Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Թուրքիայի տնտեսությունը սպառնալիքների առջև. Էրդողանը՝  նախկին համախոհների քննադատության թիրախում

Թուրքիայի տնտեսությունը սպառնալիքների առջև. Էրդողանը՝  նախկին համախոհների 
քննադատության թիրախում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նոր իրողությունները էական ազդեցություն են ունենում համաշխարհային տնտեսության զարգացումների վրա։ Թուրքիայում ներքաղաքական, ինչպես նաև տնտեսական իրավիճակի շուրջ «Արմենպրես»-ի և «ՀՀ»-ի թղթակիցը զրուցել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի հետ։ «Թուրքիայի տնտեսության մասին խոսելիս պետք է նկատենք, որ վերջին տարիներին այդ երկրի տնտեսական զարգացումը թուլացել էր։ Եթե մինչ այդ տնտեսությունը զարգանում էր արագ տեմպերով, ինչն ապահովում էր տարեկան մոտ 8 տոկոս աճ, ապա վերջին տարիներին երկիրը բավականին ծանր վիճակում հայտնվեց»,-ասաց նա։

Մասնավորապես, դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցությունն ընտրությունների ժամանակ պարտություն կրեց խոշոր քաղաքներում, ինչպես, օրինակ, Ստամբուլում, քանի որ կտրուկ վատթարացել էր զարգացած շրջանների բնակչության տնտեսական դրությունը, արժեզրկվել էր թուրքական լիրան։ Մյուս կողմից, Թուրքիայի տնտեսության վրա բացասական ազդեցություն է համաշխարհային տնտեսական իրավիճակը։ Թուրքիայի տնտեսությունը մեծապես կախված է տուրիզմից, որն այսօր մեծապես տուժել է եղել։ Դրանից բացի, այն փախստականները, որոնց Թուրքիան փորձում էր դուրս մղել երկրից դեպի Եվրոպա, ներկայումս չեն կարող հեռանալ, քանի որ ԵՄ-ն մի քանի օր առաջ սահմանները փակել է։ Արդյունքում մոտ 4 մլն փախստական մնալու են Թուրքիայում, այսինքն, սա լրացուցիչ ծանրություն կարող է լինել տնտեսության համար, չնայած մյուս կողմից էլ՝ նրանք որոշ քաղաքներում, օրինակ՝ Ստամբուլի որոշ թաղամասերում իրենց ձեռքն են վերցրել տնտեսական կյանքը՝ հատկապես մանր ու միջին բիզնեսը, ինչը դժգոհություն է առաջացրել թուրք բնակչության շրջանում։

Տնտեսական առումով Թուրքիայի համար ծանր է լինելու նաև Իրանի հետ սահմանի փակումը՝ հաշվի առնելով, որ բավականին ակտիվ առևտուր է ընթացել երկու երկրների միջև, թեև գաղտնիության քողի տակ։ «ԱՄՆ-ն թեև տեսնում, բայց աչք էր փակում դրա վրա։ Իրանի հետ առևտուրը հնարավորություն էր տալիս Թուրքիայի արևելյան վիլայեթները ոտքի վրա պահել»,-ասաց Ռ. Սաֆրաստյանը։

Թուրքիայի ներսում դժգոհությունների առիթ է դարձել թուրքական ռազմական արկածախնդրությունը, որ երկրի իշխանությունը ծավալում է տարբեր երկրներում։ «Մամուլի էջերում հաճախ կարելի է հանդիպել քննադատությունների Էրդողանի հասցեին, որ Սիրիայում, Լիբիայում զոհվում են թուրք զինվորներ, հետախույզներ, հատուկ ջոկոտայիններ և այլն։ Սիրիայում վերջին ռազմական գործողությունների ընթացքում Թուրքիան կորցրել էր նաև մեծ քանակությամբ զենք, իսկ թուրքական ռազմարդյունաբերությունն այդքան մեծ հնարավորություններ չունի, որ կարողանա արագ վերականգնվել։ Մենք տեսնում ենք, որ երկրի ներսում բավականին ուժեղանում է դժգոհությունն այն քաղաքականությունից, որ վարում է Էրդողանը։ Դրան ավելանում են տնտեսական դժվարությունները, ինչի գագաթնակետը դեռ առջևում է»,-նշեց արևելագետը։

Այս ընթացքում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում քաղաքական դաշտում։ Թուրքիայի նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանն աշխատանքներ է իրականացնում նոր քաղաքական կուսակցություն հիմնադրելու ուղղությամբ։ Ավելի վաղ, դեռևս անցած տարեվերջին նման քայլի էր դիմել նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։ Հատկանշական է, որ երկու քաղաքական գործիչն էլ ժամանակին եղել են Էրդողանի մտերիմ դաշնակիցները, մինչդեռ այսօր նրանք քննադատության են ենթարկում նոր նախագահական համակարգը, որն ուժի մեջ է մտել 2018-ից։ Վերջիններս հանդես են գալիս խորհրդարանական համակարգը վերադարձնելու օգտին։ «Այս զարգացումները տեղի են ունենում Էրդողանի միջավայրում, այն քաղաքական միջավայրում, որը ժամանակին ծնեց նրան։ Սա վկայում է, որ էրդողանի քաղաքականությունը չի ընկալվում նույնիսկ իր համախոհների կողմից»,-ասաց Ռ. Սաֆրաստյանը՝ ընդգծելով, որ թե Բաբաջանը, թե Դավութօղլուն լուրջ այլընտրանք չեն կարող դառնալ Էրդողանին։ Չնայած չի բացառվում, որ կարող են որոշակի ազդեցություն ունենալ 2023 թ. Էրդողանի վերընտրվելու հնարավորության վրա։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հայաստանի Հանրապետություն օրաթերթ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]