Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով գույք վատնելու համար

Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով գույք 
վատնելու համար

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում կատարելու համար: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք` առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում կատարելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»,- ասաց Օհանջանյանը:

Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ ՀՔԾ-ում քրեական գործի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը որպես կասկածյալ էր ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք` առանձնապես խոշոր չափերի` 1,046,400,000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու կասկածանքով: 

Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2010 թվականի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մշակված ՀՀ կառավարության գաղտնի որոշման նախագծով, առանց օրենքի մի շարք պահանջների պահպանման, մասնավորապես` առանց գույքի պարտադիր գնահատման, առաջարկվել է թույլատրել ՀՀ ՊՆ-ին՝ որպես «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորություններն իրականացնող մարմնի, հավանություն տալ 3,600,000,000 ՀՀ դրամ գումարով ընկերության գույքի օտարմանը «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը:

Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անունից 2010 թվականի դեկտեմբերի 16-ին կազմվել է ՀՀ կառավարության որոշման նախագծի առաքման վերաբերյալ գաղտնի գրություն, որը Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ նույն օրն ուղարկվել է ՀՀ կառավարության աշխատակազմ:

Որոշման նախագիծը գաղտնի ընթացակարգով քննարկվել է ՀՀ կառավարության նիստում և 16.12.2010թ.-ին ընդունված որոշման հիման վրա կնքված գույքի առուվաճառքի պայմանագրով «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության՝ պետական սեփականություն հանդիսացող, պարտադիր գնահատման ենթակա՝ 4,646,400,000 ՀՀ դրամ շուկայական արժեքով ողջ գույքը, առանց պատշաճ գնահատման միջոցով շուկայական արժեքի սահմանման, «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանն է իրացվել իրական արժեքից 1,046,400,000 ՀՀ դրամ պակաս գումարով:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում հանցանքի կատարմանը ներգրավված անձանց ողջ շրջանակը պարզելու ուղղությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]