Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

200-ից ավելի հայտ «խելացի» անասնաֆերմա կառուցելու համար. ակտիվությամբ աչքի է ընկնում Արարատի մարզը

200-ից ավելի հայտ «խելացի» անասնաֆերմա կառուցելու համար. ակտիվությամբ աչքի 
է ընկնում Արարատի մարզը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետության կողմից իրականացվող «Փոքր և միջին խելացի անասնաշենքերի կառուցման, վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագրի» շրջանակներում ընթացիկ տարվա փետրվարի 25-ի դրությամբ 217 հայտ է ստացվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը նշեց, որ արդեն տեղազննման աշխատանքներ են իրականացվել շուրջ 208 տնտեսությունում: Ծրագրին համապատասխանում է 190 տնտեսություն:

«Հայտերի կառուցվածքում տեսնում ենք, որ մարզերից ակտիվը Արարատն է: Հայտերի 21 տոկոսն իրենց է բաժին ընկնում: Երկրորդ տեղում Գեղարքունիքն է, որին հաջորդում է Կոտայքը: Ամենապասիվը, թերևս, Սյունիքն է»,-ասաց Լևոն Տեր-Իսահակյանը:

Պիլոտային ծրագրով նախատեսված է եղել, որ մեկնարկային տարում կհիմնվի շուրջ 30 տնտեսություն, հաջորդ տարիներից յուրաքանչյուրի դեպքում շուրջ 100: Ընդհանուր առմամբ, նախատեսված է հիմնել 230 այդպիսի տնտեսություն:

«Անասնապահության ոլորտում սա շատ կարևոր ծրագիր է, որով ներդրվում է նոր մոտեցում: Այն ոչ միայն կնպաստի մեկ կենդանու հաշվով մթերատվության ավելացմանը, այլև մենք կունենանք բարենպաստ, սանիտարահիգիենիկ չափանիշներին համապատասխան կաթի արտադրություն»,-ասաց նա:  

Ծրագրի պարտադիր պայմաններից է, որ հայտերի հեղինակները մասնակցեն Ագրարային համալսարանի կողմից կազմակերպված դասընթացին: Մասնակցությունը ենթադրում է տավարաբուծության, անասնապահության վարման նոր տեխնոլոգիայի, միկրոկլիմայի ապահովման աշխատանքների, կթի, անասնաբուժական միջոցառումների կազմակերպման ուսումնասիրում և այլ բաղադրիչներ: Լևոն Տեր-Իսահակյանը տեղեկացրեց, որ դասընթացներին արդեն մասնակցել է 122 տնտեսվարող և ստացել՝ հավաստագիր:

Ծրագրի շրջանակում պայմանագրեր կնքվել են 28-ի հետ, նրանք արդեն շինարարական աշխատանքներ են իրականացնում, ամբողջությամբ գործնական փուլում են: Պայմանագիրը կքվելուց հետո՝ տնտեսավարողը մեկ տարվա ընթացքում իրականացնում է խելացի անասնաշենքի կառուցում և ստանում է պետական աջակցության գումարը: Չորս տնտեսվարող արդեն առաջին փուլով փոխհատուցում է ստացել:

Պետության աջակցության երեք մոդել է նախատեսված՝ կախված ֆերմայի մակերեսից և կովերի քանակից: Առաջին մոդելն է՝ 130-280 քառակուսի մետր արտադրական տարածքով՝ առնվազն 10-15 գլուխ կենդանու համար։ Այս դեպքում կառուցման եւ տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 11 մլն դրամ, որից 5.5 մլն դրամը կփոխհատուցի պետությունը։ Երկրորդ մոդել է՝ 281- 450 քառակուսի մետր արտադրական տարածքով՝ առնվազն 20-25 գլուխ կենդանու համար: Ծախսերը գնահատվում են շուրջ 23 մլն դրամ, պետության կողմից փոխհատուցումը՝ 11.5 մլն դրամ: Երրորդ մոդելն է՝ 451 եւ ավելի քառակուսի մետր տարածքով՝ առնվազն 40-45 գլուխ կենդանու համար: Ծախսերը գնահատվում են շուրջ 35 մլն դրամ, փոխհատուցումը՝ 17.5 մլն դրամ։ Լևոն Տեր-Իսահակյանը տեղեկացրեց, որ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ հաշմանդամ դարձած քաղաքացիների եւ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողների համար պետական փոխհատուցումը կկազմի 70 տոկոս:

«Ի դեպ, նախարարությունն ունի գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագիր, որի շրջանակում տրվում է 3-5 տոկոսանոց վարկեր 3-15 մլն դրամի դեպքում: Ասեմ, որ որևէ սահմանափակում ծրագրով չկա: Գյուղացին կարող է երկու ծրագրերից էլ միաժամանակ օգտվել»,-հավելեց Լևոն Տեր-Իսահակյանը:

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]