Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կանոնակարգվում է անազատ կամ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու գործընթացը

Կանոնակարգվում է անազատ կամ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ 
պահելու գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության բնասեր հասարակությունը վերջին տարիներին ավելի հաճախ էր բարձրաձայնում անազատության մեջ պահվող վայրի կենդանիների վատ վիճակի մասին։ Մամուլում եւ սոցիալական ցանցերում պարբերաբար տարածվող տեսաձայնագրությունների ու լուսանկարների միջոցով քաղաքացիներն իրենց վրդովմունքն էին հայտնում վայրի կենդանիների վատ, շատ դեպքերում ծայրահեղ անբավարար պայմաններում պահելու երեւույթի վերաբերյալ։ Ահազանգերը հիմնականում վերաբերում էին ժամանցի եւ հանգստի գոտիներում ՀՀ կարմիր գրքում գրանցված կովկասյան գորշ արջի անազատության մեջ պահելու դեպքերին։

Արձագանքելով ահազանգերին՝ պետական լիազոր մարմինն արձանագրում էր խախտումներ, որոնք առնչվում էին կենդանիներ պահելու օրենքով սահմանված պայմանները չապահովելու դեպքերին, որոնց համար վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը սահմանում էր վարչական տույժեր։ Արձանագրված գրեթե բոլոր դեպքերում բացահայտվում էին նաեւ կենդանիների օրինական ծագման վերաբերյալ փաստաթղթերի բացակայության փաստեր։ Բայց իրականացվող միջոցառումները չէին տալիս ակնկալվող արդյունքները։ Վերջին տարիներին այս ուղղությամբ վերահսկողական միջոցառումների ուժեղացումը վեր հանեց բազմաթիվ խնդիրներ։

Հայտնաբերվող խախտումները չվերացնելու դեպքում պետությունը իրավունք ուներ դադարեցնել կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման իրավունքները։ Երբ ոլորտի լիազոր մարմինը սկսեց իրականացնել այդ գործառույթը, պարզվեց, որ պետությունը չունի համապատասխան մեխանիզմ եւ ռեսուրս այդ կենդանիներին տնօրինողներից առգրավելու եւ սահմանված պայմաններով պահելու համար։ Դրան զուգահեռ սկսեց աճել այն դեպքերի թիվը, երբ սեփականատերերն իրենք էին ինքնակամ հրաժարվում կենդանիներից՝ չկարողանալով համապատասխան պայմաններ ստեղծել նրանց համար։ Ոլորտի հսկողության ուժեղացումը վեր հանեց նաեւ այլ խնդիրներ։ Առաջ եկավ անազատության մեջ պահվող կենդանիների հաշվառման հարցը։ Այն պետք է իրականացներ լիազոր մարմինը՝ կենդանու սեփականատիրոջ ներկայացրած համապատասխան փաստաթղթերի հիման վրա, որը գործնականում չէր արվում գործընթացը կանոնակարգող կարգի բացակայության պատճառով։

Պարզվեց, որ պետությունը կանգնած է հիմնարար խնդրի առաջ։ Ոլորտը կարգավորող մայր իրավական ակտը՝ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը, հիմնարար լրամշակման կարիք էր զգում։ Այն ընդունվել էր 2000 թ. եւ վերջին 20 տարվա ընթացքում ընդամենը երեք անգամ ենթարկվել փոքր մասնակի խմբագրումների։ Պարզվեց նաեւ, որ օրենքն ըստ էության դեկլարատիվ բնույթ էր կրում, քանի որ այս տարիներին չէին ընդունվել նրա կիրարկումն ապահովող անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերը, առանց որոնց օրենքի դրույթները չէին կարող գործել եւ ըստ էության չէին էլ գործում։

Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայում մշակել եւ հանրային քննարկման է դրել ոլորտի կարգավորման ծավալուն ու հիմնարար փոփոխությունների օրենսդրական փաթեթ, որով նախատեսվում է լրամշակել չորս իրավական ակտ՝ «Կենդանական աշխարհի մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքները, վարչական իրավախախտումների եւ հարկային օրենսգրքերը։ Ոլորտի մայր փաստաթղթի՝ «Կենդանական աշխարհի մասին» օրենքի միայն 3-րդ եւ 4-րդ հոդվածներում նախատեսված փոփոխություններով սահմանվում են 11 ենթաօրենսդրական ակտի՝ կարգերի մշակման դրույթները, որոնք մինչ այդ չեն եղել։

Մասնավորապես, նախատեսվում է սահմանել անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանիների հաշվառման, նրանց պահելու թույլտվություն տալու, սկսած երկրորդ կենսունակ սերնդից կենդանու օգտագործման կարգերը։ Օրենքի փոփոխությունից բխում է նաեւ վայրի կենդանիների ազատ պայմաններ վերաբնակեցման, բնապահպանական, մշակութային եւ գիտական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման, ՀՀ կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործման եւ մի շարք այլ հիմնարար կարգեր։

Նոր կարգավորումներով նախատեսվում են լիցենզիաներով կանոնակարգել Հայաստանից վայրի կենդանիների եւ նրանց արգասիքների արտահանման ու ներմուծման ընթացակարգը եւ ինվազիլ՝ օտարածին կենդանիների ներմուծման ու օգտագործման կանխարգելիչ միջոցառումների իրականացումը։

Օրենքների փոփոխությունները վայրի կենդանիների պահման գործընթացը կանոնակարգելու եւ ավելի վերահսկելի դարձնելու նպատակ են հետապնդում։ Մասնավորապես, անցումնային դրույթներով սահմանվում է, որ վայրի կենդանիներ պահողներին տրվում է 12 ամիս՝ իրենց մոտ եղած կենդանիների հաշվառման վերաբերյալ լիազոր մարմին տեղեկատվություն ներկայացնելու եւ պահելու թույլտվություն ստանալու համար։ Այս փոփոխությունը թույլ կտա ունենալ անազատ կամ կիսաազատ պայմաններում պահվող կենդանիների թիվը, ինչն իր հերթին հնարավորություն կստեղծի լիարժեք հսկողություն ու վերահսկողություն սահմանել ոլորտի վրա։

Գործող կարգավորումներով Հայաստանում արգելվում է ապօրինի որսը, սակայն կանոնակարգված չէ առանց ծագման օրինականությունը հաստատող փաստաթղթերի՝ վայրի կենդանիների ձեռք բերման, փոխանակման եւ վաճառքի գործընթացը։ Նախարարության առաջարկած կարգավորումներով նաեւ կարգելվի առանց ծագման օրինական փաստաթղթի կենդանու կամ նրա արգասիքի շրջանառությունը։ Այս փոփոխությունները կանխարգելիչ դեր կունենան կենդանիների ապօրինի շրջանառության եւ վայրի բնությունից դրանց հայթայթման դեպքերի համար։

Օրենսդրական փաթեթով նախատեսվող հիմնական փոփոխությունն այն է, որ նրա ընդունումից հետո վայրի կենդանիներ, այդ թվում նաեւ ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանիներ կարելի կլինի պահել միայն լիազոր մարմնի տված թույլտվության հիման վրա։ Մյուս կողմից էլ կենդանի պահելու համար բնօգտագործման վճարների գանձման հիմքեր կստեղծվեն։ Սա իր հերթին թույլ կտա հսկողություն ու վերահսկողություն սահմանել կենդանիների պահման պայմանների, նրանց առողջական պարբերաբար զննումների իրականացման եւ շրջանառության վրա։ Օրենսդրական այս փոփոխությանը սպասում էին ոչ միայն բնապահպանները, այլեւ հասարակության լայն շրջանակները։ Իսկ ոլորտի լիազոր մարմնի քաղաքականությունը ոչ միայն վայրի կենդանիների հետ կապված գործողությունների կանոնակարգումն է, այլեւ խիստ կարգավորումներով ու համապատասխան վճարներով վայրի կենդանիներ պահելու գործընթացի դժվարացումը, որպեսզի անհատը շահագրգռված չլինի անազատության մեջ վայրի կենդանի պահել, եւ վերջիններս ապրեն բնական միջավայրում՝ ազատության մեջ։

 

Արմեն Վարդանյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]