Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանի ՊՆ «հրաշագործները»

Ադրբեջանի ՊՆ «հրաշագործները»

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջերս Ադրբեջանի Հանրապետության պետական քարոզչամեքենան (որն «աշխատացնում են» Ադրբեջանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, ներքին հետախուզության ծառայությունը, ռազմական հետախուզությունը, երկրի նախագահի ապարատը և ազգային անվտանգության խորհուրդը) իր տեղեկատվական ռեսուրսների մի մասը «ծախսում է» ռուսական հասարակության վրա ներգործելու ուղղությամբ: Այդ նպատակով Ադրբեջանն օգտագործում է ՌԴ-ի տարածքում գործող իր հատուկ ծառայությունները և ռուսական հասարակությունում հայերի հանդեպ ազգային ատելություն և թշնամանք է տարածում:

Ադրբեջանական քարոզչամեքենան վերջին շրջանում ակտիվորեն կեղծ տեղեկատվություն է տարածում շփման գծի ողջ երկայնքով ՀՀ զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին, և, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, նման հայտարարությունների ինտենսիվությունը գնալով աճում է: Ադրբեջանի նման գործելաոճը մի քանի նպատակ ունի: Նախ, նրանք ցանկանում են հայկական կողմին ստիպել արդարացողի և հերքողի դիրքից հանդես գալ, և հետո միջազգային կազմակերպություններին թելադրել իրենց կամքը, որոնք, ադրբեջանական մտահաղացմամբ, պետք է չեզոք դիրք զբաղեցնեն, երբ Ադրբեջանն ագրեսիա սկսի:

ԵԱՀԿ Մինսկի խումբն ու այլ միջազգային կառույցներ պետք է ուշադրություն դարձնեն այս ամենի վրա և համապատասխան գնահատականներ տան, այսինքն՝ այն միջազգային կառույցները, որոնք հետաքրքրված են տարածաշրջանում խաղաղության պահպանմամբ, պետք է մեղադրեն Ադրբեջանին սադրիչ գործողությունների մեջ:

Այսօր Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը երկու հաղորդագրությամբ հերթական սադրիչ ապատեղեկատվությունը տարածեց, թե իբրև հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը՝ դիվերսիոն-ներթափանցման փորձ ձեռնարկելով, ինչի արդյունքում ՀՀ ԶՈւ զինծառայող է «ոչնչացվել»:

Հետևելով այս ընթացքին՝ պարզ է դառնում, թե ինչպես են ԱՀ ՊՆ-ի տեղեկատվական պատերազմով զբաղվող «հրաշագործները» միջազգային հանրության և Ադրբեջանի հասարակության ականջների համար նախապես «սպագետտի պատրաստում»:

Եվ այսպես, ԱՀ ՊՆ պաշտոնական կայքում 24.03.2020-ին, ժամը 09:46 հայտնվեց առաջին կեղծ հայտարարությունը հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին, այնուհետև ժամը 11:44-ին հայտնվեց 2-րդ կեղծ հայտարարությունը ՀՀ ԶՈւ զինծառայողի «ոչնչացման» մասին:

Այդ հայտարարություններից հետո «հրաշագործները» շտապեցին տեղադրել ևս մեկ հաղորդագրություն, թե իբր հայկական կողմը կրակահերթ է բացել ադրբեջանական դիրքերի վրա և ի պատասխան ՀՀ ԶՈւ գործողությունների, ադրբեջանական կողմը մի շարք դիրքեր է գրավել:

Իսկ հիմա ամենահետաքրքիրը: ԱՀ ՊՆ պաշտոնական կայքում այդ հայտարարությունը հրապարակված էր մինչև ժամը 12:40-ը, սակայն հայտարարության հրապարակման ժամը նշված էր 24.03.2020, ժամը 21:46-ը: Վերոնշյալից պարզ է դառնում, որ ԱՀ ՊՆ-ն բոլոր տեքստերը պատարստում է նախապես մշակված ստանդարտով, և սխալմունքի հետևանքով նշված հրապարակումը տեղադրվել է ժամանակից շուտ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային կառույցներին պետք է ուշադրություն դարձնել ադրբեջանական քարոզչամեքենայի գործողությունների վրա: Որպես ապացույց ներկայացնում ենք ԱՀ ՊՆ պաշտոնական կայքից արված «սքրինշոթերը»: Սա ապացուցում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը ստանձնել է ստի և ապակայունացման ճանապարհը:

Կարապետ Էրոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am