Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Ապրիլ

Ինքնամեկուսացման կանոնները խախտելու փաստով 158 անձի նկատմամբ կազմվել է արձանագրություն

Ինքնամեկուսացման կանոնները խախտելու փաստով 158 անձի նկատմամբ կազմվել է 
արձանագրություն

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 158 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

«Մարտի 25-ի ժամը 20։30-ի դրությամբ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով կազմվել է 158 արձանագրություն, որից 84-ը՝ մայրաքաղաքում, 74-ը՝ մարզերում։ 40 անձ չի ունեցել անձը հաստատող փաստաթուղթ։ Նրանք ներկայացվել են տարածքային ստորաբաժանումներ, որտեղ ճշտվել է նրանց ինքնությունը և կազմվել են արձանագրություններ»,- նշել է Ահարոնյանը։

ՀՀ ոստիկանությունը հորդորում է մարդկանց խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը։

Հայաստանում մարտի 25-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 265 է: Թեստերից 1315-ը բացասական արդյունք են տվել: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում մարտի 25-ին ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 18 անձ, մեկուսացումից դուրս եկել 88-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ