Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Սեպտեմբեր

Սումգայիթից մինչև Մյունխեն. ռասիզմն իբրև Ադրբեջանի պետական գաղափարախոսության հիմք

Սումգայիթից մինչև Մյունխեն. ռասիզմն իբրև Ադրբեջանի պետական 
գաղափարախոսության հիմք

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ տասը օր առաջ Մյունխենում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Տարածաշրջանի իրադարձություններին հետևող շատ փորձագետներ այս հանդիպումը կանվանեն «պատմական»։ Առաջին անգամ երկու պատերազմող երկրների ղեկավարները բաց քննարկում անցկացրեցին։ Միայն թե քննարկման արդյունքում բացահայտվեց ոչ միայն այն արդեն իսկ հայտնի փաստը, որ Ադրբեջանը պատրաստ չէ երկխոսության և փոխհամաձայնություն գտնելու փորձին, այլ նաև այդ երկրում ամենաբարձր մակարդակով խորը արմատներ ձգած ռասիզմը և շարունակական հակվածությունը մշտական ագրեսիվ քաղաքականությանը և պատմական զեղծարարություններին:

Ադրբեջանի առաջնորդը, չխորշեց պատմական փաստերի խեղաթյուրումից՝ հերթական անգամ մեղադրելով հայկական կողմին առասպելական ագրեսիայի մեջ՝ ռասիզմը պետական գաղափարախոսություն ընտրած Ադրբեջանն անվանելով «բազմամշակութային» և «ժողովրդավարական» երկիր։ Դրա հետ կապված հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ է կատարվել Հարավային Կովկասի «ամենահանդուրժող» երկրի հայկական համայնքի հետ։

Հայ բնակչությունը արտաքսվել է, հայկական համայնքները ենթարկվել են կոտորածների, զոհվել են հարյուրավոր մարդիկ, որոնց մեղքը միայն իրենց էթնիկ պատկանելությունն էր։ Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի հայերը դա շատ լավ են հիշում։ Ալիևը նախընտրում է չհիշել ջարդերը ո՛չ միջազգային այցերի ժամանակ, ո՛չ էլ սեփական տանը։ 2019թ. նոյեմբերի 21-ին ադրբեջանական Սումգայիթ քաղաքը նշում էր իր 70 ամյակը։ Սումգայիթը ողջ աշխարհին հայտնի է նրանով, որ 1988թ. փետրվարին այնտեղ իրականացվել են հայերի միտումնավոր և կազմակերպված ջարդերը։ Հանդիսավոր միջոցառմանը ելույթ է ունեցել նաև ինքը Ի. Ալիևը և, իհարկե, կրկնել է այն անհիմն և կեղծ թեզը, թե «ջարդերը հենց հայերի կողմից են կազմակերպված եղել»։

Միայն թե իրականությունն այլ է։ Ջարդերն անցկացվել են տեղական ադրբեջանական իշխանությունների և ոստիկանության փաստացի աջակցությամբ ու ուղղորդմամբ: Պաշտոնական տվյալների համաձայն՝ այդ իրադարձությունների ժամանակ սպանվել է 26 հայ։ Ականատեսների վկայությունները մեծ թվով հայ սպանվածների մասին են վկայում։ Սպանություններն իրականացվել են առանձնահատուկ դաժանությամբ։

Ամբոխի վայրագության մասին է պատմում իրադարձությունների ականատես Իշխան Տրդատովը, որն իր ընտանքի հետ միասին դիմադրել է հարձակումներին։

Սումգայիթից հետո Ադրբեջանում նոր թափ առան հայերի զանգվածային ջարդերը և հայերի նկատմամաբ բռնությունները Ադրբեջանի տարբեր բնակավայրերում։ Այդ հանցագործությունների համար ոչ ոք պատասխանատվություն չկրեց: Իսկ գագաթնակետը կդառնան Բաքվի ջարդերը, երբ կսպանվեն հարյուրավոր հայեր, իսկ Բաքվի երբեմնի հզոր ավելի քան 200 հազարանոց հայ համայնքի վերջին հայերը կարտաքսվեն քաղաքից։ 1990թ. այդ նույն ջարդարարները հետագայում կդառնան Ադրբեջանի ազգային հերոսներ, ինչպես հերոսացվեց Հունգարիայում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ քնած հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովը։ Սաֆարովին փառաբանում են ադրբեջանական լրատվամիջոցները, գրողները, պատգամավորները, պետական և հասարակական գործիչները՝ երկրի նախագահի մակարդակով:

Անշուշտ, Իլհամ Ալիևը փորձում է սպիտակեցնել իր ժողովրդի պատմությունը, որի անվանումը պատմության մեջ մտել է որպես մարդկության դեմ գործված հանցագործությունների հոմանիշ։ Այս ամենով հանդերձ՝ հենց ադրբեջանցի առաջնորդն է շարունակում տարածել հայատյաց առասպելներ ու գաղափարներ, ինչը շատ պարզորոշ կերպով հաստատվում է Մյունխենի նրա ելույթով։ Ալիևը չթաքցրեց իր վերաբերմունքը հայերի նկատմամբ՝ ցույց տալով այն ինչպես հայտարարություններով, այնպես էլ՝ նողկալի քմծիծաղով։ Ի վերջո պետք է ընդգծել ընդգծել, որ անվտանգության հարցերով միջազգային համաժողովների հարթակներից ելույթ է ունեցել մի մարդ, որի համար «համաշխարհային հայությունը հիմնական թշնամի է»։ Եվ սա դեղին մամուլից մեջբերում չէ, այլ՝  2012թ. «2009-2013թթ. Ադրբեջանի շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման» պետական ծրագրին նվիրված համաժողովի ժամանակ Իլհամ Ալիևի ելույթից մի հատված։

Վլադ Վարդանյան

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]