Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Մարտ

Երազում եմ ասելիքով հարուստ դերերի մասին. Նարինե Ալեքսանյանը բեմում է 25 տարի

Երազում եմ ասելիքով հարուստ դերերի մասին. Նարինե Ալեքսանյանը բեմում է 25 տարի

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Ալեքսանյանը 25 տարվա ստեղծագործական գործունեության ընթացքում խաղացել է տարբեր թատրոններում, կերտել հետաքրքիր կերպարներ, սիրել իր հանդիսատեսին և սիրվել: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ալեքսանյանը պատմել է թատրոնի և հեռուստատեսության հանդեպ սիրո, հանրահայտ ուսուցիչների, իր նվաճումների և երազանքների մասին:

-Փոքր տարիքում շատ աղջիկներ են երազում դառնալ երգչուհի, պարուհի, հաղորդավարուհի և այլն: Դերասանուհի լինելը ձեր մանկությա՞ն ցանկությունն էր:

-Կարծում էի`դերասանուհի դառնալն անհասանելի բան է, բայցև վստահ էի, որ մի օր բեմ եմ բարձրանալու, որ կարող եմ հաղորդավարուհի լինել: Այն տարիներին շատ էի դիտում Նարա Շլեպչյանի հաղորդումները: Վերցնում էի «Երևան» թերթը և հայելու առաջ կարդում էի նյութերը: Ակտիվ էի թատերական և ասմունքի խմբակներում: Մանկապարտեզում, դպրոցում հաճախ էի ասմունքում, խաղում ներկայացումներում:

-Որքանով տեղյակ եմ, ձեր հայրն ի սկզբանե դեմ է եղել ձեր մասնագիտական ընտրությանը: Ինչպե՞ս հաջողվեց ստանալ նրա համաձայնությունը:

-Ես շատ համառ էի: Հայրս ցանկանում էր, որ մանկավարժ դառնամ, քանի որ գերազանց էի սովորում: Ես դիտմամբ կտրվում էի Մանկավարժական ինստիտուտի ընդունելության քննություններից, որպեսզի ընդունվեմ Թատերական ինստիտուտ:  Գնահատականները չէին համապատասխանում, և Թատերական էլ չէր ստացվում ընդունվել: Երեք տարի սովորում էի Գյումրու պետական թատրոնի դերասանական ստուդիայում, որը ղեկավարում էր Խորեն Աբրահամյանը: Անցնում էինք դերասանի վարպետություն, բեմական խոսք և այլ կարևոր առարկաներ: Դասավանդում էին թատրոնի լավագույն վարպետները: Խորեն Աբրահամյանի շնորհիվ այլ մասնագիտության մասին այլևս չեմ մտածել: Երբ ստուդիան ավարտեցի «հինգերով», ընդունվեցի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ:

Եթե պատմեմ, գուցե ծիծաղելի թվա, բայց այդ տարիներին Գյումրիից Երևան գալը մեծ խնդիր էր: «Մեր մանկության տանգոն» ֆիլմում հերոսներից մեկն ասում է. «Ես պիտի Էրեվան էրթամ»: Ինչո՞ւ: Որ կյանքը դասավորի: Երևանում հորեղբորս տանն էի ապրում, և հայրս ընդունեց, որ հետդարձի ճանապարհ այլևս չկա: Նա ինձ շատ էր սիրում:

-Խորեն Աբրահամյանը մեծ արտիստ էր: Ինչպիսի՞ մանկավարժ էր նա: Փոխանցե՞լ է դերասանական հմտություններ, որոնք մինչ օրս կիրառում եք:

-Խորեն Աբրահամյանը երևույթ էր: Այդ ժամանակ չէի գիտակցում, որ մենք բացառիկ մարդու հետ ենք հաղորդակցվում: Նրա ամեն մի փորձը վարպետության դաս էր: Մեր աչքերը լայն բացած հետևում էինք նրան: Աբրահամյանը միշտ ասում էր, որ նկատենք այն, ինչ ոչ ոք չի նկատում: Հիմա եմ հասկանում այդ խոսքերը: Նույնն ասում եմ երեխաներիս: Գուցե նրանք չդառնան դերասաններ, բայց պետք է կարողանան ցանկացած բնագավառում տեսնել անտեսանելին: 

Երբ զգում եմ, որ ինչ-որ բան սխալ եմ անում, մեղադրում եմ ինձ`մտածելով, որ Աբրահամյանը դա չէր ների:

Չեմ կարող չհիշել նաև Մհեր Մկրտչյանին: Դեռ Թատերական ինստիտուտի ուսանողուհի էի, երբ ինձ և ապագա ամուսնուս` Վարուժան Մանուկյանին,  Մկրտչյանը հրավիրեց իր թատրոն: Երբ նայում էինք նրա փորձերը, քարանում էինք: Խորեն Աբրահամյանին և Մհեր Մկրտչյանին լսելը նշանակում էր բարձրակարգ կրթություն ստանալ:

Մի խոսքով` երջանիկ եմ, որ շատ լավ ուսուցիչներ եմ ունեցել: Նրանցից են նաև Նիկոլայ Ծատուրյանը, Ստեփան Ղազարյանը, Կարեն Աբրահամյանը:

-Ստեղծագործական գործունեության ընթացքում խաղացել եք «Մետրո», Երիտասարդական էքսպերիմենտալ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոններում, կերտել եք հետաքրքիր կերպարներ: Կա՞ մի դեր, որը ձեզ ինքնարտահայտվելու, ձեր հնարավորությունները լիարժեք բացահայտելու հնարավորություն է տվել:

-Չեմ կարող մոռանալ Լուիջի Պիրանդելոյի «Անավարտ ինքնանկար» ներկայացումը, որում Դանդրեային էի մարմնավորում: Աիդա Հովհաննիսյանի հրաշալի աշխատանքն էր դա: Կարծում եմ`լավագույն սկիզբն էր: Այդ ժամանակ մազերս բավականին կարճ էին. հավանաբար, դա էլ դեր խաղաց, որ Հովհաննիսյանն այդ դերն ինձ առաջարկեց: Ըստ իս` փորձարարությունը դերասանի լավագույն պարգևն է: Ստեղծագործող մարդը պետք է ազատ լինի, և որևէ կաղապար, որևէ սահմանափակում պետք է չունենա, իսկ Փոսի թատրոնն այդ հնարավորությունը տալիս էր:

Երբ սովորում էի ինստիտուտում, Նիկոլայ Ծատուրյանին խնդրեցի բեմադրել Վիլյամ Սարոյանի «Քարանձավի մարդիկ» գործը: Այդ ստեղծագործության մեջ երկու ազդեցիկ կերպարներ կան` թագուհին և աղջիկը: Ծատուրյանը հարցրեց, թե ո՞ր կերպարը կցանկանայի մարմնավորել, պատասխանեցի` թագուհու: Ասաց, որ դեռ աղջկա տարիքի եմ. թեման փակվեց: Անցավ ավելի քան քսան տարի, և ինձ զանգեց ռեժիսոր Արթուր Սահակյանն ու տեղեկացրեց, որ բեմադրում է այդ գործը: Նա առաջարկեց խաղալ թագուհու դերը: Այդ օրը երբևէ չեմ մոռանա: Սահակյանը հեռախոսի մի կողմում պատմում էր թագուհու կերպարի մասին, իսկ ես մյուս կողմում արտասվում էի երջանկությունից:

Հպարտ եմ, որ խաղացել եմ «Մինիստրուհի», «Սիրային իրարանցում», «Վերջին կանգառ», «Իմ կինը, ձեր ամուսինը, քաղաքապետի օգնականը» և շատ այլ ներկայացումներում: Յուրաքանչյուր դեր ինքնաբացահայտման ճանապարհ է եղել:

-Երաժշտական կոմեդիայի թատրոնում աշխատում եք ձեր ամուսնու հետ: Բեմում ստեղծագործական հակամարտություններ լինո՞ւմ են: Եթե այո, դրանք նոր գաղափարներ ծնո՞ւմ են:

-Վարուժանը երբեք չի խանգարել իմ աշխատանքին: Նրա հետ և՛ հեշտ է, և՛ դժվար, որովհետև նույն պահանջները, ինչ ունեմ ես, ունի նա: Երբեմն տանը ստեղծագործական վեճեր լինում են. երբ ես փորձում եմ գտնել իմ հերոսին, տարված եմ նրանով և այլն, ամուսնուս անտարբերությունն ինձ հունից հանում է: Բնականաբար, վիճում եմ: Նրա հետ բեմում հեշտ է, որովհետև ճանաչում է իմ հայացքը, գիտի իմպրովիզները, նրբազգաց է: Լավ խաղընկեր, ռեժիսոր ունենալը բախտավորություն է: Ուրախ եմ, որ Վարուժան Մանուկյանի պես խաղընկեր և ամուսին ունեմ:

-Իսկ հեռուստատեսությունում ձեզ ի՞նչն է գրավում, ի՞նչ  լիցքեր է այն ձեզ հաղորդում. գուցե տրամադրություն, որն օգնում է նաև բեմում:

-Թատրոնն ասես հայրական տունս լինի. վայելում ես մորդ եփած համեղ կերակուրները, ինչը դուրդ չի գալիս, ասում ես առանց վարանելու: Շատ եմ սիրում նաև հեռուստատեսությունը, սիրում եմ տեսախցիկների հետ աշխատել: Հեռուստատեսությունն իր պահանջներն ունի, որոնք դերասանի համար շատ ավելի փոքր են: Ես ու Վարուժանը վարել ենք «Բարի լույս, Հայաստան»-ը, տարբեր  շոու-ծրագրեր, նկարահանվել ենք հեռուստանովելում, հետո` սիթքոմում, որն իր կանոններն ունի. պարտավոր ես տեքստը բառի և ստորակետի ճշգրտությամբ մատուցել, որովհետև դա իրավիճակային կոմեդիա է: «Օլյայի օրագիրը», «Մի կաթիլ մեղր», «Եսիմ», «Ալամփուչիկ» և մի շարք այլ հեռուստանախագծեր նպաստեցին, որ ինձ ճանաչի հանրության լայն շրջանակը:

Որևէ բան առանց աշխատանքի ինձ չի տրվել: Աշխատասիրության և աշխատանքի արդյունքում նկատել են, որ կարող եմ այս կամ այն կերպարում հետաքրքիր լինել:

Ավաղ, կինոյում իմ բախտը չի բերել. նկատի ունեմ լիամետրաժ կինոն: Կինոն ասես ինձ չսիրեց, կամ ես նրան չսիրեցի: Հուսամ` դեռ կգա այն ռեժիսորը, որն ինձ կտեսնի գեղարվեստական ֆիլմում:

-Թատրոնի դերասաններն հաճախ են ասում, որ իրենց աշխատանքի լավագույն գնահատականը հանդիսատեսի ծափողջյուններն են: Ձեզ համար է՞լ է այդպես:

-Այդպես է: Մի անգամ «Տիկին մինիստրուհի» ներկայացման ժամանակ, երբ դահլիճում գրեթե 400 մարդ կար, ասես զգում էի բոլոր ներկաներին: Պետք է խոստովանեմ, որ կարողանում եմ խաղալ հանդիսատեսի հոգու լարերի հետ. տիկնիկավարի զգացողություն ունեմ: Այդ օրը խաղում էի չորս հարյուր հոգու հետ: Նրանք ինձ հետ շնչում և արտաշնչում էին, սիրտս նրանց սրտի հետ համահունչ բաբախում էր: Ըստ մեր թատրոնի սկզբունքների`արտիստը չի կարող ներկայացման ավարտից հետո հանդիսատեսին ասել, որ սիրում է նրան: Այդ օրը դահլիճը բուռն ծափահարում էր, և այդ ծափերի մեջ ես բարձրաձայն գոռացի, որ սիրում եմ բոլորին և շնորհակալ եմ բոլորից: Բնականաբար, նկատողություն ստացա: Բայց չէի կարող չասել, որ սիրում եմ…

Երբեմն ծափահարություններով տառապում եմ: Եթե տրամադրություն չունեմ, բայց արժանանում եմ բուռն ծափերի, ներողություն եմ խնդրում` ասելով, որ արժանի չեմ ծափերին, քանի որ ինքս ինձ չեմ համոզել:

Ապրում եմ ծափերով: Դերասանի համար այդ ծափերից այն կողմ միայն լավ ներկայացման կամ դերի հրավերն է, որը կրկին կբերի ծափերի:

-Քսանհինգ տարի բեմերում եք: Ինչի՞ մասին եք երազում այսօր:

-Անթիվ-անհամար երազանքներ ունեմ: Երբեմն քունս չի տանում դրանց պատճառով: Եթե մի օր չերազեմ, լավ չեմ զգա ինձ: Այդ ունակությունը երեխաներին էլ է պետք փոխանցել: Պետք է իրականությունը տեսնել, բայց երազել, թույլ չտալ, որ այն խանգարի ապրել: Զարմանալու հատկությունը, երազելու ունակությունը կորցնելու դեպքում ապրելն անիմաստ է դառնում: Երազում ես դառնալ դերասանուհի, կդառնաս, երազում ես ծրագրավորող լինել, կլինես: Աշխատասիրությունը մշտապես ինքնադրսևորման հնարավորություն է տալիս:

Ես երազում եմ ասելիքով հարուստ դերերի մասին: Ինչքան մեծանում ես, այնքան հասկանում ես, որ պետք է հզոր դերեր խաղալ: Չեխով պետք է խաղալ, Դոստոևսկի…

Զրուցեց Անժելա Համբարձումյանը

Լուսանկարները` Տաթև Դուրյանի





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ