Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մարտիրոս Սարյանի 140-ամյակի առթիվ հիմնանորոգվել է հեղինակի «Կոստանդնուպոլսի շները» կտավը

Մարտիրոս Սարյանի 140-ամյակի առթիվ հիմնանորոգվել է հեղինակի 
«Կոստանդնուպոլսի շները» կտավը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտիրոս Սարյանի 140-ամյա հոբելյանի կապակցությամբ, որը նշվում է փետրվարի 28-ին, հիմնանորոգվել է նկարչի «Կոստանդնուպոլսի շները» կտավը, որը վնասվել էր դեռ Սարյանի կենդանության օրոք:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը:

«Այս կտավի վերականգնումը Սարյանի ծննդյան մեծ նվերն է: Կտավը վնասվել է Սարյանի արվեստանոցում, երբ ջեռուցման համակարգի խողովակները պայթել են, և եռացած ջուրը լցվել է տեմպերայով արված մի շարք ստեղծագործությունների վրա: Հովանավորների աջակցությամբ կարողացանք հիմնանորոգել կտավը: Սարյանի իսկական ծննդյան օրը`փետրվարի 29-ին, որը չորս տարին մեկ է լինում, մենք կտավը կներկայացնենք արվեստասեր հանրությանը»,-ընդգծեց Ռուզան Սարյանը:

Նա տեղեկացրեց, որ, ավանդույթի համաձայն, փետրվարի 28-ին ծաղիկներ են խոնարհելու նկարչի անվան պուրակում` Սարյանի արձանի մոտ, այցելելու են Սարյանի շիրիմին:

«Նույն օրը Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի կունենա «Հուշեր Սարյանի մասին» ժողովածուի շնորհանդեսը: Սարյանի մասին  գրել են Տիգրան Մանսուրյանը, Ռոբերտ Էլիբեկյանը, Ավիկ Իսահակյանը և այլք: Փառք Աստծո, նրանցից շատերը մեզ հետ են և ներկա կլինեն շնորհանդեսին»,-պատմեց տուն-թանգարանի տնօրենը:

Անդրադառնալով Մարտիրոս Սարյանի մեծությանը՝ նկարչի տուն-թանգարանի տնօրենն ասաց, որ ամեն անգամ, երբ ընդունում են տարբեր երկրներից պատվիրակությունների, ևս մեկ անգամ համոզվում են, որ Սարյանը մեր հայրենիքի մեծագույն նկարիչն է:

«Օրերս հյուրեր ունեինք Մոլդովայի ազգային ժողովից: Նրանք շրջում էին տուն-թանգարանում, խորասուզված դիտում կտավները: Սկզբում բավականին սառն էին, հետո  նրանց սառնությունը հալվեց ու բարձր տրամադրությամբ հեռացան: Ըստ իս` պատճառը Սարյանի կտավների դրական էներգետիկան էր, որը հորդում է, և անտարբեր չի թողնում այցելուներին»,-նշեց նա:

Ռուզան Սարյանը հիշեցրեց, որ Մարտիրոս Սարյանն աշխատում էր տարբեր ոճերում, ոլորտներում` գեղանկարչություն, գրքարվեստ, թատրոն և այլն:

Սարյանի տուն-թանգարանը և Հայաստանի ազգային պատկերասրահը Մարտի 20-ին համատեղ  պատրաստում են հրաշալի ցուցահանդես, որում ներկայացվելու են Ալ. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի սարյանական ձևավորման էսքիզները:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]