Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հունիս

Միլանից ժամանած անձանց մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ չեն արձանագրվել

Միլանից ժամանած անձանց մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ 
չեն արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 10-ին՝ տեղական ժամանակով 13:10-ին, Միլանից Երևան ժամանած ինքնաթիռով երկիր մուտք գործած 40 անձանցից որևէ մեկի մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ՝ ջերմություն, տենդ, հազ չի արձանագրվել: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից:

«Զվարթնոց» օդանավակայանում Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն իրականացնում է ուժեղացված վերահսկողական աշխատանքներ՝ ախտահանման, զննման՝ համաձայն միջազգային առողջապահական կանոնների։ Իտալիայից ու համաճարակային առումով ռիսկային մի շարք երկրներից ժամանողներն անցնում են ջերմաչափում, արտաքին զննում, նրանց համար լրացվում են հասցեական քարտեր, որոնք տրամադրվում են պոլիկլինիկաներին ՝ այս անձանց առողջական վիճակի հետագա վարումն իրականացնելու համար: Իտալիայից ժամանող անձինք օդանավակայանից դուրս են բերվել առանձին, նրանց ուղեբեռը եւս հանձնվել է առանձին՝ բացառելու այլ ուղեւորների հետ շփումները։ Հաջորդիվ ձեռնարկվել են ախտահանման միջոցառումներ՝ սահմանված կարգով։

Առողջապահության նախարարությունն իր հերթին այսօր տեղեկատվություն է տարածել՝ հորդորելով խուսափել ճանապարհորդելուց հետևյալ երկրներ` Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ճապոնիա, Չինաստան, Իրան, Հարավային Կորեա, իսկ այդ երկրներից վերադարձած քաղաքացիներին` 14 օր խուսափել շփումներից և ինքնամեկուսանալ։

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելություններից, իսկ Իտալիայում գտնվող քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ Հայաստան: «Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ Իտալիայի իշխանությունների կողմից հայտարարված միջոցառումները՝ ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայումս Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ ՀՀ։ ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք մշտական կապ պահպանել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ»,- ասված է հայտարարության մեջ։

Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպե Կոնտեն ստորագրել Է դեկրետ, որի համաձայն՝ սահմանափակվում Է բնակչության տեղաշարժումը երկրի ամբողջ տարածքում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու նպատակով: Դադարեցվում են մարզական բոլոր մրցումները, ներառյալ ֆուտբոլի ազգային առաջնությունը: Բացի դրանից, արգելվում են ցանկացած խմբային հանդիպումներ: Ինչպես ճշտվում Է, ընդունված կարանտինային միջոցները, որոնք ավելի վաղ վերաբերում Էին սոսկ Լոմբարդիայի հյուսիսային մարզին եւ Վենետոյի, Էմիլիա Ռոմանիայի, Պիեմոնտի եւ Մարկեի մարզերի մի շարք շրջանների, այսուհետեւ տարածվում են երկրի ամբողջ տարածքի վրա: Դա նշանակում Է բոլոր ժամանցային հիմնարկությունների, ներառյալ թանգարանների, թատրոնների եւ կինոթատրոնների փակում, ինչպես նաեւ առեւտրային կենտրոնների, ռեստորանների եւ հասարակական սննդի այլ կետերի աշխատանքի սահմանափակում, այդ թվում՝ հանգստյան եւ տոն օրերին: Մինչեւ ապրիլի 3-ը փակ կմնան բոլոր ուսումնական հաստատությունները:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ