Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Հունիս

Հուշ-ցերեկույթով և գրքի շնորհանդեսով նշվեց արձակագիր Սասունիկ Թորոսյանի 75- ամյակը

Հուշ-ցերեկույթով և գրքի շնորհանդեսով նշվեց արձակագիր Սասունիկ Թորոսյանի 75-
ամյակը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արձակագիր, հրապարակախոս Սասունիկ Թորոսյանի 75-ամյակի կապակցությամբ վերահրատարակվել է հեղինակի «Գիշերը» վիպակը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ Թորոսյանի հոբելյանին նվիրված միջոցառմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`հուշ-ցերեկույթը կայացավ մարտի 10-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում: Այն մեկնարկեց գրողի մասին պատմող տեսանյութի ցուցադրությամբ:

«Վիպակի առաջին հրատարակությունը ևս հետմահու էր: Դժվարանում եմ «Գիշերը» որևէ ժանրի դասել: Այն թե՛սոցիոլոգիական, թե՛ հոգեբանական, թե՛ փիլիսոփայական վեպ է, որն ընթերցողին փիլիսոփայելու հնարավորություն է ընձեռում: Ըստ իս` այս գրական ժառանգությունն ավելի զորեղ ներկայությունն է Թորոսյանի, քան նրա ֆիզիկական չգոյությունը»,-շեշտեց Սասունիկ Թորոսյանի անդրանիկ թոռը` Արամ Թորոսյանն ու հավելեց, որ հետագայում վերահրատարակելու են Թորոսյանի այլ անտիպ գործեր:

Նա ասաց, որ Թորոսյանի գրական ժառանգությունը հայ ընթերցողին դեռևս այնքան էլ հայտնի չէ,  քանի որ հենց Թորոսյանը չէր ցանկանում հանրահռչակել իր գիրը: «Նրա անզուգական հայերենը պետք է շատերին հասու լինի: Ինչպես նրա երջանկահիշատակ ընկեր Վրեժ Իսրայելյանն էր ասում, նա այդպիսին էր. նրա անունը Սասունիկ էր»,-հիշեց Արամն ու ընդգծեց, որ իր պապն ազնիվ էր, համեստ էր, պարզ ու բարի:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը Սասունիկ Թորոսյանին շատ բարձր  մարդ, մտավորական, գրող է համարում: «Ինչպես ասում են հայ քրիստոնյա,  Սասունիկի դեպքում պետք է ասել բարձր հայ մտավորական: Նկատի ունեմ մեր մշակույթի ամբողջ ներկայությունը նրա գրականությունում, հայրենիի հանդեպ նրա ակնածալից վերաբերմունքը և դրա վարպետորեն վերամարմնավորումը: Ըստ իս` գրողական հարթությունում նա իրեն ետ պահեց առաջին գծերից, որ ավելի նուրբ ու խոր տեսնի, որ նրան ո՛չ գովեստի խոսքեր ասողները խանգարեն, ո՛չ պարսավողները: Համոզված եմ` նրա գրականության գնահատումը դեռ առջևում է»,-նշեց բանաստեղծը:

Մովսեսի հավաստիացմամբ` Սասունիկ Թորոսյանը կատարյալ ազնիվ մարդ էր ոչ միայն  բարոյական, այլև էթնիկ տեսակետից: «Նա տոհմիկ մարդ էր: Դա շատ բաներում էր արտահայտվում: Ինձ համար ամենազարմանալին և ուրախալին այն էր, որ արտահայտվում էր նրա սասունցի լինելու մեջ: Դա երևում էր ոչ միայն որպես պաճուճանք, ձև, խրոխտ կեցվածք, այլև իբրև 2000-ամյա հեռուներից եկող հայ մարդ»,-ասաց Հակոբ Մովսեսը:

«Աշխարհում ոչ մի բան այնպես իր տեղում չէ, ինչպես ցորենի հատիկն իր շեղջում»,-ասել է Սասունիկ Թորոսյանը:

Միջոցառման կազմակերպմանն աջակցել են Հայաստանի գրողների միությունը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, «Արմավ» հրատարակչությունը, «Ֆորմիկա-Արտ» ՍՊԸ-ն:

Սասունիկ Թորոսյանը ծնվել է 1945 թվականի մարտի 5-ին, Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում։ Հայրը՝ Աղասի Թորոսյանը, Հայրենական պատերազմի մասնակից էր, մայրը՝ Սանամը, աշխատասեր, ազնիվ ու աստվածապաշտ կին։
Սասունիկ անունը Թորոսյանին տվել էր տատը, այսինքն՝ կորած էրգրի, Սասուն աշխարհի մի փոքրիկ մասնիկ։ Հաճախել է ծննդավայրի յոթնամյա դպրոցը, ապա հարևան Ներքին Սասնաշեն գյուղի միջնակարգ դպրոցը։ 1962 թվականին ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ։ Առաջին անգամ տպագրվում է ուսանողական տարիներին՝ 1965 թվականին «Ավանգարդ» թերթում։ Երիտասարդ տարիքից շատ էր սիրում Հեմինգուեյի, Ֆոլկների գործերը, ինչպես նաև Դոստոևսկի, Տոլստոյ։ Համալսարանական տարիներին առանձնահատուկ ուշադրություն էր դարձնում արևմտահայ և սփյուռքահայ գրողների ստեղծագործություններն ընթերցելուն։ 1968 թվականին ավարտում է համալսարանը։ 1969 թվականին աշխատանքի է ընդունվում Հայաստանի պետական ռադիոյի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում։ Ռադիոյում աշխատանքի տարիներին գրվում են «Անձրևը», «Հովիվը», «Ձմեռանոցում», «Խնձորեսկ», «Հազրիկը», «Խաղողի պես քաղցր», «Արևի փառքը» և շատ ուրիշ ակնարկներ ու ռադիոպատմվածքներ։ Սասունիկ Թորոսյանը 1971 թվականին աշխատանքի է անցնում «Ավանգարդ» թերթի խմբագրությունում: Այդ տարիներին ստեղծվեցին «Կանաչ մարգեր», «Օրն էլ կիրակի էր ու արևոտ», «Փոքրիկ տղան», «105 տարիների ձայնը», «Աստղաթափ գիշեր», «Գյուղը և օրը», «Ճամփեզրի ծաղիկներ», «Ձյուների լույսը», «Տիգրանուհին», «Բացակա կաթիլը» և այլ ստեղծագործություններ։ 1973 թվականին տպագրվեց լայն արձագանք գտած «Տաք տայգա» վիպակը։ Բազմաթիվ պատմվածքներ տպագրվեցին «Գարուն», «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրերում։ 1980 թվականին ճանաչվեց տարվա լավագույն լրագրող։ 1981 թվականին «Գարուն» ամսագրում տպագրվեց «Գեներալը և զինվորներից միայն մեկը» պատմվածքը։ Գրողը, հրապարակախոսը 1982 թվականին աշխատանքի է անցել «Մանկավարժ» ամսագրում՝ որպես գլխավոր խմբագրի տեղակալ, այնուհետև՝ գլխավոր խմբագիր։ 1983 թվականին տպագրվել է «Ափնարոտիկ» ակնարկը, որը հետագայում լույս է տեսել առանձին մատենաշարով։ 1990-1992 թվականներին աշխատում էր նաև «Սասուն» հայրենակցական միության տասնօրյա հանդեսում՝ «Երկիր ավետյաց»-ում: 1991 թվականին աշխատանքի է անցել «Նաիրի» հրատարակչությունում՝ որպես գլխավոր խմբագիր։ 1995-1996 թվականներին «Ար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրն էր։ Այստեղ ևս տպագրվեցին բազմաթիվ հոդվածներ՝ առաջնորդողներ, ինչպես նաև «Մենք՝ հայերս, և Աքչամի պապն ու մնացյալ թուրքերը»։ 2002-2003 թվականներին աշխատել է «Օրրան» օրաթերթում որպես գլխավոր խմբագրի տեղակալ։ Այդ տարիներին ժամանակի հրատապ հարցերը լուսաբանող շատ հոդվածներ և հրապարակախոսություններ տպագրվեցին։ Սասունիկը սիրով հոդվածներ էր տրամադրում նաև «Զինվոր» շաբաթաթերթին։ 2004 թվականին լույս տեսավ «Ափնարոտիկ» ժողովածուն։ Մինչև 2006 թվականի փետրվարի 21-ը աշխատում էր «Նաիրի» հրատարակչությունում։ Սասունիկ Թորոսյանը կյանքից հեռացավ 2006 թվականի փետրվարի 24-ին՝ 60 տարեկանում։ 2007 թվականին տպագրվեցին «Գիշերը» վիպակը և «Արևոտ ձյուներ» ժողովածուն։ Սասունիկ Թորոսյանը ՀՀ գրողների միության անդամ էր։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ