1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Երևանյան բեսթսելեր». «Մանոն Լեսկոն» առաջին տեղում է. թարգմանական. փետրվար, 2020

«Երևանյան բեսթսելեր». «Մանոն Լեսկոն» առաջին տեղում է. թարգմանական. 
փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը կազմվել է փետրվարի վաճառքների հիման վրա:

Առաջին հորիզոնականը զբաղեցնում է Աբբա Պրևոյի «Մանոն Լեսկոն»: Պրևոն իր հանրահայտ վեպում ֆրանսիական 18-րդ դարի առաջին կեսի կյանքի ֆոնի վրա նկարագրում է Մանոն Լեսկոյի և ասպետ դե Գրիյոյի սիրո պատմությունը, որը երիտասարդ անհատի սիրո ուժի, նրա բորբոքուն կրքերի, մարդկային խորը զգացմունքների պատմություն է: Թարգմանությունը՝ Վ. Գիլավյանի:

Մարկ Արենի «Սուրբծննդյան հրեշտակը» վիպակը երկրորդ տեղում է: Ամեն տարի Սուրբ Ծնունդին հրեշտակները երկնքից իջնում են երկիր՝ մարդկանց երազանքներն իրականացնելու: Բայց օգնել կարողանում են միայն նրանց, ում տեսնում են: Հրեշտակն օգնության է հասնում Քրիստինեին, նրանք սիրահարվում են իրար: Հրեշտակը կանգնում է երկընտրանքի առաջ. կա՛մ թողնել իր մեծ սերը և վերադառնալ երկինք, կա՛մ մնալ երկրի վրա և դառնալ սովորական մահկանացու... Թարգմանիչ՝ Հովհաննես Այվազյան:

Քեն Քիզիի «Թռիչք կկվաբնի վրայով» գիրքը երրորդ տեղում է: Այս գործը խոր հետք է թողել արդի գրականության վրա: Գլխիվայր շրջելով խելամտության ու խելահեղության ընդունված պատկերացումները՝ այս վեպը հոգեբուժարանի ու դրա բնակիչների անմոռաց պատմությունն է, որտեղ առանձնանում են բռնակալ Ավագ քույրն ու Մաքմըրֆին՝ մի աղմկուն, զվարճասեր նորեկ, որն էլ վճռում է նրան դիմադրել: Պայքարը ներկայացված է կիսահնդկացի Բրոմդենի՝ թվացյալ խուլ ու համր հիվանդի աչքերով, որը հասկանում է. Մաքմըրֆին հերոսական ճիգեր է թափում՝ մաքառելով իրենց բոլորին փակի տակ պահող ուժերի դեմ: Քիզիի առաջին վեպը ողջամտության և խելագարության սահմանների գունեղ ու ծայրահեղորեն անկեղծ նկարագիրն է: Թարգմանությունն անգլերենից՝ Զավեն Բոյաջյանի:

Չորրորդ հորիզոնականն է զբաղեցնում բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը»: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:  Թարգմանությունը՝ Աննա Մարությանի:

Հինգերորդ հորիզոնականում Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գիտաֆանտաստիկ երկն է: Սկզբնապես այն հրատարակվել է «The Magazine of Fantasy & Science Fiction» ամսագրի 1959 թվականի ապրիլյան համարում։ Արժանացել է «Հյուգո» մրցանակի՝ որպես լավագույն գիտաֆանտաստիկ պատմվածք։ Հետագայում Քիզը լրացրել է պատմվածքը՝ այն դարձնելով ամբողջական վեպ (նույն անվամբ), որը ստացել է «Նեբյուլա» մրցանակը՝ որպես 1966 թվականի լավագույն վեպ։ Թարգմանիչ՝ Հայկ Ֆելեքյան:

Լիբանանում ծնված Խալիլ Ջիբրանի «Մարգարեն» գիրքը վեցերորդ տեղում է: Առաջին անգամ հրատարակվել է 1923 թվականին, թարգմանվել է ավելի քան 50 լեզվով: Գրքի բնօրինակն անգլերեն է: Այն ոգեշնչման աղբյուր է հանդիսացել ժամանակի անվանի արվեստագետների՝ Ջոն Լենոնի, Փոլ Մաքարթնիի, ինչպես նաև քաղաքական գործիչներ Ջոն Ֆ. Քենեդիի, Ինդիրա Գանդիի և այլոց համար: Գիրքը բաղկացած է 26 ինքնատիպ էսսեներից՝ նվիրված համամարդկային այնպիսի թեմաների, ինչպիսիք են սերը, մահը, ինքնաճանաչողությունը, ազատությունը: Թարգմանել է Սոնա Քյուրքչյանը:

Յոթերորդ հորիզոնականում Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ն է: Հրկիզող Գայ Մոնթագի տան հեռուստապատերով պարփակված իրականության գրկում ապրում է նրա կինը՝ Միլդրեդը: Ամերիկյան զվարճանքի հասարակությունը վաղուց այլևս չի հանդուրժում գրքեր՝ համարելով դրանք դժբախտության աղբյուր, իսկ գրքերի թաքստարանների տեղերը մատնում է հրկիզողներին: Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է: Բնագրից թարգմանությունը՝ Լուսինե Հարոյանի:

Ութերորդ հորիզոնականում Հերման Հեսսեի «Սիդհարթա» այլաբանական վեպն է, որն առաջին անգամ լույս է տեսել1922 թվականին։ Այն պատմում է Գաութամա Բուդդայի ժամանակակից բրահման Սիդհարթայի հոգևոր ինքնաճանաչման ճանապարհի մասին։  Հեսսեի 9-րդ վեպն է, որը նա գրել է քնարական ոճով։ Գիրքն Ամերիկայում տպագրվել է 1951 թվականին և մեծ տարածում գտել 1960-ականներին։ Հեսսեն վեպը նվիրել է ֆրանսիացի դրամատուրգ, վիպագիր Ռոմեն Ռոլանին: Թարգմանիչն է Աշոտ Ալեքսանյանը:

Իններորդ հորիզոնականում է Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպը, որը համարվում է նրա ամենանշանավոր ստեղծագործությունը: Այն աշխարհի ամենաընթերցվող գրքերից մեկն է: Վեպի սյուժեն շատ բաներով համապատասխանում է այն գրքերի բովանդակությանը, որոնցում գլխավոր հերոսը վաճառում է իր հոգին սատանային և դրա փոխարեն ձեռք բերում գեղեցկություն, հավերժ երիտասարդություն և հզորություն: Թարգմանությունը՝ Ռիմա Խաչատրյանի:

Տասներորդ հորիզոնականում է Թոմ Հենքսի «...Այն, ինչ զգում է իմ սիրտը» պատմվածքների ժողովածուն: Ամերիկացի հանրահայտ դերասան, կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Թոմ Հենքսի գրական ստեղծագործությանն առաջին անգամ մայրենիով ծանոթանալով՝ հայ ընթերցողը կհամոզվի, որ նա տաղանդավոր է ոչ միայն կինոյի, այլև գրականության բնագավառում։ Նրա հումորով թաթախուն, բարի պատմվածքներն արժանացել են ոչ միայն ամերիկյան, այլև տարբեր երկրների ընթերցողների համակրանքին, դրանցում սարոյանական շունչ է զգացվում: Գիրքը թարգմանել է Ռուզան Ազիզյանը:

 «Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), գրախանութների և գրատների ցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ.
Քանակ
1
+1
Աբբա Պրևո «Մանոն Լեսկո»
Դարակ
212
2
-1
Մարկ Արեն «Սուրբծննդյան հրեշտակը»
Բուկինիստ
207
3
նոր
Քեն Քիզի «Թռիչք կկվաբնի վրայով»
Անտարես
88
4
0
Պաուլու Կոելյու «Ալքիմիկոսը»
Անտարես
85
5
*
 Դենիել Քիզ «Ծաղիկներ Էլջերնոնի համար»
Անտարես
85
6
+1
Խալիլ Ջիբրան «Մարգարեն»
Քյուրքչյան
80
7
-7
Ռեյ Բրեդբըրի «Ֆարենհայթ 451»
Զանգակ
74
8
+1
Հերման Հեսսե
«Սիդհարթա»
Քյուրքչյան
72
9
*
Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը»
Էդիթ Պրինտ
72
10
-3
Թոմ Հենքս «...Այն, ինչ զգում է իմ սիրտը»
Բուկինիստ
71

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]