Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մոսկվայի պայմանավորվածությունները կասեցնում են սիրիական հիմնախնդրի կարգավորման գործընթացը

Մոսկվայի պայմանավորվածությունները կասեցնում են սիրիական հիմնախնդրի 
կարգավորման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հյուսիսում և հատկապես Իդլիբի նահանգում վերջին 2 ամսվա ընթացքում լարված իրավիճակի հանգուցալուծման նպատակով մարտի 5-ին Մոսկվայում տեղի ունեցան ռուս-թուրքական բարձր մակարդակի բավականին բարդ բանակցություններ՝  ընդհանուր շուրջ 6 ժամ տևողությամբ: Հանդիպման արդյունքում ստորագրված արձանագրության համաձայն՝ հրադադարին առնչվող հիմնական կետերը ենթադրում են՝

  1. Մարտի 6-ի կեսգիշերից սկսած Իդլիբի ապառազմականացված գոտու շփման գծի ամբողջ երկայնքով դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները։
  2. Ձևավորել անվտանգության միջանցք Մ4 մայրուղուց 6 կմ խորությամբ դեպի հյուսիս և նույնքան էլ դեպի հարավ տարածքներում: Միջանցքի ստեղծման վերջնական սկզբունքները և ընթացակարգը ՌԴ և ԹՀ պաշտպանության նախարարությունները պետք է հստակեցնեն 7 օրվա ընթացքում։
  3. Ս.թ. մարտի 15-ից Ռուսաստանը և Թուրքիան Մ4 մայրուղու Թուրումբա-Այն ալ-Հավր հատվածում կիրականացնեն համատեղ պարեկություն։

Մոսկվայի հանդիպման արդյունքում, ըստ էության, կրկին առժամանակ ընդհատվեց սիրիական հիմնախնդրի վերջին ռազմական թնջուկի՝ Իդլիբի ճակատագրի հանգուցալուծման գործընթացը, որից հետո միայն հնարավոր կլինի անցում կատարել խաղաղ կարգավորման շրջափուլ: 2020թ.սկզբից սիրիական կառավարական ուժերը և նրանց դաշնակիցները կրկին ակտիվացրել էին 2017թ. մայիսին սիրիական հակամարտության կարգավորմանը միտված «Աստանայի ձևաչափով» նախատեսված 4 լարվածությունից զերծ գոտիներից վերջինի՝ Իդլիբ նահանգի և հարակից որոշ շրջանների վերջնական ազատագրման ռազմագործողությունը: Այս գործողությունը կասեցվել էր դեռևս 2018թ. սեպտեմբերի 17-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպմանն ստորագրված հուշագրի արդյունքում հաստատված հրադադարի ռեժիմով: Ըստ դրանց՝ Թուրքիան պարտավորվում էր զատել շրջանում գործող ահաբեկչական և չափավոր ընդդիմադիր խմբավորումներին, իսկ ռուս և թուրք զինվորականները համատեղ դիտարկելու էին ապառազմականացված գոտում հաստատված հրադադարի ռեժիմը: Մինչդեռ անցած շուրջ 1,5 տարվա ընթացքում Անկարան այդպես էլ չկարողացավ իրականացնել ստանձնած պարտավորությունները, և սիրիական կառավարական ուժերn ու դաշնակիցները վերսկսել էին Իդլիբի ազատագրման գործողությունը՝ ազատագրելով նահանգի տարածքի մոտ կեսը, հարակից որոշ շրջաններ և վերահսկողություն հաստատելով ռազմավարական կարևորության M4 և M5 ավտոմայրուղիների վրա: Իրավիճակը սրվել էր հատկապես փետրվար ամսվա ընթացքում և մարտի առաջին օրերին, երբ արձանագրվել էին թուրք-սիրիական անմիջական բախումներ, երկկողմ զոհեր(թուրքական կողմից շուրջ 6 տասնյակ զինծառայող, սիրիական կողմից անհամեմատ ավելի շատ),  հսկայական նյութական վնասներ: Արդյունքում Թուրքիան վերջնագիր ներկայացրեց սիրիական իշխանություններին՝ մինչև փետրվարի վերջ հետ քաշել զինված ուժերը Սոչիի հուշագրով նախատեսված սահմանները, որից հետո նախաձեռնեց արդեն չորրորդ ռազմագործողությունը Սիրիայում՝ «Գարնանային վահան» կոդային անվանումով:

Վերոնշյալ զարգացումների հետևանքով արձանագրվեց սիրիական հակամարտության ողջ ընթացքում թուրք-սիրիական երկկողմ հարաբերություններում աննախադեպ լարվածություն, որն ուղղակիորեն անդրադաձավ նաև Թուրքիա-Ռուսաստան, Թուրքիա-Իրան հարաբերությունների վրա՝ հանգեցնելով խորքային հակասությունների և դրանց դրսևորումների հատկապես քաղաքական և հռետորաբանական հարթություններում:

Թուրքիա-Ռուսաստան լարվածության ողջ ընթացքում, եթե Մոսկվան փորձում էր հնարավորինս չեզոքություն պահպանել՝ բացահայտ կերպով չմիջամտելով բարեկամ երկրների առճակատմանը, ապա Անկարայի գործողություններն անթաքույց կերպով ոչ բարեկամական էին: Թուրքական կողմը, ըստ էության, լարվածության կարճ ժամանակահատվածում Ռուսաստանի դեմ կիրառեց իր գործիքակազմի բոլոր հնարավոր միջոցները՝ փախստականների խնդրի շահարկմամբ ԵՄ-ին, նաև ՆԱՏՕ-ին, ԱՄՆ-ին ներգրավելու փորձեր, այլ ուղղություններում(օր. արցախյան հիմնախնդիր,) իր հնարավորություններն ի ցույց դնելու ակնարկ, բազմաշերտ սուր հռետորաբանություն և այլն:

Ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած լարվածության շատ ակներև ցուցիչներ էին նաև Թուրքիայի նախագահի գլխավորած բազմամարդ պատվիրակության այցը Մոսկվա, բուն բանակցություններից առաջ՝ հրապարակային զրույցի ընթացքում, երկու ղեկավարների մտահոգ տեսքն ու փոխադարձ աչքերի մեջ նայելուց խուսափելու հանգամանքը, բանակցությունների ձևաչափը՝ նախ երկկողմ, ապա՝ անհրաժեշտության դեպքում միայն ամբողջական պատվիրակությունների ներգրավմամբ։

Ինչ վերաբերում է կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին, ապա դրանց առանցքային կետը, թերևս հերթական հրադադարի անմիջապես հաստատումն է հակամարտ ուժերի զբաղեցրած դիրքերում. ասել է, թե՝ վերադարձ նախկին դիրքերին, ինչպես պահանջում էր Անկարան, չի լինելու։ Ստորագրված արձանագրությունն իրավական առումով ընդամենը հավելում է դեռևս 2018թ. սեպտեմբերի 17-ին Սոչիում կողմերի միջև ստորագրված հուշագրի, ինչը նշանակում է, որ Իդլիբի հիմնախնդրի կարգավորման գործընթացում բովանդակային փոփոխություն չի նախատեսվում։ Բացի այդ, պայմանավորվածություններում ամրագրվել է ահաբեկչության բոլոր դրսևորումների և ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից ահաբեկչական ճանաչված բոլոր խմբավորումների դեմ պայքարելու իրավասությունը, ինչպես նաև թուրքական կողմի ինքնապաշտպանության իրավունքը: Սա ենթադրում է, որ պահպանվում են այն իրավական հիմնավորումները, որոնցով կողմերը ռազմական գործողություններ էին վարում նախկինում: Ասել է, թե պայմանավորավածությունը ժամանակավոր է, չի ապահովում կայունության մեխանիզմներ, հետևաբար ցանկացած պահի կարող է խախտվել:

Ուշագրավ է Մոսկվայի հանդիպման արդյունքների՝ ձևի և բովանդակության մեջ համեմատությունը: Ձևական առումով որքան էլ թուրքական կողմը զիջեց՝ Ռուսաստանի մերժումից հետո հրադադարի խնդրանքով նման բարձրաստիճան պատվիրակությամբ աճապարելով Մոսկվա, այդուհանդերձ, բովանդակային առումով շահեց՝ հասնելով Իդլիբի ազատագրման ռազմագործողության կասեցմանը և սեփական դիրքերի պահպանմանը։ Բովանդակային առումով Ռուսաստանի ստացած առավելությունները(եթե դրանք կան), դեռևս չեն երևում։

Ամփոփելով կարելի է նշել, որ Մոսկվայի պայմանավորվածությունները ժամանակավոր բնույթ են կրելու, քանի որ չեն պարունակում Իդլիբի հիմնախնդրի հստակ լուծում։ Կողմերի պարտավորությունները գրեթե նույնն են, նոր հավելումները նախկինների տրամաբանության մեջ են։ Սիրիական հիմնախնդրի վերջին ռազմական թնջուկը շարունակում է չկարգավորված մնալ՝ դրանով իսկ խոչընդոտելով հակամարտության հանգուցալուծման գործընթացին։

Ինչ վերաբերում է ռուս-թուրքական հարաբերություններին, ապա վերջին լարվածությունը, անշուշտ, լուրջ փորձություն էր դրանց համար, և կանխատեսելի է, որ իր սթափեցնող ազդեցությունն է ունենալու երկու երկրների միջև հետագա փոխգործակցության զարգացման վրա։

Արմեն Պետրոսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]