Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հուշարձանների պահպանում և ամրակայում. Երևանում մեկնարկել են ՌՕՔԵՄՓ   2020 դասընթացները

Հուշարձանների պահպանում և ամրակայում. Երևանում մեկնարկել են ՌՕՔԵՄՓ   2020 
դասընթացները

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատմամշակութային հուշարձանների վերականգնման և պահպանման վերաբերյալ նոր գիտելիքներ, հմտություններ ձեռք բերելու նպատակով Բելգիայից, Վրաստանից, Եգիպտոսից և Հայաստանից ոլորտի ավելի քան քսան մասնագետ Երևանում մասնակցում է մասնագիտական դասընթացների, որոնք մեկնարկել են փետրվարի 17-ից և շարունակվելու են մինչև հունիս:

Դասընթացները իրականացվում են ՌՕՔԵՄՓ մշակութային ժառանգության պահպանման, կառավարման և արժևորման հայ-իտալական տարածաշրջանային կենտրոնի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի համագործակցության շրջանակում՝ Բոլոնիայի համալսարանի կողմից: Մշակութային ժառանգության ոլորտի համագործակցությունը Հայաստանի և Իտալիայի միջև երկար տարիների հետագիծ ունի։ Տարբեր ժամանակներում իրականացված նախագծերից նշանավոր է 2011-2014թթ. ՃՇՀԱՀ-ի և Միլանի պոլիտեխնիկական համալսարանի միջև եղած պատմական ճարտարապետական ժառանգության ամրակայման և վերականգնման մասնագետների վերապատրաստման ծրագիրը։

Մասնագետների գնահատմամբ՝ ծրագրի դրական արդյունքները հիմք հանդիսացան նոր ծրագրերի  իրականացման համար։ Հաջորդ նշանավոր համագործակցությունը եղավ 2019թ. ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Բոլոնիայի Ալմա Մաթեր համալսարանի միջև կնքված համաձայնագրի հիման վրա ստեղծված ՌՕՔԵՄՓ մշակութային ժառանգության արժևորման, կառավարման և պաշտպանության տարածաշրջանային կենտրոնի ստեղծումը, որը մեր երկրի մշակութային ժառանգության ոլորտում ունի խորհրդատվական դեր։

Վերապատրաստման ինտենսիվ դասընթացի մասնագետները ճարտարապետներ, հնագետներ, արվեստաբաններ, թանգարանագետներ, զբոսաշրջության բնագավառի փորձագետներ են, որոնց դասընթացների ընթացքում փորձի փոխանակման և մասնագիտական կարողությունների զարգացման հնարավորություն է ընձեռնվում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Բոլոնիայի համալսարանի դասախոս, ճարտարապետ Ալեսիա Ձամպինին, որը Իտալիայից Հայաստան է ժամանել իր գիտելիքները դասընթացի մասնակիցներին հաղորդելու համար, ասաց, որ դասընթացը ներառում է տեսական և գործնական կրթական միջոցառումներ և բաղկացած է դասախոսություններից, անհատական ուսուցումից, լաբորատոր գործնական պարապմունքներից։ Դաշտային աշխատանքները կիրականացվեն  մայիս-հունիս ամիսներին։

«ՌՕՔԵՄՓ-ի շրջանակում իրականացվող կրթական ծրագիրը բաղկացած է չորս բաժնից: Առաջին երկուսը վերաբերում են ճարտարապետական հուշարձանների պահպանմանը: Իմ առաքելությունը տեսական էքսկուրս կատարելն ու հուշարձանների պահպանության վերաբերյալ գիտելիքներ հաղորդելն է: Այլ մասնագետներն անդրադառնալու են որմնանկարների վերականգնմանը, հուշարձանների հետ կապված խնդիրների ախտորոշմանը, չափագրմանը»,-ներկայացրեց նա:

Մասնագետի կարծիքով՝ մշակութային ժառանգության պահպանման գործում մեծ դերակատարություն ունի ոչ միայն պետությունը, այլև հասարակությունը:  «Իտալիայում այս կամ այն հուշարձանի  վերականգնման վերաբերյալ որոշումներն ընդունում են մասնագետները, բայց  մարդիկ ներգրավվում են այդ գործընթացներում, և նրանց իրազեկում են, թե որ քայլը ինչ նպատակով է արվում, և թե ինչ մոտեցում է անհրաժեշտ ցուցաբերել հուշարձաններին»,-պատմեց Ձամպինին:

Դասընթացի մասնակից Սոֆիա Ջանաշվիլին, որը եկել է Վրաստանից, նշեց, որ հուշարձանների վերականգնումն ու պահպանությունն իր մասնագիտությունն է, և  դասընթացները գիտելիքները հարստացնելու, նոր հմտություններ ձեռք բերելու  հնարավորություն են տալիս:

«Այստեղ հետաքրքիր մասնագետների հետ եմ ծանոթացել: Որոշ չափով ճանաչեցի հայկական մշակույթը` այցելելով թանգարաններ, պատմամշակութային հուշարձաններ: Զվարթնոցն ու Երերույքի տաճարն ինձ համար բացահայտում էին»,-խոստովանեց Ջանաշվիլին:

Մեկ այլ մասնակից Յան Մոյեայերտը, որը Բելգիայից է Հայաստան եկել և արդեն երկու տարի ապրում է մեր երկրում, քանի որ ամուսնացել է հայուհու հետ, ընդգծեց, որ իրապես հետաքրքրված է հայկական մշակութային ժառանգության պահպանմամբ:

«Մասնագիտությամբ տնտեսագետ եմ, բայց մասնակցում եմ դասընթացին, որովհետև հետագայում կարող եմ գիտելիքներս ծառայեցնել հայկական մշակութային ժառանգության պահպանմանը: Ըստ իս` հայերը յուրահատուկ մշակույթ ունեն»,-շեշտեց նա և ընդգծեց, որ իրեն շատ են դուր գալիս Զվարթնոցի տաճարը և Սաղմոսավանքը, որտեղ պսակադրվել է:

ՃՇՀԱՀ-ի հուշարձանների չափագրման և ախտորոշման լաբորատորիայի վարիչ ճարտարապետ Մարինա Բունիաթյանն էլ ընդգծեց, որ դասընթացը բազմաթիվ ասպարեզներ է  ընդգրկում, և համալսարանը պետք է ընտրի ճարտարապետությանը վերաբերող  բոլոր հետաքրքիր առարկաները, որոնք հետագայում հնարավոր է ներառել ՃՇՀԱՀ-ի ուսումնական ծրագրերում՝ նպատակ ունենալով զարգացնել վերականգնող ճարտարապետի մասնագիտացումը։

ՌՕՔԵՄՓ մշակութային ժառանգության պահպանման, կառավարման և արժևորման հայ-իտալական տարածաշրջանային կենտրոնը գործում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Բոլոնիայի համալսարան՝ Ալմա մաթեր ստուդիորումի միջև կնքված համաձայնագրի հիման վրա և Համագործակցության զարգացման իտալական գործակալության աջակցությամբ։ Կենտրոնը ՀՀ-ում մշակութային ժառանգությանը վերաբերող գործունեության խորհրդատվական մարմին է, որը գործում է հինգ թեմատիկ ոլորտներում՝ կառավարում, վերապատրաստում, չափորոշիչների սահմանում, հաղորդակցության կազմակերպում, տարածաշրջանային մասնագիտական ցանցի ստեղծում:
Ծրագրի շրջանակներում կազմակերպվելու են գիտական և կրթական բնույթի միջոցառումներ, մշակվելու են մասնագիտական ուղեցույցներ և այլն:
Կենտրոնի կողմից իրականացվող ծրագրում ներգրավված են մշակութային ժառանգության բնագավառի հայ և այլազգի ճարտարապետներ, հնագետներ, արվեստաբաններ, թանգարանագետներ, զբոսաշրջության բնագավառի փորձագետներ, որոնք կենտրոնի կողմից իրականացվող դասընթացների, սեմինարների, կլոր սեղանների և գիտաժողովների միջոցով կունենան մասնագիտական փորձի փոխանակում և մասնագիտական կարողությունների զարգացում։

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]