Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրանի արձագանքները Ադրբեջանում շիա գործչի բանտարկմանը. շիիզմը Թեհրան- Բաքու հարաբերություններում

Իրանի արձագանքները Ադրբեջանում շիա գործչի բանտարկմանը. շիիզմը Թեհրան-
Բաքու հարաբերություններում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում փետրվարի 29-ին ձերբակալել են «Ադրբեջանի իսլամական կուսակցության» ղեկավարի պաշտոնակատար հաջի Իլհամ Ալիևին: Մարտի 2-ին արդեն Իրանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեղադրանքով նրան դատապարտել են 4 ամսվա ազատազրկման:

Իրադարձությունն ի սկզբանե լայնորեն լուսաբանվել է Իրանի մամուլում: Հատկանշական է, որ Ալիևի ձերբակալությանը Իրանի ԶԼՄ-ները, այդ թվում՝ պետական IRNA լրատվական գործակալությունը սկսել են անդրադառնալ մարտի 1-ից սկսած: Ադրբեջանական մամուլում, բացառությամբ միջադեպին փետրվարի 29-ին անդրադարձած մեկ իսլամական ուղղվածության կայքի, իրադարձությունը սկսել է լուսաբանվել միայն մարտի 2-ից և այն էլ՝ ընդդիմադիր լրատվամիջոցներում:

Իսլամական գործիչների և «իրանական հետքի» նկատմամբ խիստ զգայունությունը նոր երևույթ չէ Ադրբեջանում: Այդ երկրի անկախացումից ի վեր շիա հավատացյալները ենթարկվել են ճնշումների: Իր ձևավորման հենց սկզբից հետապնդումների է արժանացել նաև «Ադրբեջանի իսլամական կուսակցությունը»: 1995թ. կուսակացությունը զրկվել է պետական գրանցումից: 1996թ. հայրենիքին դավաճանելու և Իրանի օգտին լրտեսելու մեղադրանքով ձերբակալվել է կուսակցության առաջնորդ Ալիաքրամ Ալիևը: 2011-ին ձերբակալվել է նաև կուսակցության նոր առաջնորդ Մովսում Սամադովը, որը հաճախ էր քննադատում Բաքվի կրոնական քաղաքականությունը: Սամադովն ահաբեկչություն նախապատրաստելու և իշխանությունը զավթելու  մեղադրանքով դատապարտվել է 12 տարի ազատազրկման: Ադրբեջանում նմանատիպ ճակատագրի են արժանացել նաև իսլամական մեկ այլ կազմավորման՝ «Մուսուլմանական միասնություն» շարժման ղեկավարն ու անդամները: Ադրբեջանում նաև խիստ վերահսկողություն է սահմանված շիա հավատացյալների կենտրոն, «Իսլամական կուսակցության» և «Մուսուլմանական միասնության» «հայրենիք» Նարդարան ավանի նկատմամբ:

Ադրբեջանում շիա հավատացյալների նկատմամբ ճնշումները չեն վրիպել Իրանի ուշադրությունից: Իրանցի բարձրաստիճան հոգևորականները, քաղաքական գործիչները երբեմն շատ սուր քննադատության են արժանացրել Ադրբեջանի իշխանություններին՝ անգամ Թեհրանից պահանջելով վերանայել Բաքվի հետ հարաբերությունները: Ի. Ալիևի կալանավորումը առիթ հանդիսացավ, որպեսզի Իրանի մամուլը կրկին անդրադառնա այդ հարցին: Այս համատեքստում Իրանի ԶԼՄ-ները, մատնանշելով Բաքու-Թել Ավիվ հարաբերությունները, ընդգծել են, որ կալանավորումը կարող էր իրականացված լինել Իսրայելի ճնշմամբ:

Իրանական կողմի արձագանքը, սակայն, միայն մամուլի հրապարակումներով չի սահմանափակվել: Ալիևի կալանավորումը դատապարտող  հայտարարություններ են արել հոգևորականներ, հասարակական, մշակութային, քաղաքական գործիչներ:

Թավրիզի նորընտիր պատգամավոր Ռուհոլլահ Մոթաֆաքեր Ազադը, որն, ի դեպ, հայտնի է արցախյան հակամարտության հարցում ադրբեջանամետ դիրքորոշմամբ, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է. «Բաքվում Հաջի Իլհամ Ալիևի ձերբակալությունը ցույց տվեց, որ Իրանի իսլամական հանրապետությունը պետք է ինչ-որ կերպ փոխի հարևանների նկատմամբ իր արտաքին քաղաքականությունը: Մեր հարաբերությունները չպետք է բացասական հաշվեկշռի վրա ձևավորվեն, պետք է իսլամական գործիչների նկատմամբ ճնշումները նրանց վրա ծանր նստեն»:

«Անկախ ուսանողների իսլամական ասոցիացիաների միությունը» Բաքվին կոչ է արել վերջ դնել իսլամատյացությանը և վերադառնալ իսլամական ակունքներին: «Տարիներ է, ինչ Ադրբեջանի աշխարհիկ իշխանությունը Ալիևների գլխավորությամբ, Միացյալ Նահանգների և սիոնիստական ռեժիմի (խմբ.՝ Իսրայել) աջակցությամբ ճնշում է շիաներին: Չնայած նրան, որ Ադրբեջանի բնակչության 85 տոկոսը շիաներ են, այդ երկրի կառավարությունը, մզկիթները քանդելով, հեջաբն արգելելով, հոգևորականներին և հեղափոխական գործիչներին ձերբակալելով, արևմտյան հետախուզական ծառայությունների հետ համագործակցելով,  խստագույն հսկողություն է սահմանել այդ երկրում»,- նշվել է միության հայտարարությունում:

Թե՛ Իրանի մամուլի հրապարակումներում, և թե՛ Ալիևի կալանավորումը դատապարտող գործիչների հայտարարություններում շեշտադրվել է, որ կալանավորման պատճառ կարող էր լինել իսլամական գործչի արձագանքն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ուժերի նախկին հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը: 

Այստեղ հարկ է նշել, որ Ադրբեջանում Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը արձանգանքը միանշանակ չէր: Գեներալի սպանությունը դատապարտող հայտարարություններ են արել «Իսլամական կուսակցությունը», «Մուսուլմանական միասնություն» շարժումը և շիայական ուղղվածության այլ կառույցներ: Հաջի Իլհամ Ալիևը Սոլեյմանիի սպանությունը դատապարտել է նաև առանձին հայտարարություններով՝ գեներալին անվանել նահատակ՝ «շահիդ»: Սակայն ադրբեջանական հասարակության մի ստվար հատվածի մոտ նման արձագանքը զայրույթ էր առաջացրել: Շատերն հակադարձել են, որ Սոլեյմանիին շահիդ չի կարող համարվել ադրբեջանցու համար, քանի որ նա «Ղարաբաղի համար չի զոհվել»: Այդ օրերին որպես հակափաստարկներ շրջանառվել են նաև թեզեր առ այն, թե Սոլեյմանին Արցախյան պատերազմում հայերին է աջակցել: «Սա այն դեպքը չէ, երբ կարելի է խոսել «դիրքորոշման» կամ «սեփական կարծիքի» մասին: Խոսքն Ադրբեջանի նկատմամբ որպես պետություն վերաբերմունքի, մեր երկրի ինքնիշախանության և առանցքային սպառնալիքի մասին է: Բացի այդ, խոսքը նաև մեր երկրում իրանական հատուկ ծառայությունների գործունեության մասին է, որի մասշտաբն ու ծավալները բացահայտվեցին Սոլեյմանիի ավտոշարասյան վրա հարձակման արձագանքներով»,- գրել էր ադրբեջանական լրատվամիջոցներից Minval-ը:

Չնայած քննադատական գրոհին՝ Ադրբեջանից հավատացյալների խումբ մեկնեց Իրան՝ մասնակցելու Սոլեյմանիի քառասունքի արարողությանը: Ադրբեջանի մամուլն այդ օրերին նաև խանդով է մոտեցել այն փաստին, որ Ադրբեջանում Իրանի դեսպանատունը Սոլեյմանիի հիշատակին  նվիրված բանաստեղծությունների մրցույթ էր հայտարարել: Մամուլը գրել էր, որ դա ներիրանական արարողություն է և չպետք է կազմակերպվի Ադրբեջանում:

Հաշվի առնելով, որ Իլհամ Ալիևը, ի տարբերություն «Իսլամական կուսակցության» բանտարկված առաջնորդ Մովսում Սամադովի, ավելի պասիվ էր և ավելի քիչ էր աչքի ընկնում իշխանության հասցեին քննադատություններով՝ կարելի է համարել, որ Սոլեյմանիի սպանությունից հետո դրսևորած որոշակի ակտիվությունը և Իրանին հայտնած զորակցությունը իսկապես առիթ է հանդիսացել նրա ձերբակալության համար:

Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Թեհրան-Բաքու «բարեկամական» հայտարարվող հարաբերություններում կան խոցելի հարցեր: Շիայականության գործոնն այն լծակն է, որ Իրանն օգտագործում է Ադրբեջանում իր ազդեցությունը տարածելու համար, և, չնայած Բաքվի գործադրած ճնշումներին ու սահմանափակումներին, այդ երկրի շիա հավատացյալների հիմնական կառույցները շարունակում են անթաքույց համակրանք տածել Իրանի նկատմամբ:

Ժաննա Վարդանյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]