Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բոլորս մի ընտանիք ենք. մարտի 21-ը Տիկնիկավարների միջազգային օրն է

Բոլորս մի ընտանիք ենք. մարտի 21-ը Տիկնիկավարների միջազգային օրն է

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիկնիկային արվեստի գործիչների դերն արժևորելու, նրանց կատարած աշխատանքն առավել կարևորելու նպատակով մարտի 21-ը նշվում է որպես Տիկնիկավարների միջազգային օր:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն ասաց, որ տիկնիկային գործիչների շրջանում այսպիսի կարգախոս կա. «Բոլորս մի ընտանիք ենք»: «Դա այդպես է: Տարբեր երկրների, տարբեր ազգությունների տիկնիկային գործիչները շատ ջերմ են միմյանց հանդեպ: Բավական է ուշադիր լինել և նկատել, թե ինչ բարի մթնոլորտ է տիրում տիկնիկային թատրոնների փառատոնների ժամանակ»,-նշեց նա:

Բաբայանի խոսքով՝ վերջին 20-30 տարվա ընթացքում տիկնիկային արվեստը շատ բուռն զարգացում ունի: «Տիկնիկային արվեստն ակտիվ կիրառվում է դրամատիկ արվեստում: Մենք տեսնում ենք բազմաթիվ դրամատիկ ներկայացումներ, որոնցում օգտագործվում են տիկնիկային էլեմենտներ: Տիկնիկի միֆոլոգիական իմաստն է սկսում հասկացվել: Կարծում եմ՝ տոնը ևս մի անգամ առիթ է հիշեցնելու, որ մենք կանք, որ մենք մարդկանց ուրախություն ենք բերում: Տիկնիկային արվեստը գոյություն ունի մոտ 3000 տարի»,-ընդգծեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Նա շատ ուրախ է, որ տիկնիկային արվեստը նաև Հայաստանում շատ ու շատ ավելի մարդկանց է հետաքրքրում, ինչի լավագույն ապացույցն այն բազմաթիվ երիտասարդներն են, որոնք ցանկություն ունեն խաղալ Տիկնիկային թատրոնում, բեմադրություններ անել այնտեղ և իրենց կյանքը կապել այս արվեստի հետ:

Անդրադառնալով համաճարակային օրերին Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի աշխատանքին՝ Բաբայանն ասաց, որ անպայման անհրաժեշտ է ինչ-որ կերպ պահել կապը հանդիսականի հետ, հատկապես, որ թատրոնը ստեղծված օրվանից՝ 1935 թվականից ոչ մի օր չի դադարեցրել իր գործունեությունը նույնիսկ պատերազմական տարիներին:

Այժմ բեմադրությունները ցուցադվում են թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում: Մարտի 20-ին առցանց հանդիսատեսին է ներկայացվել «Մատնաչափիկը»: Այն դիտել է 6000 մարդ ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում: Քանի որ ներկայացումը էջից չի հանվել, մարդիկ շարունակում են նայել այն: Դիտումների թիվը հասել է մոտ 20 հազարի:

Մարտի 22-ին ներկայացնելու են «Ալիսան հրաշքների աշխարհում» բեմադրությունը: Նախատեսում են ցուցադրել Զառա Անտոնյանի «Ամպից պոկված հեքիաթը», «Ծուղրուղու» և այլ մանկական ներկայացումներ: Թատրոնը չի նախատեսում վիրտուալ հարթակում ներկայացնել մեծահասակների համար նախատեսված բեմադրությունները, քանի որ բազմաթիվ այլ թատրոններ անում են դա:

Ռուբեն Բաբայանը շեշտեց, որ որոշ խնդիրներ կան կապված ներկայացումների տեսագրությունների որակի հետ: Ցանկանում են ցուցադրել միայն բարձրորակ նկարահանումները: Հնարավոր է՝ տարբեր հեռուստաընկերությունների խնդրեն իրենց տրամադրել Տիկնիկային թատրոնին վերաբերող արխիվային նյութեր և դրանք տեղադրել թատրոնի էջում: Ըստ թատրոնի գեղարվեստական ղեկավարի՝ պետք չէ սահմանափակվել միայն Երևանի տիկնիկային թատրոնով: Անհրաժեշտ է այս օրերն օգտագործել Հայաստանի հանդիսատեսին աշխարհի լավագույն թատրոնների ներկայացուներին ծանոթացնելու համար:

Բաբայանը հույս հայտնեց, որ շուտով կկարողանանք հաղթահարել համաճարակային օրերը և չկորցնել կապը թատերասերների և արվեստը գնահատողների հետ: «Երբ նման օրերին զգում ես, որ պետք ես ինչ-որ մեկին, և ուրիշներն են զգում քո կարիքը, հասկանում ես, որ նրանով, ինչով զբաղվում ես քո կյանքում, այդքան էլ անիմաստ չէ: Կա պահանջ, և անհրաժեշտ է այս ամենը պահել ու շարունակել աշխատել»,-եզրափակեց Ռուբեն Բաբայանը՝ շնորհավորելով բոլոր տիկնիկավարներին մասնագիտական տոնի կապակցությամբ:

Տիկնիկավարների միջազգային տոնը նշվում է 2003 թվականից։ Տոնի սկզբնավորողը Իրանում Տիկնիկային թատրոնի հայտնի դերասան Ջիվադա Զոլֆագարիհոն է:

Ավանդույթի համաձայն՝ այս օրը տիկնիկային թատրոնները կազմակերպում են արտասովոր ներկայացումներ, ստեղծագործական երեկոներ, համերգներ և այլ տոնական միջոցառումներ։

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]