Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ արտգործնախարարությունն ուշադրության կենտրոնում է պահում Իտալիայում կորոնավիրուսի տարածման խնդիրը

ՀՀ արտգործնախարարությունն ուշադրության կենտրոնում է պահում Իտալիայում 
կորոնավիրուսի տարածման խնդիրը

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ուշադրության կենտրոնում է պահում նաև Իտալիայում կորոնավիրուսի համաճարակի տարածման խնդիրը:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին փետրվարի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Ինչ վերաբերում է Իտալիային, սա նույնպես, բնականաբար, չէր կարող վրիպել մեր ուշադրությունից: Այստեղ նույնպես մենք գնահատում ենք, թե ինչ անհրաժեշտ քայլեր է պետք ձեռնարկել, որպեսզի պաշտպանենք մեր բնակչությանը և աշխատենք միասին, որպեսզի թույլ չտանք համաճարակի տարածումն ու հաղթահարենք այն միասին: Մենք գիտակցում ենք, որ այս հարցում ժամանակի կորուստ թույլ տալ չի կարելի»,- ասաց Մնացականյանը:

Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարող երկրների հետ համագործակցությանը՝ նախարարը նշեց, որ սերտ համագործակցություն է տարվել և տարվում Չինաստանի և Իրանի հետ:

«Դա մարտահրավեր է բոլոր երկրների համար, և այստեղ մեզ համար կարևոր մոտեցում է՝ համագործակցության միջոցով գտնել ճանապարհները՝ իրավիճակը վերահսկելու, համաճարակը կանխարգելելու և այն հաղթահարելու համար: Մենք շատ սերտ աշխատել ենք Չինաստանի հետ այդ առումով, շատ սերտ աշխատում ենք նաև Իրանի հետ»,- նշեց նա:

Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստի արդյունքներով որոշվել է դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի հետ, իսկ օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ:

Նիստի ավարտի և դրա արդյունքներով ընդունված որոշումների մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Նիստի  արդյունքներով որոշվել է.

  1. Երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ:
  2. Օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ:
  3. Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումները իրականացնել առանց սահմանափակումների, կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ:
  4. Որեւէ սահմանափակում չկիրառել Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար:
  5. Երկու շաբաթվա ընթացքում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հետ լինել սերտ հաղորդակցության մեջ, ամբողջացնել տեղեկությունները ԻԻՀ-ում կորոնավիրուսի տարածման ծավալների վերաբերյալ՝ հետագա անելիքները ճշգրտելու համար:
  6. Կառավարությունը քիչ անց հեռակա նիստով կկայացնի համապատասխան որոշում, որը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից:

«Հարկ եմ համարում արձանագրել, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության ոչ մի դեպք չունենք եւ հույս ունեմ՝ չենք ունենա: Հայաստանը ունի բոլոր անհրաժեշտ տեխնիկական եւ մասնագիտական ռեսուրսները կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշման համար»,- գրել է վարչապետը:

Հունվարի 30-ին Իտալիայի նախարարների խորհուրդը արտակարգ դրության ռեժիմ է սահմանել երկրում չինաստանցի երկու զբոսաշրջիկների մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո: Այդ մասին հայտնել է Կիջի կառավարական պալատը: Իտալիայում արտակարգ դրության ռեժիմի գործողությունը կշարունակվի վեց ամիս:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]