Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Բանաստեղծությունը վիճակ է, որով մարդն ապրել է, ապրում է ու կապրի.նշվում է Պոեզիայի միջազգային օրը

 Բանաստեղծությունը վիճակ է, որով մարդն ապրել է, ապրում է ու կապրի.նշվում է 
Պոեզիայի միջազգային օրը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի 30-րդ վեհաժողովում՝ 1999 թվականին, որոշում է ընդունվել մարտի 21-ը տոնել որպես Պոեզիայի միջազգային օր:

«Պոեզիան կարող է պատասխան դառնալ ժամանակակից մարդու առջև ծառացած ամենասուր և ամենախոր հոգևոր խնդիրներին, սակայն դրա համար անհրաժեշտ է պոեզիայի վրա բևեռել հասարակության հնարավորին չափ լայն շերտերի ուշադրությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման մեջ:

Բանաստեղծ, թարգմանիչ, արձակագիր Գևորգ Թումանյանն ասաց, որ իր համար և՛ հեշտ, և՛ դժվար է խոսել պոեզիայի մասին: «Պոեզիան իմ գլխավոր կենսակերպն է, ապրելու, արարելու, Աստծուն հավատալու»,-նշեց նա:

Անդրադառնալով պոեզիայի երկրպագուներին՝ գրողը շեշտեց, որ իրենք այնքան էլ չեն փնթփնթում ընթերցողներ կա՞ն, թե՞ ոչ: Նրանք քիչ են, և դա բնական է, քանի որ բարձրագույն պոեզիան ընկալելը ոչ բոլորին է տրված: «Յուրաքաչյուր լավ ընթերցողի համար ամեն օրը պոեզիայի տոն է. երբ նա ձեռքը գիրք է վերցնում, համացանցի միջոցով կարդում, տողով ապրում»,-նշեց Թումանյանը:

Բանաստեղծ, գրականագետ Թադևոս Տոնոյանն էլ խոստովանեց, որ միայն այսօր է տեղեկացել Պոեզիայի տոնի մասին, երբ իր գրչակիցները շնորհավորել են միմյանց այդ կապակցությամբ: «Երբ ստեղծագործում եմ, պարզապես ցանկանում եմ ինչ-որ բան ասել, թղթին հանձնել ցավը, մտահոգությունները, ապրումները»,-շեշտեց նա:

Խոսելով ժամանակակից պոեզիայի մասին՝ Տոնոյանն ասաց, որ այն չի կարող առաջընթաց ապրել: «Մենք կարո՞ղ ենք ասել, որ այս գարունը նախորդի համեմատ առաջընթաց ապրեց: Օրերս իմ լավագույն ընկերներից մեկը հրապարակել էր աշխարհում գրված առաջին բանաստեղծություններից, որը 3000 տարեկան է: Կարդացի ու տեսա, որ արձակ բանաստեղծությունն առհասարակ առաջընթաց չի գրանցել: Դա վիճակ է, որով մարդն ապրել է, ապրում է ու ապրելու է: Փա՛ռք Աստծո, որ մարդկության մեծ մասն ապրում է հենց մշակույթով, որը շատ լայն հասկացություն է»,-ընդգծեց բանաստեղծը:

Պոեզիայի միջազգային օրն առաջին անգամ նշվել է Փարիզում, որտեղ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը: Այս օրը հնարավորություն է ընձեռնվում փոքր հրատարակչություններին բարձրաձայնել իրենց մասին, քանի որ նաև նրանց ջանքերով են ընթերցողին հասնում ժամանակակից պոետների գործերը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է անում այս օրը զանգվածային լրատվամիջոցներում տարփողել պոեզիան՝ որպես ժամանակակից արվեստ, որը բաց է մարդկանց համար:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]