Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Casa Nostra. «Երեմյան Փրոջեքթս»-ի նոր երազանքն իտալական համ ու հոտ ունի

Casa Nostra. «Երեմյան Փրոջեքթս»-ի նոր երազանքն իտալական համ ու հոտ ունի

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աշխատանքը սկսում է երազանքից»,- այս խոսքերն արդեն բոլորիս հայտնի են  որպես ռեստորանային ոլորտի առաջատար «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գործունեության ուղենիշ և կարգախոս։

Կազմակերպության նոր երազանքների և կատարված նոր աշխատանքների մասին ենք զրուցել «Երեմյան Փրոջեքթս»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ։

-Հաճա՞խ եք սիրում էքսպերիմենտալ քայլերի դիմել։ Կարո՞ղ եք նշել Ձեր կարծիքով 5 ամենաէքսպերիմենտալ նախագծերը և ինչո՞վ են դրանք յուրահատուկ։

-Ես դժվար թե կարողանամ առանձնացնել  հենց 5 էքսպերիմենտ, քանի որ սկսած 2006 թվականից մեր յուրաքանչյուր քայլը՝ թե՛ փոքրիկ, թե՛ մեծ, փորձարկում էր։ «Գին-որակ» հարաբերակցության ապահովումը, ռեստորաններն ավելի հասանելի դարձնելը, հայկական ավանդական ուտեստների բաղադրատոմսերի վերհանումն ու մշակումը, հայկական խոհանոցի զարգացումն ու ներկայացումը, ռեստորանային սպասարկման կատարելագործումը, սպասարկող անձնակազմի կողմից նորագույն տեխնոլոգիաների կիրառումը, ռեստորանային երաժշտության նոր մոտեցումներն ու ձևաչափերը, նոր, չկրկնվող  կոնցեպտուալ ռեստորանների բացումը, ո՞րն ասեմ… Կարծում եմ, որ մեր ընկերության ավանդն ու ներդրումը հայաստանյան ռեստորանային ոլորտի զարգացման գործում զգալի է և ակներև։ Տեսեք՝ մասնագիտական կրթության կարևորումը՝ Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի բացումը, խոհարարի մասնագիտության հեղինակության բարձրացումը, բարձր խոհանոցի, մոլեկուլյար խոհանոցի ներկայացումը,  «Գյուղից՝ սեղան» հայեցակարգը, հետո արդեն՝  «Սերմից սեղան» մոտեցման որդեգրումը.  յուրաքանչյուրն էլ համարձակ էր, իսկ մեր երազանքն է, որ ամեն մեր նոր քայլը փոփոխություն բերի թե՛ մեր ոլորտում, թե՛ քաղաքում, թե՛ երկրում։

2019 թվականի վերջում հայտարարել էիք, որ ունենալու եք  նոր համարձակ ծրագրեր, որոնք պետք է էլ ավելի հետաքրքրացնեն մեր քաղաքի կյանքը։

Մենք այս տարի բազում  նոր ծրագրեր ունենք։

Բայց այս պահին, քանի որ խոսեցինք էքսպերիմենտների մասին, ներկայացնեմ մեր նոր համարձակ քայլը. իտալական ռեստորան ենք բացում։

Ինչու՞ հենց իտալական։ Ձեր ռեստորաններն ազգային խոհանոցով են հայտնի, կամ, ասենք, նորերը՝  սթեյք հաուս, բարձր խոհանոց, իսկ հիմա իտալակա՞ն։ Ինչպե՞ս առաջացավ այդ գաղափարը։

Սա էլ մեր նոր երազանքն էր՝ իտալական համ ու հոտով (ժպտում է)։

Դուք նկատե՞լ եք, թե մեր բնակչությունը որքան է սիրում իտալական խոհանոցի ուտեստները, որքան են դրանք մեր քիմքին հաճո ու ընդունելի մեզ համար։ Իմ ընտանիքի անդամները, երեխաներս նույնպես իտալական խոհանոցի սիրահարներ են։ Ես էլ, ասեմ ձեզ, միշտ, երբ լինում եմ արտասահմանում, ցանկացած երկրում անպայման այցելում եմ ամենահայտնի իտալական ռեստորանը։

Իսկապես, իտալական խոհանոցը երևի թե ամենահայտնին է ամբողջ աշխարհում: Պիցցա, Կեսար աղցան, լազանիա, պաստա, ռիզոտտո, ռավիոլի՝  այս ուտեստները գիտեն և սիրում են աշխարհի բոլոր անկյուններում։ Սակայն  իտալական խոհանոցն ունի շատ ավելի մեծ խորություն,  փիլիսոփայություն, եթե կուզեք։ 

Ո՞րն է իտալական խոհանոցի ամենամեծ գաղտնիքը, ինչո՞վ է այն տարբերվում։

Նախ, նշեմ, որ հիմնական տարբերությունը թարմ մթերքների՝ բանջարեղենի, մրգերի, պանիրների, կարագի և ձիթայուղի, ծովամթերքի, տավարի մսի և թռչնամսի ու տարբեր համեմունքների լայն օգտագործումն է՝ և միայն ամենաորակյալը։ Իտալացի խոհարարներն իրական գուրմաններ են, ովքեր նախընտրում են ներկայացնել հին ավանդույթներով, մայրիկ-տատիկների գաղտնի բաղադրատոմսերով պատրաստած ուտեստները։  Նրանք  առանձնահատուկ  ուշադրություն են դարձնում  մթերքների որակին և տարաբնույթ համեմունքներին, որոնք էլ հենց պայմանավորում են իտալական ուտեստների ինքնատիպությունն ու  իտալացի խոհարարի ուրույն ձեռագիրը:

Սա մեզ համար շատ հոգեհարազատ սկզբունք է։ Որքան էլ դա տարօրինակ հնչի, իտալական խոհանոցը բավականին նման է  մեր խոհանոցին։

Ինչպես նշեցի, իտալական խոհանոցի հիմքում թարմ ու համեղ մթերքի ներկայացումն է, իսկ այդ մթերքները գրեթե բոլորն օգտագործվում են նաև մեր խոհանոցում և ասեմ՝  համային առումով էլ շատ չեն տարբերվում՝ արևային, մոտ  կլիմայական պայմաններում աճող մթերքներ են։

Խոհարարական մոտեցումների տեսանկյունից էլ բազմաթիվ նմանություններ կան։ Մեր խոհանոցում ևս անչափ կարևոր է խոհարարի պրոֆեսիոնալիզմը, հմտությունները։ Մեր խոհարարներից յուրաքանչյուրն էլ իր փոքրիկ գաղտնիքն ունի, որևէ շտրիխ, որն ընդգծում է իր «հեղինակային իրավունքը»։

Ինչպե՞ս է կոչվելու ձեր նոր ռեստորանը և որտե՞ղ է այն գտնվում։

Մենք բավականին խորհրդանշական, որոշ առումով սրամիտ և միանշանակ իտալական անվանում ենք ընտրել՝ Casa Nostra, ինչը թարգմանաբար նշանակում է «մեր տունը»։

Տնական կամ ընկերական է ոչ միայն ռեստորանի ջերմ ու խաղաղ մթնոլորտը, այլև դա ավելի շատ մեր խոսքն է, կոչը մեր հյուրին՝ համեցեք մեր հյուրընկալ տուն, մեր ընտանեկան տաքուկ ու համեղ անկյուն։

Casa Nostra-ն գտնվում է Բյուզանդի փողոցում, նորաբաց այգու տարածքում  նորակառույցներից մեկի առաջին հարկում։ Այդ հատվածն այսօր ամենամարդաշատ, երևանյան զբոսանքի ու ժամանցի համար նախատեսված վայրերից է, որը քիչ-քիչ ռեստորանների գեղեցիկ պուրակի է վերածվում։ 

Մեր քաղաքում, սակայն քիչ չեն իտալական ռեստորանները, իսկ ո՞րն է լինելու Casa Nostra-ի տարբերող բնութագրիչը։

Ընդարձակ բաց խոհանոց ենք ունենալու։ Իտալական ուտեստները գեղեցիկ են ոչ միայն մատուցման պահին, հետաքրքրական ու գեղեցիկ է նաև այդ ուտեստների պատրաստման գործընթացը։ Բացի այդ, դա հնարավորություն է, որ մեր հյուրերն իրենք տեսնեն, թե որքան որակյալ ու թարմ մթերք է օգտագործվում իրենց պատվերը պատրաստելիս։

Բաց խոհանոցն արդեն նոր մարտահրավեր է մեր խոհարարների համար, նոր հարթակ, բեմ՝  իրենց հմտություններն ու պրոֆեսիոնալիզմը ցուցադրելու։

Վստահորեն կարող եմ ասել, որ «Երեմյան Փրոջեքթսի» Casa Nostra նոր իտալական ռեստորանի հիմնական առանձնահատկությունը՝ խոհարարական թիմն է։

Նախ մեծ հաճույքով ներկայացնեմ Casa Nostra-ի շեֆ-խոհարարին՝ Ռաֆայել Կազումյանին, ով հայտնի է հայ հանդիսատեսին որպես «Թեժ խոհանոց» հեռուստաշոուի վարող և ժյուրի։

Ռաֆայել Կազումյանը մասնագիտական հարուստ գիտելիքներով և փորձով խոհարար է՝ հիմնարար կրթություն է ստացել խոհարարական աշխարհում լավագույնը համարվող Փարիզի «Le Cordon Bleu» դպրոցում։ Մոսկվայում աշխատել է հայտնի իտալական շեֆ-խոհարար Միրկո Ձագոյի հետ, ով էլ Ռաֆայելի համար դարձավ ուսուցիչ ու իտալական խոհանոցի բացահայտողը։ Հետագայում նա համատեղ նախագիծ է իրականացրել իտալացի շեֆ Լուիջի Ռեպոլլիի հետ, ինչն էլ հնարավորություն ընձեռնեց ծանոթանալ խոհարարական այնպիսի գաղտնիքներին ու նրբություններին, որոնք սովորաբար իտալացի տատիկները խնամքով պահպանում և փոխանցում են սերունդներին։

Նա աշխատել է նաև Միշլենյան 2 աստղ ունեցող Noma (Կոպենգագեն), L’Effervescence (Տոկիո) ռեստորաններում։ Մոնտենեգրոյում նա ղեկավարել է 6 տարբեր կոնցեպտուալ ռեստորաններ՝  ներդնելով իր հեղինակային խոհանոցը, այդ թվում էր նաև իտալականը, որն ամենասիրվածն ու ճանաչվածն էր այդ տարածաշրջանում։

Casa Nostra-ում կաշխատեն նաև մեր Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի շրջանավարտները։ Ի դեպ, Ակադեմիայում իտալական խոհանոցին նվիրված մի շարք դասընթացներ ունենք, որոնք գրեթե միշտ ամենապահանջվածներն են։

Նշեմ, որ Casa Nostra-ն շատ հետաքրքիր, բազմազան և չկրկնվող ճաշացանկ ունի, որում ներառված են նաև իմ և իմ ընտանիքի սիրած ուտեստները, և իրականում դրանց համն ու մատուցումը ամբողջովին համապատասխանում է Իտալիայի ռեստորաններում մատուցվածներին։  Այնպես որ սիրով ձեզ կսպասենք այստեղ, մեր իտալական համ ու հոտով նոր տանը՝ Casa Nostra-ում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]