Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրանից իրականացվող հակահայկական քարոզչական գրոհը հարիր չէ երկկողմ բարեկամությանը

Իրանից իրականացվող հակահայկական քարոզչական գրոհը հարիր չէ երկկողմ 
բարեկամությանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած մի քանի օրերի ընթացքում բարեկամական Իրանում միաժամանակ մի քանի մակարդակներում անհարկի շահարկվել է Թել Ավիվում Հայաստանի դեսպանատան բացման թեման։ Ընդ որում, քաղաքական հայտարարությունները, մամուլի հրապարակումները և այլ գործողություններն ակամայից տպավորություն են ստեղծում որոշ ոչ բարեկամական շրջանակների կողմից կազմակերպված և ուղղորդված բացահայտ հակահայկական անհեռատես քարոզչական գրոհի, որը հարիր չէ երկու հարևան երկրների և ժողովուրդների՝ հազարամյակներով թվագրվող բարեկամության տեսանկյունից։ Անդրադարձների նման պարբերականությունն անգամ հիմք է տալիս իրանական կողմից որևէ երրորդ կողմի շահերի սպասարկման հավանականության վերաբերյալ եզրահանգման։ Դա միանշանակորեն կարող է զգալիորեն ստվերել տարածաշրջանային տերության հեղինակությունը, հատկապես այն դեպքում, երբ հայկական կողմից մշտապես բացառվել է նման դրսևորումների հնարավորությունը բոլոր բարեկամ երկրների, այդ թվում՝ Իրանի դեմ։

Այսպես, նախ մարտի 15-ին Իրանի գործող Մեջլիսի նախագահի միջազգային հարցերով հատուկ օգնական, ԱԳ նախկին փոխնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը քննադատել  է Իսրայելում դեսպանություն բացելու Հայաստանի որոշումը՝ նշելով, որ այն հակասում է Պաղեստինի ժողովրդի շահերին։ Իրանցի պաշտոնյան նաև թյուր համոզմունք էր հայտնել, որ Թել Ավիվում ՀՀ դեսպանության բացումը բացասաբար կազդի տարածաշրջանի անվտանգության վրա։ 

Մարտի 17-ին նույն թեմային թվիթերյան անհիմն գրառմամբ անդրադարձել է Իրանի Մեջլիսի՝Թավրիզից ընտված պատգամավոր Ռուհօլլահ Մոթաֆաքեր Ազադը։

Մարտի 18-ին և 19-ին Իրանական «Mehr»(1,2) և «Tasnim»(1,2) լրատվական գործակալությունների նման բովանդակակությամբ հրապարակումներում բացահայտ կողմնակալ՝ Իրան-Իսրայել հակամարտության լույսի ներքո է վերլուծվել Հայաստան գործող կառավարության տարածաշրջանային քաղաքականությունը և Թել Ավիվում ՀՀ դեսպանություն բացելու որոշումը՝ անգամ առաջարկելով Երևանի ուղեգծի դեմ միտված նպատակային գործողություններ իրականացնել։

Վերոնշյալի համատեքստում, այնուամենայնիվ, պետք է փաստել, որ Իսրայելում ՀՀ դեսպանություն հիմնելու քննարկումները սկսվել էին դեռևս 2017թ.-ից, որը տեղավորվում էր Հայաստանի ներկա և նախկին կառավարությունների մերձավորարևելյան քաղաքականության ուղեգծի ակտիվացման տրամաբանության մեջ: Դրա բովանդակային բաղադրիչներից են Իսրայելի և մի շարք արաբական ու մուսուլմանական երկրների հետ հարաբերությունների առավել զարգացումը, դրանց բացակայության դեպքում՝ հաստատումը։ Նման օրակարգային հրամայականը պայմանավորված է տարածաշրջանային մի շարք երկրներում՝ Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, Իսրայելում նաև Իրանում Հայաստանի ունեցած բացառիկ շահերով, որոնք առավել կարևորվում են Մերձավոր Արևելքում ստեղծված որակապես նոր իրավիճակի և դրանով պայմանավորված՝ Երևանի առջև ծառացած նոր մարտահրավերների համատեքստում: Բացի այդ, Հայաստանի և թվարկված տարածաշրջանային երկրների հետ ոչ միայն հաստատված են կարևոր բարեկամական հարաբերություններ, այլև դրանցում առկա են հայահոծ համայնքներ, պատմամշակութային ժառանգություն, ինչի պահպանումը համահայկական նշանակության խնդիր է:

Թերևս նույն տրամաբանության մեջ է նաև քննարկվող որոշման շուրջ Երևանի պաշտոնական հիմնավորումը՝ «Իսրայելում ՀՀ դեսպանություն ստեղծելը, և այդպիսով երկկողմ հարաբերություններին նոր զարկ տալն ուղղված է տարածաշրջանում Հայաստանի շահերն առավել արդյունավետ պաշտպանելուն: Դեսպանություն հիմնելը միտված է նաև պետական մակարդակով ներգրավվելու բազմադարյա հայկական ներկայության, հարուստ պատմամշակութային ժառանգության, Հայ Առաքելական եկեղեցու՝ Սուրբ վայրերի իրավատեր լինելու պահպանմանը»: Նշվածից բացի հայկական կողմի համար Իսրայելի հետ հարաբերություններում օրակարգային մեկ այլ կարևոր խնդիր է Ադրբեջան-Իսրայել համագործակցության դրսևորումներին տեղում հետևելու, խնդրահարույց զարգացումների դեպքում դրանք կանխելու հնարավորությունը: Ի դեպ, այս խնդիրը պետք է որ խստագույնս կարևորվի նաև Թեհրանի համար, քանի որ, հայկական պետություններից բացի, Բաքվի կողմից ձեռքբերված իսրայելական առանձին զինատեսակներ պարբերաբար կիրառվում են նաև Իրանի դեմ: Ասվածի վառ օրինակն է իսրայելական ԱԹՍ-ների միջոցով Բաքվի տարաբնույթ գործողությունները Իրանի տարածքում, իսրայելական հատուկ ծառայությունների ակտիվ հակաիրանական գործունեությունն Ադրբեջանում և այլն:

Հետևաբար, առանձնահատուկ ընդգծման է արժանի այն իրողությունը, որ Իսրայելի հետ հարաբերություններում շատ ավելի լայն նախաձեռնողականություն է ցուցաբերել հայկական կողմը, ինչը կարելի պայմանավորել, բնականաբար, առաջին հերթին Երևանի առավել մեծ շահերով Իսրայելում, քան հակառակը։  Ի դեպ, Հարավային Կովկասում Իսրայելը դեսպանատներ ունի միայն Թբիլիսիում և Բաքվում։  

Անշուշտ, կանխատեսելի էր նաև, որ Իսրայելում ՀՀ դեսպանատուն բացելու, այդ երկրի հետ հարաբերություններն ավելի խորացնելու Երևանի որոշումները, հատկապես պայմանավորված արաբ-իսրայելական, Իրան-Իսրայել հիմնախնդիրներով և ներկայում դրանց լարվածությամբ, կարող են դրականորեն չընդունվել որոշ արաբական և մուսուլմանական երկրների, որպես օրինակ՝ նաև բարեկամական Իրանի կողմից։ Այսուհանդերձ, պետք է նշել, որ Հայաստանն անկախ և ինքնիշխան պետություն է և անկախ է նաև արտաքին քաղաքականություն վարելու, որևէ երկրի հետ հարաբերությունների զարգացման ձևի և բովանդակության ընտրության հարցերում, ինչպես միջազգային ընտանիքի անդամ մյուս պետությունները: Նշվածը ՀՀ-ի, որպես միջազգային հարաբերությունների լիիրավ, ինքնուրույն սուբյեկտի իրավունքն է և պետք է հարգվի ցանկացած դաշնակից, բարեկամ կամ ոչ բարեկամ երկրի կողմից։ Բացի այդ, Երևանը մշտապես ունեցել է սկզբունքային, հավասարակշռված և արտաքին հարաբերություններում մեկը մյուսին չստորադասող, տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը միտված հստակ քաղաքական ուղեգիծ, նաև վստահելի գործընկերոջ ընկալում, ինչն ապացուցվել է պատմականորեն:

Նույն Իրանի հետ հարաբերությունների պարագայում մեկ անգամ չէ, որ այդ երկրի բարձագույն ղեկավարությունը մատնանշել է մուսուլման և քրիստոնյա երկու ժողովուրդների օրինակելի բարեկամության, ինչպես նաև Հայաստանի՝ որպես միակ ոչ խնդրահարույց հարևան լինելու իրողությունները։ Եվ չկա այս հանգամանքը հերքող որևէ փաստ, քանի որ Հայաստանը հարավկովկասյան տարածաշրջանի միակ երկիրն է, որը երբևէ չի ներգրավվել հակաիրանական որևէ ծրագրում։ Բացի նշվածից, Մեծ Մերձավոր Արևելքի կտրվածքով Հայաստանն Իրանի ապացուցված ամենավստահելի տնտեսական գործընկերն է և ամենաանվտանգ տարանցիկ ճանապարհը հյուսիսային ու արևմտյան ուղղություններով։ Իսկ տարածաշրջանային հաիմնախնդիրների շրջանակում Երևանը եզակի դերակատարը է, որի դիրքորոշումը չի հակասում Թեհրանի շահերին որպես օրինակ՝ զարգացումները Սիրիայում, Իրաքում, Լիբանանում և այլն։

Ավելին, Իրանի վերաբերյալ դրական ընկալումներն արտացոլվում են հայկական անդրադարձների՝ առանց բացառության բոլոր հարթություններում՝ քաղաքական հռետորաբանության, տեղեկատվական, հասարակական, ինչը, ցավոք, հաճախ իրանական կողմից փոխադարձությամբ չի դրսևորվում։ Բազմաթիվ են օրինակները բարեկամական Իրանում առնվազն նշված մակարդակներում հակահայկական գործողությունների, իսկ որոշ շրջանակների կողմից Լեռնային Ղարաբաղի խնդրի՝ երբեմն անգամ թշնամական աստիճանի շահարկումների, հրապարակումների, որը լիովին հակասում է երկկողմ բարեկամության տրամաբանությանը։ Ավա՜ղ, փոխադարձության սկզբունքը չի գործում նաև միջազգային կառույցերում համագործակցության հարթությունում, որում Թեհրանի հանդեպ սկզբունքային բարեկամությունը դրսևորվել է նաև Հայաստանի իրանամետ դիրքորոշմամբ և քվեարկություններով: Իրանի պարագայում բազմաթիվ են, օրինակ, ԻՀԿ-ում ոչ բարեկամական երկրների հեղինակած հակահայկական բանաձևերին աջակցության փաստերը:

Ինչ վերաբերում է իրանական անդրադարձներում բարձրաձայնված պաղեստինցի ժողովրդի արդարացի իրավունքներին, ապա Հայաստանն այս հարցում ևս ունի սկզբունքային դիրքորոշում, որը հիմնված է պատմական կապերի և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա։ Հայաստանի և պատմական Պաղեստինի միջև սերտ փոխառնչություններ հաստատվել են դեռևս Քա 1-ին դարից՝ Տիգրան Մեծի ժամանակահատվածից, երբ այդ տարածաշրջանում դեռ չէին հաստատվել արաբները։ Պաղեստինյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում Երևանի դիրքորոշման հիմքում նաև խնդրին առնչվող ՄԱԿ-ի տարբեր կառույցների, հատկապես ԳԱ-ի և ԱԽ-ի առանցքային բանաձևերն են (մասնավորապես՝ Պաղեստինի բաժանման վերաբերյալ ՄԱԿ-ի ԳԱ-ի 1947թ. 181 (II) բանաձևը): Այս ուղեգիծը միտված է պաղեստինցի ժողովրդի՝ սեփական պետությունն ունենալու արդարացի իրավունքին պաշտոնական Երևանի կողմից հնարավոր աջակցության ցուցաբերմանը, որը դրսևորվում է նաև միջազգային տարաբնույթ կառույցներում Հայաստանի պաղեստինամետ քվեարկությամբ Նշվածի ամենակարևոր օրինակներից է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ամբողջական Երուսաղեմն Իրսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման հանդեպ պաշտոնական Երևանի վերապահումը։ Հանուն արդարության պետք է նշել, որ պաղեստինյան կողմը ևս չի գործում բարեկամական փոխադարձության սկզբունքով:

Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ հայ-պաղեստինյան պատմական սերտ առնչությունների մասին բազմիցս է հիշատակել անգամ պաղեստինցի լեգենդար առաջնորդ հանգուցյալ Յասիր Արաֆաթը։ Իսկ ՊԻ գործող նախագահ Մահմուդ Աբասը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ սթ հունվարին կայացած հանդիպմանը վերահաստատել է երկկողմ հարաբերություններում որևէ խնդրի բացակայությունը։

Ավելին, առավել կառուցողական և արդյունավետ կլինի, որ ինչպես Իրանը, այնպես էլ բարեկամական արաբական երկրները դիտարկեն Հայաստանի դիվանագիտական և միջնորդական հնարավորությունները՝ հեռանկարում տարբեր հարթակներում և տարբեր խնդիրների շուրջ Իսրայելի հետ երկխոսելու տեսանկյունից, որը, վստահաբար, բխում է տարածաշրջանային բոլոր կառուցողական դերակատարների շահերից։

 

Արմեն Պետրոսյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]