Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կարճաժամկետ լուծում. փորձագետը Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքների մասին

Կարճաժամկետ լուծում. փորձագետը Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքների 
մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների մարտի 5-ին Սիրիայի հարցով կայացած հանդիպման արդյունքում ձեռք բերվեցին պայմանավորվածություններ, ըստ որոնց շահեկան դուրս եկան անմիջական ներգրավված երեք կողմերը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը: Մասնավորապես, եթե Թուրքիան Իդլիբի հատվածում ուներ դիտակետեր, ապա հիմա ավելացրեց զինուժ և իրականացնում է որոշակի պարեկային ծառայություն ռուս գործընկերների հետ: Ռուսները կարողացան ևս մեկ հատվածում ապահովել իրենց ակտիվ ներկայությունը՝ օգնելով ցամաքում իրենց գործընկերներին:

«Ինչ վերաբերում է Սիրիային, ապա կառավարական ուժերը հասան նրան, որ կարողացան դուրս գալ շատ կարևոր նշանակության մայրուղիներ՝ M5 և M4: Ինչպես տեսանք, M5 մայրուղին այս ընթացքում ազատագրվեց, իսկ M4-ը վերահսկվելու է նաև Ռուսաստանի կողմից: Դրանք կարևոր հանգույցներ են, որոնք կապում են Հալեպը Լաթաքիա, Դամասկոս ուղղությունների հետ»,-ասաց արաբագետը: Սիրիայի դեպքում նաև լավ հնարավորություն է Հալեպը ոտքի կանգնեցնելու: Այս ընթացքում կառավարական ուժերն այն ազատագրեցին զինված խմբավորումներից, Հալեպը դարձավ անվտանգ, գործարկվեց օդանավակայանը, որը խոցելի էր, զինյալները ետ շպրտվեցին: 

 Ինչ վերաբերում է Իդլիբում լարվածության թուլացմանը, ապա Սարգիս Գրիգորյանը նկատեց, որ մի քանի օր առաջ Թուրքիան արդեն հայտարարել էր, որ դադարեցնում է ակտիվ գործողությունները, դա ուղերձ էր, որ պատրաստվում են ՌԴ նախագահի հետ հանդիպմանը: Ըստ արաբագետի, կարելի է ասել, որ լարվածությունը միայն որոշ չափով է թուլանալու, որովհետև դեռ խորքային լուծումներ չկան:

«ՌԴ և Թուրքիայի նախագահների ձեռք բերած համաձայնությունները կարճաժամկետ լուծումներ են: Երկարաժամկետն այն կլիներ, եթե որոշվեր Իդլիբի շրջանի ու շրջկենտրոնի ճակատագիրը, ինչը, կարծում եմ, կողմերը թողել են հետագայի համար: Այս ուղղությամբ անելիքներ կան»,-նշեց Սարգիս Գրիգորյանը՝ չբացառելով, որ Իդլիբի զգալի մասը վերահսկող ուժերն ամեն դեպքում ժամանակ առ ժամանակ փորձելու են լարված պահել իրավիճակը:

Իդլիբում իրավիճակի սրացմամբ պայմանավորված՝ Թուրքիան  որպես ճնշող գործիք կիրառում էր փախստականների հարցը: Սարգիս Գրիգորյանը նկատեց, որ այս ուղղությամբ քաղաքականությունը Թուրքիան կշարունակի մի քանի նպատակով: Ներկա փուլում դա օգտագործեց որպես գործիք Եվրոպայի նկատմամբ ճնշում գործադրելու, սակայն հետագայում կարող է կիրառել Սիրիայի առանձին հատվածում դեմոգրաֆիական պատկեր փոխելու համար:

Իդլիբի հետ կապված իրավիճակը սրվեց հունվարի վերջին, երբ, ի պատասխան զինյալների կողմից հրադադարի խախտման, Սիրիայի զինված ուժերը ստիպված հակահարված տվեցին և ազատագրեցին Հալեպի շրջանի ու Իդլիբի զգալի հատվածը: Մոսկվան իր աջակցությունը հայտնեց այս գործողություններին, իսկ Անկարան դա գնահատեց որպես ձեռք բերված պայմանավորվածությունների խախտում: Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ պատրաստվում է վճռական քայլեր ձեռնարկել Իդլիբում: Թուրքիան Իդլիբում սկսել էր «Գարնանային վահան» ռազմական գործողությունը, ինչի հետևանքով իրավիճակն ավելի էր սրվել: Մարտի 5-ին կայացավ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը, որի արդյունքում ձեռք բերվեցին հրադադարի ռեժիմի, M5, M4 մայրուղիների վերահսկման, բուֆերային գոտու և մի շարք այլ հարցերի հետ կապված պայմանավորվածություններ:

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]