Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԿԳՄՍՆ-ն կհամագործակցի ՊՆ-ի հետ` ավարտական գործընթացը և զորակոչի բնականոն ընթացքն ապահովելու համար

ԿԳՄՍՆ-ն կհամագործակցի ՊՆ-ի հետ` ավարտական գործընթացը և զորակոչի 
բնականոն ընթացքն ապահովելու համար

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, նկատի ունենալով երկրում արտակարգ դրությունը, այդ ընթացքում կրթական հաստատություններում դասերի` միայն հեռավար եղանակով անցկացումը, սերտորեն կհամագործակցի Պաշտպանության նախարարության հետ` ավարտական դասարանների աշակերտների ավարտելու գործընթացը պատշաճ կերպով իրականացնելու և զորահավաքի բնականոն ընթացքն ապահովելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես է լուծվելու ամառային զորակոչին բանակ գնացող ավարտական դասարանների աշակերտների հարցը, արդյոք նրանք կկարողանան ընդունելության քննություններին մասնակցել, նոր մեկնել ծառայության:

«Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի զորահավաքային գործընթացները չվտանգվեն: Բնականաբար, պետք է սերտ համագործակցենք Պաշտպանության նախարարության հետ` հատկապես ավարտական դասարանների գործընթացները պատշաճ կերպով իրականացնելու և զորահավաքի բնականոն ընթացքն ապահովելու համար: Առանց ՊՆ-ի հետ համագործակցելու չենք կարող»,-ասաց Հարությունյանը:

Փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, արձագանքելով հարցին, նկատեց, որ հարցը միջգերատեսչական տիրույթում է, և պետք է այս ընթացքում սերտ քննարկումներ ունենան նաև ՊՆ-ի հետ: «Եվ կախված ընթացիկ իրավիճակից, որ կունենանք հեռավար ուսուցման գործընթացի ծավալման և հանրակրթության մասնասկիցների ներգրավման աստիճանի հետ, կկայացնենք նաև այդ որոշումները»,-ասաց նա:

Փոխնախարարը նաև նկատեց, որ ավարտական դասարանների ծանրաբենվածությունը հատկապես երկրորդ կիսամյակում ամենաթեթևն է: «Եվ այդ տեսանկյունից գտնվում ենք մի փոքր ավելի բարենպաստ իրավիճակում, քան մնացած ամբողջ ուսումնական պրոցեսի տեսանկյունից, երբ ունենք ավելի մեծ հնարավորություններ` խտացնելու այդ ուսումնական ծավալը»,-նշեց նա:

Նախարար Արայիկ Հարությունյանը նաև հայտնել էր, որ ուսումնական տարվա երկարաձգումը, ինչպես նաև ավարտական քննությունների հետաձգումը կարող է կախված լինել հեռավար ուսուցումից, պետք է հասկանան, թե ուսուցիչներն ու դպրոցներն ինչ ծավալով դրանք կիրականացնեն։ «Եթե տեսնենք, որ այն ամբողջական է, ըստ այդմ կկարողանանք եզրակացություններ անել և ասել՝ արդյոք լրացուցիչ դասերի կամ ուսումնական տարվա երկարաձգման կարիք կլինի՞, թե ոչ»,-նշել էր Հարությունյանը: 

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ի ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 84-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և հիվանդանոցից դուրս է գրվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]