Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Մայիս

Սլովակիայի դեսպանության բացումը կխթանի երկկողմ կապերը. Փաշինյանն ընդունել է Միրոսլավ Լայչակին

Սլովակիայի դեսպանության բացումը կխթանի երկկողմ կապերը. Փաշինյանն ընդունել է 
Միրոսլավ Լայչակին

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 24-ին ընդունել է Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով Միրոսլավ Լայչակի այցը մեր երկիր՝ ՀՀ վարչապետը կարևորել է փետրվարի 24-ին Հայաստանում Սլովակիայի դեսպանության բացումը, որը նոր լիցք և որակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Սլովակիայի հետ համագործակցության զարգացմամբ՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Եվրոպական միության շրջանակում։ Վարչապետի խոսքով՝ ԵՄ-ն Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի հիմնական գործընկերն է, և Հայաստանը կարևորում է և՛ ԵՄ կառույցների, և՛ ԵՄ անդամ-երկրների օժանդակությունն այդ գործընթացում: Վարչապետը երախտագիտություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Սլովակիայի հավասարակշռված դիրքորոշման համար: Նիկոլ Փաշինյանն իր ջերմ ողջույններն է հղել Սլովակիայի վարչապետ Պետեր Պալլեգրինին:

Միրոսլավ Լայչակը նշել է, որ Սլովակիայի համար Հայաստանը կարևոր գործընկեր է, և ՀՀ-ում Սլովակիայի դեսպանության բացումը լավ հնարավորություններ է ստեղծում երկկողմ հարաբերությունների ակտիվացման համար: Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը ողջունել է Հայաստանի հավակնոտ ժողովրդավարական բարեփոխումները և նշել, որ Սլովակիան պատրաստ է կիսվել ռեֆորմների գործընթացում իր կուտակած փորձով: Նա ընդգծել է, որ որպես ԵՄ անդամ-երկիր՝ Սլովակիան պատրաստ է աջակցել Հայաստանին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) կիրարկման, ինչպես նաև մուտքի արտոնագրերի ազատականացման  գործընթացում: Երկկողմ տնտեսական կապերի զարգացման համատեքստում Մ. Լայչակը հեռանկարային է համարել ներդրումների խթանման, զբոսաշրջության զարգացման ուղղությամբ համատեղ քայլերը ու նաև բարձր գնահատել միջազգային կազմակերպություններում երկու երկրների միջև փոխգործակցությունը: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը նշել է, որ Սլովակիան լիովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին:

Վարչապետն օգտակար է համարել բարեփոխումների գործընթացում Սլովակիայի փորձի ուսումնասիրությունը՝ նշելով, որ Հայաստանը կարևորում է գործընկերների հետ փորձի փոխանակումը:

Նիկոլ Փաշինյանը և Միրոսլավ Լայչակը մտքեր են փոխանակել նաև Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում համագործակցության շուրջ: Անդրադարձ է եղել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակում վերջին զարգացումներին:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ