1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Երևանյան բեսթսելեր». Ռոբին Շարմայի գիրքը կրկին առաջին տեղում է. Փաստավավերագրական, հունվար, 2020

«Երևանյան բեսթսելեր». Ռոբին Շարմայի գիրքը կրկին առաջին տեղում է. 
Փաստավավերագրական, հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Ցանկի տվյալներն՝ ըստ հունվարի վաճառքների:

Առաջին հորիզոնականում  Ռոբին Շարմայի «Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին» գիրքն է, որը համաշխարհային բեսթսելերների շարքում է: Թարգմանվել է ավելի քան 40 լեզվով, վաճառվել՝ ավելի քան 6 միլիոն օրինակ: Գիրքը հասցեագրված է բոլոր նրանց, ովքեր ուզում են փոխել իրենց մտածելակերպը, չեն վախենում դժվարություններից և փորձում են կյանքում առաջ գնալ ու հասնել հաջողությունների:

Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը երկրորդ տեղում է: 2009 թվականին Ֆրանսիայում հրատարակված այս գրքում Շառլ Ազնավուրն անկեղծորեն խոսում է իր ընտանիքի անցյալի ու իր կարիերայի մեկնարկի դժվարությունների մասին։ Ազնավուրը պատմում է իր ստացած կյանքի դասերի եւ ճակատագրի հեգնանքի մասին, թե ինչպես է դպրոցական կրթությամբ ինքնուսը մի քանի տասնամյակ անց դառնում երեք համալսարանի պատվավոր դոկտոր: Ազնավուրն անկեղծ զրույց է բացում ժամանակակից բարքերի, նորելուկ աստղերի, ինքնագովազդի եւ, իհարկե, սիրո մասին։

Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գիրքը երրորդ հորիզոնականում է: Այն թեթեւ կյանքի մասին չէ, թեեւ Ազնավուրն ասում է՝ թո՛ղ որ այս փոքրիկ գիրքը մեղմ զեփյուռի պես թեթեւություն բերի ձեզ: Այս պատմություններում արտահայտված է նրա տրամադրությունը՝ արտացոլված երջանկությամբ ու պարզ ուրախությամբ: Սեփական կյանքը պատմելն Ազնավուրի համար հեշտ չէ: Երկընտրանքի առջեւ շատ է կանգնել՝ պատմել ամբո՞ղջը, թե՞ թաքցնել անպատմելին: Սա յուրահատուկ երկխոսություն է իր եւ ընթերցողի միջեւ: Արտիստը խոսում է դժբախտության, հաջողության, երջանիկ հանդիպումների մասին: Կյանքը սիրող, կյանքին տրված ու կյանքից կառչած Ազնավուրը վերապրում է իր վաղուց մոռացված սերերն ու հուշերը:

Չորրորդ հորիզոնականում է Նապոլեոն Հիլի «Մտածի՛ր և հարստացի՛ր» գիրքը: Ամերիկացի հեղինակի աշխարհահռչակ գրքում ներկայացված են հարստանալու, դրամ ստեղծելու քայլերն ու միջոցները, որոնք հիմնված են ինչպես հեղինակի սեփական, այնպես էլ շատ մեծահարուստների փորձի վերլուծության վրա, կիրառվել և օգտակար են եղել բազմաթիվ մարդկանց հաջողակ դառնալու համար:

Գերի Չեփմենի «Սիրո 5 լեզուները» հինգերորդ հորիզոնականում է: Այս գիրքը վերափոխել է բազմաթիվ մարդկանց հարաբերությունները: Գրքի առաջադրած գաղափարը պարզ է, հստակ, համեմված հումորով: Ընդ որում, այն խիստ անձնական է, բայց շատերի համար կիրառելի: Գրքում տեղ են գտել իրական մարդկանց պատմություններ, որոնց խնդիրները ձեզ ծանոթ կթվան, լուծումները՝ պարզ, բայց անսպասելի: Գրքի ընթերցանությունը կարծես խելամիտ ժամանց է, հետաքրքիր զրուցակցի հետ զբոսանք: Այն մեկընդմիշտ կփոխի ձեր հարաբերությունները՝ կարդալու պահից սկսած:

Վեցերորդ հորիզոնականում է Էրիխ Ֆրոմի «Սիրելու արվեստը» գիրքը: Այն միջազգային բեսթսելեր է, որ 60 տարի միլիոնավոր ընթերցողների ցույց է տալիս, թե ինչպես հասնել լիարժեք, արդյունավետ կյանքի` զարգացնելով սիրո` իրենց թաքնված կարողությունները: «Սիրելու արվեստը» դասական գործում Ֆրոմը բացահայտում է սերն իր բոլոր կողմերով:

Յոթերորդ հորիզոնականում է Ուիլյամ Չ. Ռեմփելի «Խաղացողը»: Այն ներկայացնում է Ամերիկայի ֆինանսական աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ ամեն ինչ ինքնուրույն ձեռք բերած միլիարդատեր Քըրք Քըրքորյանի՝ ցնցոտիներից մինչև հարուստ կյանքի հասնելու պատմությունը: Քըրք Քըրքորյանը Ամերիկայի առաջամարտիկ օդաչուներից էր, կինոմագնատ, ռիսկի սիրահար և գործարար աշխարհի հսկաներից, որը վերափոխելով Լաս Վեգասն ու Հոլիվուդը, դարձավ երկրի խոշոր ֆինանսիստներից մեկը: Նրա կյանքի պատմությունն արտացոլում է Առաջին աշխարհամարտի օդաչուի սառնասիրտ համարձակությունը, կռվազան բռնցքամարտիկի հաստատակամությունը, խորհրդավոր, անընթեռնելի խաղացողի խորամանկությունը և գործարքների անզուգական հանճարը: Թեև նա երբեք թույլ չի տվել, որ իր անունը փակցնեն որևէ շենքի վրա, 2015 թվականին, երբ մահացավ, նրան էր պատկանում Լաս Վեգասի ամենախոշոր հյուրանոցների ու խաղատների մեծ մասը:

Ութերորդ տեղում Իրինա Խանամիրյանի «Գիտակից ծնող, ներդաշնակ երեխա» գիրքն է:  Եթե ցանկանում եք, որ ձեր փոքրիկը մեծանա ուրախ և երջանիկ, իսկ դուք լինեք հանգիստ, հավասարակշռված ծնող, ուրեմն այս գիրքը հենց ձեզ համար է։ Ինչպես սահմանափակել երեխայի անցանկալի վարքը, բայց չհասնել ծայրահեղ պատժամիջոցների, ինչպես խրախուսել երեխային, որ նա ցանկանա շարունակել իր արդյունավետ վարքը, ինչպես օգնել նրան հաղթահարել վախերը, կառավարել ագրեսիան, հարմարվել նոր միջավայրին։ Այս բոլոր հարցերի պատասխանները կարող եք գտնել գրքում՝ զարգացնելով ձեր մեջ գիտակից, դրական ծնողի կերպարը։

Իններորդ հորիզոնականում է Ռոբերտ Քոչարյանի «Կյանքը և ազատությունը» գիրքը: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահն իր գրքում անդրադարձ է կատարում հայ ժողովրդի նորագույն պատմության ամենաբարդ էջերին: Գրքում տեղ են գտել մինչ օրս չհրապարակված տեղեկություններ և նախկինում գաղտնագրված փաստաթղթեր, ինչպեսև պատմական լուսանկարներ Ռոբերտ Քոչարյանի արխիվից: 

Տասներորդ տեղում է Ուինսթոն Չերչիլի «Ինքնակենսագրությունը»: Միացյալ Թագավորության վարչապետ, Բրիտանական ակադեմիայի պատվավոր անդամ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Չերչիլն այս գրքում ներկայացնում է իր անցած ուղին ու անդրադառնում իր կյանքի ու գործունեության կարևոր դրվագներին:

 

 «Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում չեն ներառվել հանրագիտարանները:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների և գրատների ցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Ռոբին Շարմա

«Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին»

Բուկինիստ 499
2 0

Շառլ Ազնավուր

«Մեղմ շշուկով»

Newmag 73
3 0

Շառլ Ազնավուր

«Կյանքից կառչած»

Newmag 68
4 *

Նապոլեոն Հիլ

«Մտածի՛ր և հարստացի՛ր»

Զանգակ 64
5 *

Գերի Չեփմեն

«Սիրո 5 լեզուները»

Newmag 46
6 +3

Էրիխ Ֆրոմ

«Սիրելու արվեստը»

Էդիթ Պրինտ 39
7 +3

Ուիլյամ Չ. Ռեմփել

«Խաղացողը»

Էդիթ Պրինտ 35
8 նոր

Իրինա Խանամիրյան

«Գիտակից ծնող, ներդաշնակ երեխա»

Զանգակ 30
9 *

Ռոբերտ Քոչարյան

«Կյանքը և ազատությունը»

Տիգրան Մեծ 29
10 -3

Ուինսթոն Չերչիլ

«Ինքնակենսագրություն»

Գրատուն 26

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]