Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց մեկուսացման, ինքնամեկուսացման պահանջի խախտման պատիժը սահմանող փաթեթը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց մեկուսացման, ինքնամեկուսացման պահանջի խախտման պատիժը սահմանող փաթեթը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց երկրում արտակարգ դրության պայմաններում մեկուսացման և ինքնամեկուսացման պահանջը խախտելու դեպքում վարչական, ինչպես նաև քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ մարտի 20-ի արտահերթ նիստում ստացավ 102 կողմ ձայներ:

Փաթեթն ԱԺ նիստում ներկայացրել էր ՀՀ Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը: Վարչական իրավախախտումների մասին օրենքում լրացմամբ առաջարկվում է սահմանել, որ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում սահմանվում է վարչական պատասխանատվություն` սահմանված նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով: Ինչպես նաև առաջարկվում է սահմանել, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժանանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտելը կառաջացնի տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 50-300-ապատիկի չափով:

Իսկ Քրեական օրենսգրքում լրացմամբ առաջարկվում է սահմանել, որ արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով մինչև 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկեով:

Պատգամավորները սակայն որոշակի դիտարկումներ, անհամաձայնություններ ունեին փաթեթում տեղ գտած ձևակերպումների հետ կապված, նրանք որոշակիացման կարիք ու թերություններ տեսան: Պատգամավորներից ոմանք, մասնավորապես, 5 տարի ժամկետով ազատազրկում սահմանելը համարեցին շատ խիստ պատիժ: Առաջարկությունների ստացման համար սահմանված է մեկօրյա ժամկետ, երկրորդ ընթերցմամբ քննարկումը կլինի երկուշաբթի օրը ժամը 11:00-ին:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 20-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 136 է: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]