Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տնտեսական գործունեության սահմանափակումները չեն տարածվում սրճարանների վրա. փոխնախարար

Տնտեսական գործունեության սահմանափակումները չեն տարածվում սրճարանների 
վրա. փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն, Հայաստանի ողջ տարածքում կարգելվեն առևտրի իրականացման վայրերում տնտեսական գործունեության որոշ տեսակները՝ բացառությամբ պարենային ապրանքների վաճառքով զբաղվող օբյեկտների, դեղատների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 23-ի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ ներկայացնելով պարզաբանումներ տնտեսական գործունեության որոշ տեսակների վրա տարածվող սահմանափակումների վերաբերյալ։

«Միևնույն ժամանակ, սահմանափակումները կգործեն  Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում բարերի, խմիչքների մատուցման համանման կետերի գործունեության վրա, կինոների և տեսաֆիլմերի ցուցադրման ակումբների նկատմամբ, շահումով խաղերի կազմակերպման գործունեության վրա։ Սահմանափակումներ կմտցվեն նաև սպորտի, զվարճությունների և հանգստի կազմակերպման բնագավառում»,- նշեց Էկոնոմիկայի փոխնախարարը։

Սիմոնյանի խոսքով՝ սահմանափակումները կտարածվեն նաև անհատական այլ ծառայությունների տնտեսական գործունեության վրա, բացառությամբ թաղումների կազմակերպման և համանման ծառայությունների։
«Տնտեսական գործունեության դասակարգիչների ամբողջ ցանկին կարող եք ծանոթանալ Էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի հրամանով հաստատված գործունեության դասակարգիչների ցանկին, որտեղ մեր նախարարության կայքէջում նշված են առանձին պարզաբանմամբ այն սահմանափակումները և դրանցից բխող բացառությունները: Մասնավորապես, իմ կողմից թվարկված սահմանափակումներից բացառություններ կարվեն, օրինակ՝ սրճարանների գործունեությանը։ Սահմանափակումը չի տարածվի սրճարանների գործունեության վրա։

Շահումով խաղերի կազմակերպման հետ կապված սահմանափակումներից բացառություններ կկազմեն համացանցի միջոցով իրականացվող շահումով խաղերը և վիճակախաղերը։ Միևնույն ժամանակ, բացի սրճարաններից, սահմանափակումները չեն տարածվի շարժական կետերի խմիչքների, ըմպելիքների վաճառքի վրա»,- տեղեկացրեց փոխնախարարը։

«էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է տրամադրել ցանկացած տեսակի պարզաբանում տնտեսավարողներին իրենց գործունեության հետ կապված՝ արդյո՞ք նրանց գործունեությունը գտնվում է ժամանակավոր սահմանափակման մեջ, թե ոչ։

Բացի այդ, տնտեսական գործունեության դասակարգիչներով սահմանված գործունեությունների այս պահին գործող ցանկը հնարավոր է, որ ընդլայնվի։

Փոխնախարարը հավելեց, որ  սահմանափակումները կգործեն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ուժի մեջ մտնելու պահից սկսած։

Սահմանափակումները կգործեն մինչև արտակարգ դրության ժամկետի ավարտը, բայց չի բացառվում, որ կարող են և ավելի շուտ դադարեցվել»,- եզրափակեց Սիմոնյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]