Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՄԻՊ-ն այցելել է Արցախում գտնվող «էլիտար» համարվող հայտնի զորամաս

ՄԻՊ-ն այցելել է Արցախում գտնվող «էլիտար» համարվող հայտնի զորամաս

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու պաշտպանի գրասենյակի աշխատակիցներն Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ այցելել է Արցախում գտնվող «էլիտար» համարվող հայտնի զորամաս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ այցելել ենք այդ զորամաս: Զինծառայողների հետ առանձնազրույցներ ենք ունեցել, երեք հոգի կալանավորված են, նաև նրանց հետ ենք առանձնազրույց ունեցել Շուշի քրեակատարողական հիմնարկում»,- ասաց Թաթոյանը:

Փետրվարի 4-ին «Auroranews.am» կայքի «Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը. Ուշագրավ մանրամասներ» վերտառությամբ  հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է նախաքննական մարմին՝ հարուցված քրեական գործի շրջանակներում դրանում ներկայացված տվյալներն ու հանգամանքները մանրամասն ստուգման ենթարկելու հանձնարարությամբ:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել «Auroranews.am» կայքի հրապարակման վերաբերյալ.

«Ի պատասխան auroranews.am-ի ««Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը. Ուշագրավ մանրամասներ» վերտառությամբ ս. թ. փետրվարի 3-ի հրապարակման՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ զորամասը, որին անդրադարձել է տվյալ լրատվամիջոցը, իրավամբ ունի էլիտարի համբավ, քանի որ ինչպես Արցախյան առաջին պատերազմում, այնպես էլ 2016թ. ապրիլյան քառօրյա առճակատման ժամանակ լրջագույն դերակատարություն է ունեցել հակառակորդի լայնածավալ հարձակումները կասեցնելու և վերջինիս զինադադար պարտադրելու գործում: Ընդգծում ենք նաև, որ տվյալ զորամասը մարտական պատրաստությամբ ու պատրաստականությամբ զբաղվելով հանդերձ կրում է նաև մարտական հերթապահություն: Ինչ վերաբերում է զորամասում բարձրաստիճան պաշտոնյանների որդիների ծառայության մասին շրջանառության մեջ դրված «փաստին», ապա դա ոչ այլ ինչ է, քան տեղեկատվական շահարկում, քանի որ զինված ուժերում նորակոչիկ անձնակազմի ծառայության վայրը որոշվում է բացառապես վիճակահանության սկզբունքով և որը պարտադիր է բոլոր զինակոչիկների համար՝ անկախ նրանց ծնողների կամ հարազատների զբաղեցրած դիրքից: Զորամասում տեղ գտած արտակարգ դեպքերի մասով տեղեկացնում ենք, որ դրանց հետ կապված գործընթացները իրականացվել և իրականացվում են ինչպես բանակի կողմից ստեղծված հանձնաժողովների, այնպես էլ ռազմաիրավապահ մարմինների կողմից, որոնց արդյունքում մեղավորները պատասխանատվության են ենթարկվում օրենքի տառին համապատասխան: ԱՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է բոլորին ձեռնպահ մնալ բանակի վերաբերյալ չճշտված տեղեկություններ հրապարակելու գայթակղությունից և հետևել բացառապես պաշտոնական աղբյուրներին»:

2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է զորամասի երեք զինծառայող:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]