Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Մարտ

Մշակութային կյանքն ակտիվ է անգամ այս օրերին. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հետաքրքիր ծրագրեր է իրագործում

Մշակութային կյանքն ակտիվ է անգամ այս օրերին. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 
հետաքրքիր ծրագրեր է իրագործում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի տարածման կանխարգելման համալիր միջոցառումների իրականացման, զանգվածային հաղորդակցության միջավայրերի սահմանափակման անհրաժեշտությունը հաշվի առնելով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մինչև սահմանված արտակարգ դրության իրավական ռեժիմի ավարտը քաղաքացիների մշակութային կյանքի իրացումը և ժամանցի ապահովումն իրականացնում է հեռավար ձևաչափով՝ առցանց տիրույթում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարության ենթակայությամբ գործող թանգարանները, գրադարանները, համերգային և թատերական կազմակերպություններն իրենց ֆեյսբուքյան էջերով, կայքերով, Հանրային հեռուստաընկերությամբ իրականացնում են տարբեր ծրագրեր, որոնց նպատակն արտաքին աշխարհի հետ շփումը ժամանակավորապես դադարեցրած անձանց ինտելեկտուալ ժամանցի կազմակերպումն է:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների և գրադարանների հետ իրականացվում է՝
«Տնից թանգարան և գրադարան» առցանց ծրագիրը: Այն ենթադրում է սոցիալական ցանցերում մի շարք կրթամշակութային ծրագրերի կազմակերպում և իրականացում՝ հրավերներն ուղղելով հնարավոր բոլոր խմբերին, այդ թվում՝ ուսումնական հաստատություններին, մշակութային, տեղեկատու հարթակներին, անհատներին: Թանգարանների և գրադարանների առաջարկի ցանկում ընդգրկված են ընթերցանություն, հեքիաթապատում, նկարչական, գրական, երաժշտական, անիմացիոն խաղեր, մանկապատանեկան մրցույթներ, ճանաչողական ֆիլմեր, պրեմիերաներ, ցուցահանդեսներ և առցանց այլ ծրագրեր:

Նախարարության ենթակայությամբ գործող թատերական և համերգային կազմակերպությունների համատեղ նախաձեռնությամբ մշակվում են մի շարք կրթական-մշակութային, ճանաչողական նախագծեր, մասնավորապես, մեկնարկելու են՝Գ․Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Դասարան+Դասական» նախագծի հեռավար իրականացման տարբերակը, որի շրջանակում կկազմակերպվեն թատրոնի պատմության դասախոսություններ, ներկայացումների քննարկումներ, զրույցներ անվանի դերասանների հետ, կցուցադրվեն թատրոնի՝ հանդիսականին անծանոթ տարածքները: Իրականացվելու է «Քո սերնդակիցը» տեղեկատվական հաղորդաշարը, որը պատանիներին կներկայացնի սերնդակից տաղանդավոր երաժիշտ­կատարողներին՝ ներկայացնելով աշխատասիրությամբ միջազգային հաջողության հասնելու օրինակներ, առանձին նոր ծրագրով հանդես կգա «Դաս Ա» նախագիծը, որը մշակում է նաև բջջային հավելվածներում առցանց դասերի կազմակերպման ծրագիր, իսկ «Դիջիթըլ Արմ Սիմֆընի» հավելվածում տեղադրվելու են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումները:

Համազգային թատրոնի արտիստների մասնակցությամբ ընթերցվելու են առակներ, կազմակերպվելու են կարճ քննարկումներ, այնուհետև, առաջարկվելու է տանը, ծնողների հետ շարունակել քննարկումները և նշված հասցեով ուղարկել քննարկումների արդյունքում ձևավորված եզրակացությունները:

Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մեկ ամիս ժամկետով՝ մարտի 16-ի 18։30-ից մինչև ապրիլի 14-ի 17։00-ն, հայտարարվել է արտակարգ դրություն։ Հետաձգվել կամ չեղարկվել են բազմաթիվ զանգվածային միջոցառումներ: Մշակութային հաստատությունները որոշ ժամանակով դադարեցրել են իրենց գործունեությունը: Դրանցից շատերը փորձում են պահել կապն արվեստասերների հետ վիրտուալ հարթակում:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ