1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պաշտոնանկությունը հետևություններից մեկն է. փոխնախարարը՝ բանակում արձանագրված դժբախտ դեպքերի մասին

Պաշտոնանկությունը հետևություններից մեկն է. փոխնախարարը՝ բանակում 
արձանագրված դժբախտ դեպքերի մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը վստահեցնում է, որ այս տարի Զինված ուժերում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի առնչությամբ կատարված աշխատանքներում պաշտոնանկությունները ընդամենը հետևություններից մեկն են, շատ ավելի լուրջ աշխատանքներ են տարվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բալայանն այս մասին հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Պաշտոնանկությունները հետևություններից ընդամենը մեկն էր: Շատ ավելի լուրջ աշխատանք է տարվում, շատ է այդ աշխատանքների մասին հայտարարվել: Արձանագրում ենք որպես թերություն, որի համար շատ աշխատելու տեղ ունենք: Դրանք որևիցե ձևով ներելի չեն: Բայց պետք է  հաշվի առնել, որ մենք գործ ունենք մարդկանց հետ, և որևէ արտահայտություն կամ նախադեպ ոչ ճիշտ մեկնաբանելը հնարավոր է, որ  ճակատագրեր խեղի»,-ասաց Բալայանը:

Նա նշեց՝ սխալ է ասել, թե բանակում 13 զոհ է եղել: «Ի պաշտոնե ինձ հասած տվյալների համաձայն մի քանիսը մահեր են, ոչ թե զոհեր, պետք է հստակ տարանջատել: Գոյություն ունեն համապատասխան իրավակարգավորումներ ամեն մի մահվան դեպքով: Մահվան դեպքերի հետ կապված հետևությունները բազմաթիվ են, ինչպես արդեն նշեցի դրանցից մեկը պաշտոնանկություններն են: Այն պաշտոնյաները, որոնք իրավասու էին գնահատական տալու որոշ պաշտոնատար անձանց գործունեությանը, ենթադրում եմ, որ անվարար են գնահատել այդ աշխատանքը, դրա համար ազատումներ են եղել»,-ասաց Բալայանը: 

Նա շեշտեց՝ կանոնակարգային հարաբերություններին պետք է ավելի խիստ հետևել, պետք է հետևել այն իրավակարգավորումներին, որոնք գործում են: Բալայանը նկատեց՝ սխալ կլինի ասել, թե այդ իրավակարգավորումները չկան, խնդիրը իրավակիրառությունն ապահովելու մեջ է:

2020թ. ընթացքում բանակում խաղաղ պայմաններում 13 զինծառայողի մահվան դեպք է գրանցվել: Վարչապետը հայտնել էր, որ 2020-ին զոհերից հինգը մահացել են հիվանդության պատճառով՝ մի մասը ծառայության, մյուս մասը ոչ ծառայության մեջ: 4-ը դժբախտ պատահարի հետևանքով, և չորս ինքնասպանության դեպք է տեղի ունեցել:

Արձանագրված դեպքերից հետո ՀՀ վարչապետի առաջարկով և նախագահի՝ փետրվարի 18-ի հրամանագրերով պաշտոնանկ են արվել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանը և ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանը: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով` պաշտոնից ազատվել է նաև Պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանը: Նախագահի մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է Ջալալ Հարությունյանը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]