Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երազում եմ լավ քանոնահար դառնալ. ութնամյա Հենրիկ Գևորգյանը հանդես եկավ մայրերին նվիրված համերգով

Երազում եմ լավ քանոնահար դառնալ. ութնամյա Հենրիկ Գևորգյանը հանդես եկավ 
մայրերին նվիրված համերգով

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Արևշատ համայնքի երաժշտական դպրոցի սան Հենրիկ Գևորգյանը, որը երազում է հաջողակ քանոնահար դառնալ, մարտի 3-ին «Նարեկացի» արվեստի միությունում հանդես եկավ «Սերս՝ մայրերին» խորագրով
մենահամերգով:
Երեկոյին հնչեցին Կոմիտասի, Խաչատուր Ավետիսյանի, Սայաթ-Նովայի, Ծովինար Հովհաննիսյանի, Ջորջ Գերշվինի, Մանֆրեդ Շմիտցի, հրեական ժողովրդական «Հավանագիլա» ստեղծագործությունները:
Հենրիկը երաժշտական դպրոց է հաճախում հինգ տարեկանից, բայց հասցրել է մասնակցել բազմաթիվ մրցույթ-փառատոնների և զբաղեցրել առաջին, երկրորդ, երրորդ հորիզոնականները:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ երաժշտական գործիքներից սիրում է նաև կիթառն ու դաշնամուրը, բայց նախընտրել է քանոնը, որովհետև իրեն ոգեշնչել է քանոնահարուհի հորաքույրը:

«Ինձ դուր են գալիս քանոնի հնչյունները, գործիքի ձևը»,-նշեց Հենրիկը: Անդրադառնալով այն ստեղծագործություններին, որոնք կատարեց համերգին` փոքրիկ երաժիշտը խոստովանեց, որ շատ է սիրում Ծովինար Հովհաննիսյանի գործերը:

Հենրիկի դասատու Կատարինե Գալստյանն ընդգծեց, որ  հաճույքով է աշխատում Հենրիկի հետ, քանի որ վերջինս շատ արագ է սերտում այն ամենը, ինչ իրեն հանձնարարվում է: «Նրա հետ շատ հեշտ է. ոչ միայն շնորհալի է, այլև` աշխատասեր: Ես Հենրիկին տեսնում եմ մեծ բեմում: Հիշում եմ`մի առիթով հանդիպեցինք Նարեկ Գազազյանին, որը ներկայացնում է քանոնը միջազգային հարթակներում, նրան խնդրեցի ձեռքը դնել Հենրիկի գլխին, որպեսզի մեր Հենրիկի հաջողությունները կրկնապատկվեն»,-պատմեց Գալստյանը:

Նրա կարծիքով` տարիներ շարունակ քանոնը քնած է եղել, ասես նոր է  արթնացել մի շարք նվիրյալների շնորհիվ: «Ըստ իս` Հենրիկը կարող է դառնալ այն երաժիշտը, որը պատվով կներկայացնի քանոնը և թույլ չի տա, որ գործիքն արժեզրկվի»,-շեշտեց Գալստյանը:

Համերգին, Հենրիկից բացի, ելույթներ ունեցան Արևշատի երաժշտական դպրոցի սաները` իրենց կատարումներով հարստացնելով ծրագիրը: Նվագակցեց դաշնակահարուհի Ռուզաննա Գրիգորյանը, երեկոն վարեց Մանե Մայիլյանը:

«Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարությունյանը համերգն ունկնդրելուց հետո շնորհավորեց բոլոր մասնակիցներին: «Կարելի է խոնարհվել ձեր առաջ, որովհետև նվագում եք հայկական ժողովրդական գործիքներ և նվիրվում եք երաժշտությանը`դառնալով մշակույթի զինվորներ: Այդպես յուրովի եք պաշտպանում մեր հայրենիքը: Ձեզանից յուրաքանչյուրը հայ ազգի դեսպան է աշխարհում»,-ասաց Հարությունյանն ու հավելեց, որ երեխաներն իրենց լույսով և կատարումներով ժողովրդին են փոխանցում մեր մշակութային ժառանգությունը:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]