Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել վկային տեսագրությամբ հարցաքննելու հնարավորություն տվող նախագծին

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել վկային տեսագրությամբ հարցաքննելու  
հնարավորություն տվող նախագծին

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 28-ի նիստում հավանություն է տվել մի քանի  օրենքների նախագծերի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով հեղինակներն առաջարկում են հնարավորություն ընձեռնել այն վկաներին եւ տուժողներին, ովքեր առողջական վիճակի կամ այլ հարգելի պատճառներով չեն կարող մասնակցել գործով վարույթին, հարցաքննվել տեսագրության միջոցով:

Ըստ հիմնական զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանի՝ հանձնարարության հիման վրա վկայի եւ տուժողի գտնվելու վայրի նախաքննության մարմնի քննիչը կամ հետաքննության մարմինը կատարում է անհրաժեշտ դատավարական գործողություններ` տեսագրության միջոցով վկայի եւ տուժողի հարցաքննության անցկացումն ապահովելու նպատակով:

Բանախոսը տեղեկացրել է, որ օրինագիծը կառավարության հետ քննարկումների արդյունքում լրամշակվել է, ընդունվել է ներկայացված բոլոր առաջարկները: Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրինագծում կսահմանվի նաեւ արտերկրում գտնվող վկաների եւ տուժողների հարցաքննությունը տեսագրության միջոցով իրականացնելու կարգը:

Հարակից զեկուցող Սերգեյ Ատոմյանը նշել է, որ օրենքի նախագիծը միտված է նաեւ քննչական գործողությունների արդյունավետության բարձրացմանը:

Օրենքի լրամշակված նախագծին տրվել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի եւ Նազելի Բաղդասարյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է քննչական գործողության մասնակիցների եւ քրեական հետապնդման մարմինների համաձայնությամբ հարցաքննությունն իրականացնել տեսաձայնագրմամբ:

Գործող օրենքով հարցաքննվող անձն իրավունք ունի ցուցմունքը գրել անձամբ, ուստի ըստ հիմնական զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանի, նախագծով առաջարկվող կարգավորումը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ անձը հրաժարվում է ցուցմունքն անձամբ գրելու իրավունքից եւ չի առարկում ցուցմունքներն, այդ թվում` հարցերը եւ պատասխանները հարցաքննության արձանագրության մեջ ներառվեն:

Բանախոսի տեղեկացմամբ՝ տեսաձայնագրառումը պահպանվելու է 2 նյութական կրիչի վրա:

Օրինագծի վերաբերյալ Կառավարությունը ներկայացրել է մի շարք առաջարկներ, որոնք ամբողջությամբ ընդունվել են հեղինակների կողմից:

Լրամշակված օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել Կառավարության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

«Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ դրոշի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի քննարկումները հետաձգվել են մինչեւ 2 ամիս ժամկետով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]