եղանակով՝ միաժամանակ ապահովելով մարմնի գործառույթների անխափան իրականացումը: Հանրային իշխանության մարմինների վարչական շենքերում արգելվում է աշխատակիցների մուտքը, եթե առանձին աշխատակիցների մասով առկա չէ մարմնի ղեկավարի ցուցումը: Բացի այդ, կառավարության որոշմամբ ժամանակավորապես դադարեցվում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների սպասարկման գրասենյակների գործունեությունը, իսկ դրա անհնարինության դեպքում սահմանափակվում է դրանց գործունեությունը՝ էապես նվազեցնելով աշխատանքային ժամերն ու անձնակազմի թիվը։ Առցանց ծառայությունների առկայության դեպքում ծառայությունները մատուցվում են բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ դրա անհնարինության պարագայում՝ անհետաձգելի անհրաժեշտության դեպքում, կառավարության որոշման համաձայն, քաղաքացիների անհետաձգելի կարիքներին արձագանքելու նպատակով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց պաշտոնական կայքէջերի, սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցներով կհրապարակեն մարմինների գործող հեռախոսահամարների, կայքէջերի, էլեկտրոնային փոստի հասցեների և կապի այլ միջոցների վերաբերյալ տվյալներ: Կառավարության սույն որոշման գործողության ժամկետ է սահմանվել մինչև մարտի 31-ը ներառյալ։

Արցախի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի հաստատված դեպքեր չեն հայտնաբերվել։

Հայաստանում մարտի 26-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 290 է: Թեստերից 1440-ը բացասական արդյունք է տվել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 272 անձ։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում մարտի 26-ին ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 18 քաղաքացի, մեկուսացումից դուրս եկել 88-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ