Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Վարակված և բուժում չստացող անձինք հիվանդանոցներից կտեղափոխվեն հյուրանոցներ

Վարակված և բուժում չստացող անձինք հիվանդանոցներից կտեղափոխվեն 
հյուրանոցներ
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հիվանդանոցային հզորությունները ճիշտ կառավարելու խնդիր ունի և այսօր հիվանդանոցներում կան պացիենտներ, որոնք որևէ բուժում չեն ստանում: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այդ պացիենտներին պետք է տեղավորել հյուրանոցներում:  
«Այդ պացիենտների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, բայց նրանց վիճակը թեթև է, որևէ բուժում չեն ստանում: Նրանց հիվանդանոցում գտնվելն արդարացված չէ: Այսօր պարոն Ավինյանի և պարոն Թորոսյանի մասնակցությամբ ունեցանք քննարկում ու որոշեցինք, որ թեթև դեպքերին, որոնք, ըստ էության, մեծամասնությունն են, փորձենք աշխատել հյուրանոցների հետ, որպեսզի տեղավորենք նրանց հյուրանոցներում՝ ապահովելով սնունդն ու այլ կարիքները: Պետք է շարունակենք այս քաղաքականությունը: Սա նաև օգտակար է տնտեսության առումով, քանի որ հյուրանոցներն այսօր դատարկ են: Այստեղ իհարկե, որոշակի բարդույթներ կլինեն, հյուրանոցները կվախենան իրենց բրենդի հետագա մրցունակության հետ կապված, բայց հյուրանոցները պարտավոր են ժամանակ առ ժամանակ ախտահանել իրենց սենյակները: Հիմա էլ կարող են բազմաթիվ դեպքեր լինել, որ տարբեր հիվանդություններով մարդիկ այդ հյուրանոցներում բնակվում են: Կորոնավիրուսից հետո էլ այդ սենյակների հետ ոչ մի վատ բան չի պատահի, առավել ևս եթե ախտահանվեն հետո»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին նշեց, որ այդ ցուցումները հստակ կտրվեն և այսօր էլ ախտահանվում են այն 7 վայրերը, որտեղ կան մեկուսացած մարդիկ:
Վարչապետը հանձնարարեց պատասխանատուներին բանակցել հյուրանոցների հետ, որ այնպիսի գին սահմանվի, որը չի կարող լինել շուկայական: Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ արտակարգ դրության պայմաններում ունեն հնարավորություն վարչական որոշումով հարցը լուծել, բայց այդ ճանապարհով չեն գնա: «Կբանակցենք հյուրանոցների հետ, որոշակի գին կպայմանավորվենք»,- ասաց նա: 
Հայաստանում կորոնավիրուսով հաստատված 290 դեպք կա։ 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]