Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վարսերում իրականացվում է գյուղատնտեսական ներդրումային խոշոր ծրագիր

Վարսերում իրականացվում է գյուղատնտեսական ներդրումային խոշոր ծրագիր

ԳԱՎԱՌ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղում 2019 թվականի հուլիս ամսից նույն գյուղի բնակիչ Անդրանիկ Նավասարդյանի նախաձեռնությամբ ու միջոցներով մեկնարկել է գյուղատնտեսական ներդրումային խոշոր ծրագիրը, որի իրականացումն ընթանալու է մի քանի փուլերով եւ ավարտվելու է առաջիկա յոթ տարում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Անդրանիկ Նավասարդյանը, ծրագիրն իր մեջ ներառում է տոհմային ոչխարաբուծության, տավարաբուծության, թռչնաբուծության ճյուղերի զարգացում, էկոլոգիապես մաքուր մսի եւ ձվի արտադրության հիմնում, իսկ եզրափակիչ փուլում՝ «Նավասարդ» ագրոէկո թաղամասի կառուցում, որը կնպաստի ագրոտուրիզմի արմատավորմանն ու զարգացմանը:
Այս պահի դրությամբ Անդրանիկ Նավասարդյանի տոհմաբուծական տնտեսությունում խնամվում է 205 գլուխ գերմանական «դոռպեռ» տեսակի ոչխար: Ներկրումը տեղի է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից, անցած տարվա դեկտեմբերի կեսերին: Անցած երկուսուկես ամիսների ընթացքում անասունների անկման դեպք չի արձանագրվել, փոխարենը հոտն ավելացել է հինգ գլուխ նորածին գառներով: Տոհմային ոչխարի հոտն այժմ մսուրային շրջանն անցկացնում է նորակառույց ու ժամանակակից ոչխարանոցում, որի շինարարությունը սկսվել է նախորդ տարվա հուլիսին եւ ավարտվել դեկտեմբերին: Գոմում գործում է օդափոխության համակարգը: Ավարտին է մոտենում թռչնաբուծական ֆերմայի կառուցումը: «Իմ նպատակը տոհմաբուծական այնպիսի տնտեսություն ստեղծելն է, որը միաժամանակ կօգնի մարզի գյուղացիական մանր տնտեսություններին՝ իրենց անասնագլխաքանակը համալրելու եւ թարմացնելու ավելի եկամտաբեր ու արդյունավետ տոհմային ցեղատեսակներով: «Գոռպեռ» ցեղատեսակի ոչխարը հիմնականում մսատու է՝ զերծ ենթամաշկային ճարպաշերտից: Արուն կշռում է մինչեւ 140, էգը՝ 60-80 կիլոգրամ: 100 մայր ոչխարից ստացվում է 160-170 գառ: Ներկայիս հոտում ծնի շրջանը կավարտվի հուլիս ամսին: Իսկ մինչ այդ ներկրելու ենք հերթական գլխաքանակը: Նորակառույց ոչխարանոցը, 3240 քառակուսի մետր մակերեսով, մեզ հնարավորություն է տալու՝ խնամել մինչեւ 2000 գլուխ տոհմային ոչխար: Ընդ որում, շուտով ներկրելու ենք նաեւ տոհմային կաթնատու ցեղի ոչխարներ՝ մինչեւ 500 գլխով: Մենք առաջիկա երեք տարիների ընթացքում կապահովենք 2000 գլուխ տոհմային մայր ոչխարների քանակություն, որից 1000-ը կլինեն մսատու, 1000-ը՝ կաթնատու տեսակները: Թռչնաբուծարանում, որը կշահագործվի առաջիկա մեկ-երկու ամսում , ներկրելու եւ տեղայնացնելու ենք ձվատու հավեր՝ շուրջ 4500 թեւով: Բադերի տեսակներ բուծելու ծրագիր եւս ունենք: Առանձակի ակնկալիքներ ունենք հիմնադրվող տոհմային տավարաբուծական ֆերմայից, որտեղ նախատեսում ենք խնամել մինչեւ 500 գլուխ տավարի մսատու եւ կաթնատու ցեղատեսակներ, որոնք ներկրելու ենք Դանիայից եւ Գերմանիայից: Այդ նպատակով նախապատրաստում ենք նաեւ ժամանակակից անասնագոմի համապատասխան տարածք»,-ասաց Անդրանիկ Նավասարդյանը:
Նման մեծածավալ ծրագրի իրականացման համար հարկավոր է ունենալ բարձրորակ անասնակերի համապատասխան բազա, որը կապահովի անասնագլխաքանակին սահմանված չափաբաժինների կերամիավորներով, պրոտեինով, մակրո եւ միկրո էլեմենտներով: Այս գործընթացն իր հերթին ենթադրում է վարելահողերի մշակություն եւ արոտների ռացիոնալ օգտագործում: Տնտեսությունն արդեն սեփականության իրավունքով գյուղացիական տնտեսություններից գնել է շուրջ 70 հեկտար վարելահող, որն ամբողջությամբ կմշակվի մոտեցող գարնանը: «Մտադիր ենք մեր սեփական վարելահողերը հասցնել մինչեւ 150 հեկտարի, որի վրա էլ պիտի կազմակերպենք բարձրորակ անասնակերի արտադրությունը: Կմշակենք առվույտ, կորնգան, ցորեն, գարի, այլ մշակաբույսեր, կկազմակերպենք սիլոսի եւ սենաժի արտադրություն: Թռչնաբուծարանի շենքի մի հատվածում ունենալու ենք խտացված կերի արտադրության կետ: Վարսերն ունի շուրջ 1500 հեկտար վարելահող, որը զբաղեցնում են 416 գյուղացիական տնտեսություններ: Սակայն, ցավոք, իմ դիտարկումներով, այդ 1500 հեկտարից հազիվ մոտ 100 հեկտարն է մշակվում, թեեւ վիճակագրական տվյալներով այն ներկայացված է 200 հեկտարի չափով՝ ներառյալ տնամերձերը: Անարդյունավետ են օգտագործվում նաեւ 1500 հեկտար արոտները: Հասունացել է պահը, որ վերջ տրվի այս տխուր իրավիճակին, եւ հողը ժամանակին գտնի իր արժանի տիրոջը, որպեսզի այն չշարունակի դեգրադացվելով ամայանալ: Դրա համար հայրենի կառավարությունը պետք է արագացնի հողային նոր ռեֆորմի իրականացումը, որպեսզի իրավիճակից չշարունակեն օգտվել շատ պաշտոնյաներ կամ մեր գյուղատնտեսության զարգացմանն ուղղակիորեն խոչընդոտող մարդիկ: Անվիճելի է, որ սեփականության իրավունքով մարդիկ տիրապետում են հողին, բայց տասնամյակներ շարունակ նրանք իրենց հողի տեղն անգամ չեն ճանաչել: Ճիշտ է, կառավարության կողմից իրականացվող ոչխարաբուծության զարգացման ծրագրի կողմից մենք ստացել ենք սուբսիդավորում, մարզպետարանը մեզ աջակցում է հողատարածքներ ձեռք բերելու խնդիրներում եւ անհրաժեշտ խորհրդատվությամբ, սակայն տեղում մենք հանդիպում ենք որոշակի դժվարությունների: Իսկ հողային նոր ռեֆորմի ընդունման դեպքում, կարծում եմ, ամեն ինչ կընթանա ավելի հարթ ու անխաթար հունով: Բնական է, որ մեր տնտեսությունը կունենա ժամանակակից գյուղմեքենաների պարկ, վարելահողերը ոռոգելի դարձնելու ծրագիր, կապահովի հարյուրավոր մշտական աշխատատեղեր: Իսկ մեր ծրագրի վերջնանպատակը կլինի ագրոէկո տուրիստական բնակավայրի կառուցումը, որը կունենա մեկ գլխավոր կենտրոն ու 18 առանձին հյուրատներ, արհեստագործական մշակույթի կենտրոն, ակտիվ եւ պասիվ հանգստյան գոտիներ, ժամանցի վայրեր: Միաժամանակ մեր տնտեսությունը կդառնա գյուղացիական մանր տնտեսությունների համար մայր տնտեսություն՝ նրանց մատակարարելով նոր մաքրացեղ տեսակներ, անասնաբուծական եւ անասնաբուժական ծառայություններ, խտացրած անասնակերեր , նաեւ՝ անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելով, արտադրված մթերքի իրացման համար լիարժեք հնարավորություններ ստեղծելով»,-վստահեցրեց ներդրողը:
Նա նշեց նաեւ այն հստակ ժամկետները, որոնք բավարար կլինեն՝ ներդրումային ծրագիրն ամբողջությամբ իրականացնելու համար: «Յոթ տարվա ծրագիր է սա, որի շուրջ 20 տոկոսն արդեն համարում եմ իրականացված: Այս մասին երազել եմ դեռ դպրոցական ու ուսանողական տարիներից: Գյուղատնտեսության հանդեպ սերն իմ մեջ ներարկել է հայրս՝ Սաշիկ Նավասարդյանը, ով ժամանակին աշխատել է Վարսերի պետական տնտեսությունում եւ այժմ էլ ինձ նեցուկ է լինում գրեթե բոլոր ձեռնարկներում: Երկար տարիներ Ռուսաստանի Դաշնությունում զբաղվել եմ ձեռնարկատիրությամբ, իսկ 2018 թվականի հեղափոխությունից հետո որոշեցի տարիների ընթացքում ստեղծած կարողությունս ներդնել իմ հայրենի գյուղի ու մեր մարզի գյուղատնտեսության արդիականացման ու զարգացման գործում: Առայժմ ամեն ինչ ընթանում է բարեհաջող, առաջացած խոչընդոտներն էլ կարողանում ենք հաղթահարել: Անելիքները հսկայական են, սակայն մենք համառորեն առաջ ենք տանում գործը: Ներդրումային գումարի չափերի մասին չեմ խոսում, քանի որ դրանից ավելի կարեւորում եմ մեր հայրենիքի տնտեսության զարգացման հանդեպ ստանձնած պատասխանատվությունը, որի հանդեպ լցված եմ մեծ հավատով ու վստահությամբ»,-զրույցը եզրափակեց Անդրանիկ Նավասարդյանը:
Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի վարիչ Մարտին Պետրոսյանի հավաստմամբ՝ ոչխարաբուծական տոհմային տնտեսություններ Գեղարքունիքի մարզում նախորդ տարվա ընթացքում ստեղծվել եւ գործում է նաեւ Լանջաղբյուր համայնքում: «Անդրանիկ Նավասարդյանի ներկայացրած ծրագիրը բավականին հավակնոտ ու հաջող մեկնարկ վերցրած ծրագիր է: Նման ծրագրեր կան ու ընթացքի մեջ են նաեւ Լանջաղբյուր համայնքում, իսկ Աստղաձորում այն մեկնարկային նախնական փուլում է ինչից էլ կարելի է եզրակացնել, որ մեզանում գյուղատնտեսության արդիականացման քայլերը արդեն տեսանելիորեն առաջ են ընթանում: Անդրանիկ Նավասարդյանը նաեւ ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ինտենսիվ այգու հիմնման ծրագիր ունի: Գեղարքունիքի մարզպետարանը աջակցում ու նեցուկ է կանգնում նման ծրագրերին, որոնք իրականացվում են «Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության եւ այծաբուծության զարգացմանը պետական աջակցություն» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է՝ պետական աջակցության մեխանիզմների, մասնավորապես, մատչելի վարկավորման պայմանների կիրառման եւ ծախսերի փոխհատուցման միջոցով ոչխարաբուծության եւ այծաբուծության ճյուղերի զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը բարձրարժեք տոհմային անասունների ձեռք բերման եւ մթերատու հոտերի ձեւավորման խրախուսումը, բուծվող ցեղերի կատարելագործումը, տոհմային գործի զարգացումը, արտադրատնտեսական արժեքավոր հատկանիշներով օժտված մաքրացեղ եւ տրամախաչումների միջոցով ստացված խառնացեղ կենդանիների գլխաքանակի ավելացումը, ինչպես նաեւ ոչխարաբուծական եւ այծաբուծական արտադրանքի արտադրության եւ արտահանման ծավալների ավելացումը»,-նշեց Մարտին Պետրոսյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]