Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արևելագետը Թուրքիայի «Գարնանային վահան» գործողությունը դիտարկում է ՌԴ-ի հետ պայքարի համատեքստում

Արևելագետը Թուրքիայի «Գարնանային վահան» գործողությունը դիտարկում է ՌԴ-ի հետ 
պայքարի համատեքստում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիան երկու խոշոր տարածաշրջանային կենտրոնների՝ Ռուսաստանի և Թուրքիայի համար դարձել է պայքարի վայր Մերձավոր Արևելքում իրենց դիրքերն ուժեղացնելու համար: Այդ մասին են վկայում վերջին օրերին Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցած զարգացումները, իրավիճակի սրումը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ ավելացնելով, որ Իդլիբում երկու հակառակորդները բախվել են: Այն վերջին շրջանն է, որը դուրս է սիրիական բանակի վերահսկողությունից:

«Իդլիբում իրավիճակը վերջին օրերին սրվել է, լարված է: Կորուստներ կրելուց  հետո Թուրքիան հայտարարեց, որ ռազմական գործողություն է սկսում Սիրիայի տարածքում՝ անվանելով այն «Գարնանային վահան»: Թուրքական զորամիավորումները, Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող խմբավորումները, հիմնականում ջիհադիստական ծայրահեղականներն անցել են հարձակման, և վերջին մեկ օրվա ընթացքում դա կարծես նրանց հաջողություն է բերել: Հաղորդումներ կան, որ նրանց հարվածներից սիրիական բանակը կորուստներ է կրել, ետ են վերցվել մոտ 20 բնակավայր՝ այն տարածքների մի մասը, որոնք ազատագրել էր սիրիական բանակը»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Թուրքագետը նկատեց, որ, ըստ տեղեկությունների, վերջին օրերին ռուսական օդուժը չի սատարում սիրիական բանակին, և դա է պատճառը, որ օգտագործելով իրավիճակը, Թուրքիան կարողացել է հաջողությունների հասնել: Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, այս լարված իրավիճակն առաջիկա մի քանի օրերին կշարունակվի՝ մինչև ի հայտ կգան նոր միտումներ: Իրավիճակի որոշակի հստակեցում սպասվում է Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների սպասվող հանդիպման ընթացքում, թեպետ ռուսական կողմը նշում է, որ դժվար բանակցություններ են սպասվում: Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, մինչ երկու երկրների ղեկավարների հանդիպումը, որը նախատեսված է մարտի 5-ին, կողմերը ամենայն հավանականությամբ կփորձեն Իդլիբում ինչ-որ գործողությունների գնալ՝ բանակցություններին ավելի ուժեղ դիրքերով ներկայանալու համար:

«Չնայած իրավիճակի սրացմանը, ամեն դեպքում նշաններ կան, որ երկու կողմն էլ պատրաստվում են գնալ զիջումների, որովհետև ունեն լուրջ աշխարհաքաղաքական շահեր: Այլ հարց է, թե ինչպես դա անել, որ երկուսն էլ իրենց դեմքը պահեն»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Այս ամբողջ գործընթացում թուրքագետն ուշադրություն հրավիրեց փախստականների հետ կապված Թուրքիայի սպառնալիքներին, որոնցով փորձում է ճնշում գործադրել Գերմանիայի, Ֆրանսիայի վրա: Ըստ նրա՝ արդեն կան տեղեկություններ, որ Թուրքիան 100 հազարի հասնող մարդկանց թույլ է տվել հատել ԵՄ-ի սահմանը Հունաստանի, Բուլղարիայի կողմից: 

«Հաղորդագրություններից երևում է, որ Թուրքիան փախստականների հետ որոշակի խմբեր է բաց թողնում, և հիմնականում երիտասարդների: Չի բացառվում, որ փախստականների հետ Թուրքիան ուղարկում է նաև հատուկ պատրաստված ջիհադիստների: Սա շատ լուրջ խնդիր է»,- հավելեց Ռուբեն Սաֆրաստյանը՝ ընդգծելով, որ դա կարող է լինել գործիք Թուրքիայի համար, ինչը վտանգավոր է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]