Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ֆրանսիացի քաղաքագետի կանխատեսումն ու ադրբեջանական դիվերսիան

Ֆրանսիացի քաղաքագետի կանխատեսումն ու ադրբեջանական դիվերսիան

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 2-ին ռուսական «Ռեալիստ» լրատվական գործակալության կայքէջում տպագրված «Էրդողանն Ալիևին դրդում է Արցախի վրա հարձակման. Ֆրանսիացի քաղաքագետ» հոդվածը կարծես թե իրականություն է դառնում: Ֆրանսիացի քաղաքագետ Մարսել Պիերն իր հոդվածում գրում է, որ Սիրիայում Թուրքիայի գործողություններին զուգահեռ Էրդողանը փորձում է կազմաքանդել իրավիճակը Հարավային Կովկասում՝ Ադրբեջանին հրահրելով վերսկսել ռազմական գործողություններն Արցախում, ինչն էլ իր հերթին նրան հնարավորություն կտա բանակցային սեղանի շուրջ նստել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԵԱՀԿ անդամ պետությունների հետ:

Այսօր առավոտյան՝ ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողների ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձը ևս մեկ անգամ հաստատում է հոդվածում վերհանված մտքերի ճշմարտացիությունն այն մասին, որ Բաքուն սպասարկում է Անկարայի՝ Հարավային Կովկասում իրավիճակն ապակայունացնելու քաղաքականությանը:

Թեև Ադրբեջանի այդ փորձն ամբողջությամբ տապալվեց հայ դիրքապահների գրագետ գործողությունների շնորհիվ, և հակառակորդը, կորուստներ կրելով, հետ շպրտվեց ելման դիրք, բայց վերլուծությունները ցույց են տալիս, որ հակառակորդի այդ ռազմական «զբոսանքին» նախորդել էր ակտիվ ինֆորմացիոն արտահոսքը. օրեր շարունակ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ էին շրջանառում ադրբեջանական դիրքերի գնդակոծության մասին: Իրենց ագրեսիվ գործողությունները քողարկելու նպատակով այսօր էլ ադրբեջանական լրատվամիջոցները շարունակեցին կեղծ տեղեկատվություն տարածել, թե իբրև հայկական կողմն է խախտել հրադադարի ռեժիմը:

Պետք չէ անտեսել նաև այն հանգամանքը, որ օրեր առաջ Էրդողանն այցելել էր Ադրբեջան, և, ինչպես հաղորդում են որոշ աղբյուրներ, երկու եղբայրական տերությունների ղեկավարների միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել տարածաշրջանում իրավիճակն արհեստականորեն լարելու մասին՝ ի օգուտ Թուրքիայի:

Վերոնշյալը հստակորեն ապացուցում է, որ դիվերսիոն գործողությունը կոնկրետ քաղաքական հետաքրքրությունների շրջանակում պլանավորված քայլ էր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]