Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Զուտ մրցակցությունը հանգեցրել է վարկերի տոկոսադրույքների նվազման. ԿԲ քայլերն ու սպասվող արդյունքները

Զուտ մրցակցությունը հանգեցրել է վարկերի տոկոսադրույքների նվազման. ԿԲ քայլերն 
ու սպասվող արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վարկերի ծավալի դինամիկ աճ է նկատվում: Տրամադրված վարկերի մնացորդը մոտ 3.4 տրլն դրամ է: Թեև սպառողական վարկերի աճը դեռ անհանգստացող ծավալների չէ, սակայն ՀՀ կենտրոնական բանկը նախատեսում է քայլեր, որոնք նպատակ ունեն թույլ չտալ ֆինանսական կառույցների հաճախորդների՝ հասարակության շրջանում պարտքի բեռի մեծ կուտակում: Կսահմանվի պարտքի սպասարկման գործակից, այսինքն՝ վարկի տրամադրման որոշում կայացնելիս հաշվի կառնվեն մարդու եկամտի մեջ բոլոր վարկերի ուղղությամբ կատարվող մարումները: «Արմենպրես»-ն այս թեմայով զրուցել է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանի հետ:

-Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները փաստում են, որ Հայաստանում 2019-ին վարկային տոկոսադրույքները շարունակաբար նվազել են, ինչո՞վ է սա պայմանավորված, արդյոք պատճառը միայն պահանջարկի ավելացումն է, ԿԲ-ն այս ոլորտում ի՞նչ քայլեր է իրականացրել:

-Վերջին մի քանի տարիների կտրվածքով տոկոսադրույքները գնալով նվազում են: Հատկապես, մինչև 2013-2014թթ. վարկերի տոկոսադրույքները կայուն նվազել են, ավանդների տոկոսադրույքները կայուն աճել: Դա խոսում է ֆինանսական համակարգում խիստ մրցակցության մասին: 2013-2014թթ. հետո շարունակվել է երկու տոկոսադրույքների զուգահեռ նվազումը: Զուտ մրցակցության պատճառով արդեն մենք ունենք տոկոսադրույքների բավականին խիստ նվազում: Դրան կարող ենք ավելացնել նաև բանկերի գործունեության արդյունավետության բարձրացումը, ԿԲ-ի քաղաքականությունն ուղղված է եղել բանկերի գործառնական արդյունավետությունը բարձրացնելուն, ինչն էլ կնպաստեր տոկոսադրույքների էլ ավելի նվազեցմանը:

-Տոկոսադրույքների նվազմանը զուգահեռ աճել է տրամադրված վարկերի ծավալը, արդյոք այդ աճը եղել է հիմնականում սպառողական վարկերի՞ աճի հաշվին: ԿԲ-ն վարկերի ծավալի ավելացումը մտահոգիչ չի՞ համարում, ի՞նչ քայլեր է իրականացնում կամ նախատեսում հասարակության պարտքի բեռի, նաև ֆինանսական կայունության ապահովման տեսանկյունից:

Այս պահի դրությամբ տրամադրված ընդհանուր վարկերի մնացորդը կազմում է շուրջ 3.4 տրլն դրամ: Ունեցել ենք վարկերի ծավալի բավականին դինամիկ աճ, այդ աճն արձանագրվել է նաև վերջին մի քանի տարիների ընթացքում: 2019-ին ունեցել ենք վարկերի ծավալի շուրջ 16 տոկոս աճ: Վստահությունը ֆինանսական, բանկային համակարգի նկատմամբ բավականին մեծանում է: Աճել են ոչ միայն սպառողական, այլ բոլոր տեսակի վարկերը՝ թե հիփոթեքային վարկերը, թե գյուղատնտեսության, թե շինարարությանը, թե ծառայությունների ոլորտին ուղղված վարկերը: Կա նաև սպառողական վարկերի աճ, բայց դա դեռ չի հասել այն մակարդակին, որ մենք մտածենք, թե ֆինանսական կայունության հետ կապված խնդիրներ ունենք: Մեր քայլերն ուղղված են նաև նրան, որ թույլ չտանք սպառողների մոտ շատ ավելի մեծ պարտքի բեռի կուտակում: Այդ նպատակով ԿԲ-ն որոշակի քայլեր արդեն ձեռնարկել է, հիմա վերլուծությունների փուլում ենք, ուսումնասիրում ենք, թե հաճախորդների մոտ պարտքի բեռի ինչպիսի մակարդակ կա, որպեսզի համապատասխան նորմատիվային գործիքներ կիրառենք բանկերի համար, օրինակ՝ պարտքի սպասարկման գործակցի սահմանում: Բանկերը ֆինանսական միջնորդներ են, իրենք չեն գնի հիմնական որոշողը, ունեն ֆինանսական միջոցների ներգրավում, որոնք սովորաբար ավանդներն են, հետո ավանդների միջոցով վարկավորում: Վարկի տոկոսադրույքի մեծ մասը հենց ավանդի տոկոսադրույքն է, հետո նոր գալիս են բանկի մնացած ծախսերը: Հետևաբար` մենք այստեղ ոչինչ չենք կարող անել, եթե ունենք խնայողությունների գին՝ ձևավորված շուկայում: Մենք պետք է աշխատենք բանկերի հետ, որ եթե օրինակ հաճախորդն ունակ չէ սպասարկելու այդ վարկը, ապա նա լրացուցիչ պարտք չվերցնի: Երբ հաճախորդին մերժում են վարկի տրամադրման համար, նա փորձում է պատճառներ գտնել, և հաճախ այդ մերժման հիմքերի մեջ չեն փորձում դիտարկել այն, որ ինքն արդեն ունի շատ պարտքեր: Եթե հաճախորդն ունի օրինակ 150 հազար դրամ եկամուտ, բայց իր վարկի մարումը կազմել է ամսական 100 հազար դրամ, բնականաբար հաճախորդը կունենա ապրելու խնդիր, կունենա պարտք, որը չի կարողանալու մարել: Այս դեպքում պետք է պարտադիր որոշակի նորմատիվներ գործեն, որպեսզի բանկերը  նման հաճախորդներին վարկ չտրամադրեն: Սովորաբար հենց այդպես էլ լինում է, բանկերը նման հաճախորդներին վարկ չեն տրամադրում, շատ ավելի մեծ խնդիր է վարկային կազմակերպությունների հետ աշխատանքը, որոնք ունեն հաճախորդների վարկավորման իրենց մոդելները: ԿԲ-ի քայլերը հիմա ուղղված են հաճախորդներին ավելի հավասարակշռված պարտքի բեռով սպասարկմանը: Մենք կարող ենք բանկերի կամ վարկային կազմակերպությունների համար սպառողական վարկերի դեպքում սահմանել որոշակի չափանիշներ, օրինակ՝ փոքր վարկերի համար հաճախորդների վարկի մարում/եկամուտ հարաբերակցությունը չպետք է գերազանցի X տոկոսը: Այսինքն՝ դիտարկվում է, թե հաճախորդն իր եկամուտի որ հատվածը կարող է ուղղել պարտքի մարմանը, եթե դա գերազանցի որոշակի տոկոսը, հետևաբար հաճախորդը կունենա խնդիր: Եթե մարդը հիմա օրինակ կարող է ցանկացած պահի ցանկացած վայրից վարկ վերցնել, հետո գնալու է, իրեն մերժեն: Նրան ասելու են, որ բոլոր պարտքերի ուղղությամբ կատարվող մարումները եկամտի մեջ կազմում են օրինակ 80 տոկոս, հետևաբար՝ նա չի կարող վարկ ստանալ: Մարդիկ պետք է իմանան, որ իրենց վարկ կտան այն դեպքում, երբ կարող են ապացուցել, որ ունեն թափանցիկ եկամուտ, որով կարող են մարել այդ վարկերը: ԿԲ-ն իրականացնում է քայլեր, որ մարդիկ չկարողանան վարկ վերցնել, եթե չունեն համապատասխան եկամուտ: Վարկերի պայմանները նույնն են մնալու: Վերջին 2-3 տարվա ընթացքում սպառողական վարկերն էական աճեցին: Դրանց աճը նշանակում է, որ մեզ համար կա սիգնալ՝ հնարավոր է ունենանք  խնդիր: Եվ մենք սկսեցին ինֆորմացիա հավաքել պարտքի բեռի մասին, հիմա այդ փուլում ենք: Այնուամենայնիվ, ԿԲ-ի համար վարկավորման ծավալների աճը ներկայում մտահոգիչ չէ: Մենք փորձում ենք  այդ ցուցանիշները գնահատել ՀՆԱ-ի հետ հարաբերակցության միջոցով, որը հենց անվանում են ֆինանսական միջնորդություն: Ֆինանսական միջնորդության մակարդակը կազմում է շուրջ 90 տոկոս, ինչն այս պահի դրությամբ մեզ համարդ դեռևս մտահոգիչ չէ:

-Վարչապետն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի մեջ ժամկետանց վարկերի կշիռը նախորդ տարվա ընթացքում նվազել է և կազմել ռեկորդային ցածր՝ 0.85%, ինչո՞ վ է պայմանավորված այս միտումը, ԿԲ-ն ի՞ նչ տվյալներ ունի, 2019-ին ժամկետնանց վարկերի թիվը որքա՞ ն է եղել:

-Վարչապետի հայտնած ցուցանիշը վերաբերվում էր ժամկետնանց վարկերի ժամկետնանց կտորի հարաբերակցությանը՝ ընդհանուր վարկերին: Օրինակ, մարդը վերցրել է 1 մլն դրամ վարկ, որից 100 հազար դրամ մարումը չի արել, այդ 100 հազարը դարձավ ժամկետնանց։ Իսկապես, ունեինք բավականին ցածր մակարդակ: Մենք ավելի շատ փորձում ենք հետևել ոչ թե ժամկետնանց վարկերի, այլ չաշխատող վարկերի ցուցանիշին: Չաշխատող վարկերն այն վարկերն են, որոնք օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով դարձել են ժամկետնանց: Այս դեպքում խոսքը ոչ թե ժամկետնանց կտորի մասին է, այլ ընդհանուրի. օրինակ մարդն ունի ունի 1 մլն դրամ վարկ, ամսական 100 հազար դրամ պետք է մարի, եթե դա չի մարում, ապա այդ ամբողջ 1 մլն դրամանոց վարկը դիտարկում ենք ռիսկային վարկ: Սրա հետ չաշխատող են դառնում նաև այդ մարդու մյուս վարկերը: Եթե մարդը երեք վարկ ունի, որոնցից մեկի գծով կա խնդիր, դա նշանակում է, որ նա ռիսկային է, ու մեծ է հավանականությունը, որ մնացածի գծով էլ կունենա խնդիր: Եվ հետևաբար չաշխատող ենք դիտարկում այդ մարդու բոլոր վարկերը: Չաշխատող վարկերի բավականին ցածր ծավալ ունենք: Դրանք ընդհանուր վարկային պորտֆելում 2019-ի վերջի դրությամբ կազմում են շուրջ 5.5 տոկոս, ինչը վարկերի նման աճի պայմաններում բավականին ցածր ցուցանիշ է: Տարածաշրջանի երկրների համեմատ ունենք ամենացածր ցուցանիշներից մեկը:

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]