Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Մայիս

ՀՀ-ն դարձել է Հանքարդյունաբերության, հանքանյութերի, մետաղների և կայուն զարգացման ֆորումի անդամ

ՀՀ-ն դարձել է  Հանքարդյունաբերության, հանքանյութերի, մետաղների և կայուն 
զարգացման ֆորումի անդամ

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը՝ ի դեմս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, դարձել է  Հանքարդյունաբերության, հանքանյութերի, մետաղների և կայուն զարգացման միջկառավարական ֆորումի (IGF) անդամ։  

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ֆորումին անդամակցելու հնարավորություն են ստանում այն պետությունները, որոնք  որդեգրել են հանքարդյունաբերության լավ  կառավարման քաղաքականություն՝ սահմանելով հստակ սկզբունքներ  հաշվետվողական,  թափանցիկ հանքարդյունաբերության ներդրման  և այն երկրի կայուն զարգացմանը ծառայեցնելու  ուղղությամբ։ 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆորումը միջկառավարական երկխոսության, փորձի և գիտելիքների փոխանակման արդյունավետ հարթակ է համարել, ինչն ապագայում  հնարավորություն կունենա նպաստելու  երկրում առավել արդյունավետ որոշումներ կայացնելու գործընթացներին։

Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտը համակարգող  ՏԿԵ փոխնախարար Լիլիա Շուշանյանը, ով նախաձեռնել է IGF անդամակցության գործընթացը,  կարևորել է հանքարդյունաբերության ոլորտում տարբեր հարցերի վերաբերյալ՝ այդ թվում բնապահպանական և սոցիալական ուղղվածության, միջազգային լավագույն փորձի ուսումնասիրման, ինչպես նաև դրանք տնտեսության զարգացմանն ուղղելու անհրաժեշտությունը: «Հայաստանի համար ճիշտ ժամանակն է միանալու միջազգային պրոֆեսիոնալ ֆորումներին, ինչպիսին է կայուն զարգացման գաղափարը՝ որպես իր գործունեության գլխավոր տեսլական սահմանած IGF–ը, և մեր երկրի համար օգուտ քաղել վերջիններիս ընձեռած հնարավորություններից»,-ասել է Լ. Շուշանյանը:

Միջկառավարական ֆորումի տնօրեն Գրեգ Ռեդֆորդը կարևորել է Հայաստանի կառավարության որդեգրած քաղաքականությունը՝ ուղղված ոլորտը երկրի կայուն զարգացմանը ծառայեցնելուն և ողջունել Հայաստանի անդամակցությունը կառույցին՝ նշելով, որ յուրաքանչյուր նոր պետություն իր հետ գլոբալ երկխոսությունը խորացնելու ուրույն հեռանկարներ է բերում։

Նշենք, որ Հանքարդյունաբերության, հանքանյութերի, մետաղների և կայուն զարգացման միջկառավարական ֆորումին (IGF) այսօր անդամակցում են 75  պետություն, ինչպես նաև արդյունաբերության, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր համատեղ քննարկում են կայուն զարգացմանը հանքարդյունաբերությունը ծառայեցնելու միջոցները և գործադրում համապատասխան ջանքեր: Ֆորումի հիմնական նպատակը կառավարություններին օժանդակելն է՝  ռեսուրսների կառավարման և որոշումների կայացման հարցերում ներպետական գնահատումների, կարողությունների զարգացման և թիրախավորված տեխնիկական աջակցության, ինչպես նաև ուղեցույցերի մշակման և լավագույն միջազգային փորձի փոխանակման նպատակով՝  համաժողովների կազմակերպման միջոցով:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ