Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գրիգոր Վանցյան -150

Գրիգոր Վանցյան -150

                                                                                             Վանցյանը գրականության մշակ է դարձել…

                                                                    Հ. Թումանյան, 1892 թ.

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեց տարին, որը հայտարարված էր Թումանյանական։ Շուրջ մեկ տարի Մեծն Թումանյանի ոգին, կարծես, թևածում էր Հայոց աշխարհում։ Հովհաննես Թումանյանից ուղիղ մեկ տարի և երկու օր անց 1870 թվականի փետրվարի 21-ին,  Ջավախք աշխարհի Բեժանո գյուղում ծնվել է Գրիգոր անունով մի տղա, ով դառնալու էր Մեծն Լոռեցու մերձավոր ընկերներից մեկը, նրա լավագույն բարեկամը։ Տղան հետագայում ավարտել է Ներսիսյան դպրոցը, որտեղ էլ ծանոթացել և մտերմացել է Հովհաննես Թումանյանի հետ։ Ապա ուսանել է Բեռլինում։ Մանկավարժությամբ է զբաղվել Ջավախքի գյուղերում և Թիֆլիսի  Առևտրի դպրոցում։

Գրիգոր Վանցյանը բավականին ճանաչված ու հարգված անուն էր 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի առաջին տասնամյակում, ցավոք, մեր օրերում քչերին հայտնի։ Նա հեղինակել է լեզվաբանությանը, գրականագիտությանը, պատմությանը, մանկավարժությանը վերաբերող  բազմաթիվ հոդվածներ ու գրքեր։ Նրա մասին բարձր կարծիքի են եղել նրա ժամանակակից շատ գրողներ ու բանաստեղծներ, արվեստագետներ։ Ահա, թե ինչ է գրել Գրիգոր Վանցյանի մահից հետո Մխիթարյան միաբանության  անդամ, անվանի  հայագետ Հ.Ք. Չրակյանը.  «Վանցեանի հիշատակը կապուած պիտի մնայ այսուհետեւ իր Պատմական քերականութեան հետ, ուրեմն մահարձանի չի կարօտիր…»։  Բայց պետք է ասեմ, որ միայն «Պատմական քերականությամբ» չէ, որ պիտի հիշվի Գրիգոր Վանցյանը։ Նրա յուրաքանչյուր աշխատություն եր՜ևույթ էր իր ժամանակի համար։

Բարեբախտաբար, վերջերս լուրջ քայլ արվեց մոռացության փոշուց ազատելու  այդ արժանավոր հայագետի ու մեծ հայրենասերի անունը։ «Հայաստան» հրատարակչությունը 2015 և 2016 թվականներին լույս ընծայեց  Գրիգոր Վանցյանի ընտիր երկերի երկհատորյակը։ Որոշ ժամանակ անց՝ նույն 2016-ին, հրապարակ հանվեց նաև երրորդ հատորը։ Այդպիսով, գրասեր հասարակայնությանը հրամցվեց  Թումանյանի բարեկամ գրողի և գիտնականի ժառանգության ամփոփ հրատարակությունը։ Այդ շնորհակալ գործը ձեռնարկել են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) և «Արմեն և Թաթուլ Ղարսլյան եղբայրներ» գրական հիմնադրամը։

Հատորներում ամփոփված են Գրիգոր Վանցյանի «Պատմական քերականութիւն  արեւելահայ  լեզուի» (1906), «Դպրոցական քերականութիւն» (1906), «Հայոց պատմութիւն» (1908), «Գրպանի ուղղագրութիւն» (1914), «Հայ  լեզու պատկերազարդ այբուբեն» (1907) գրքերը։ Ինչպես վկայում են հրատարակիչները, սա հեղինակի գործերի առաջին համահավաք ժողովածուն է։ Այն նախատեսված է պատմաբան-ազգագրագետների, լեզվաբանների, ինչպես նաև ընթերցասեր լայն շրջանների համար։

«Պատմական քերականութիւն արեւելահայ լեզուի» աշխատության մեջ հեղինակը, կամ  ինչպես ինքն է իրեն անվանում՝ հորինողը, հանգամանորեն անդրադարձել է լեզվին առնչվող մի շարք հարցերի։ Մասնավորապես, նա մանրամասն խոսում է մարդկային լեզվի ծագման մասին,անդրադառնում է հնդեվրոպական լեզվախմբին, խոսում  այդ լեզվախմբին հայերենի առնչության մասին։ Հեղինակը չի մոռանում նաև արևելահայերի բարբառները, այդ թվում՝ արարատյան  բարբառը։ Բնական է, որ հեղինակը բավականին տեղ է հատկացրել նաև գրաբարի ծագմանը և լեզվագիտական այլ խնդիրների լուսաբանմանը։

Ահա թե ինչպես է 1910 թվականին արձագանքել այդ գրքի լույս ընծայմանը Մխիթարյանների «Բազմավէպ» պարբերականը, գրելով՝ «Պր.Վանցեանի երկը շահեկան է ոչ միայն արեւելեան  լեզուի, այլև գրաբարի պատմութեամբ հետաքրքրուողներուն. նա կը ջանայ  ցուցնել գրաբարէն ալ հին հայերէն մը՝ մեր արդի գաւառաբարբառներուն մէջ…»։

Համաշխարհային  գրականության  պատմությունից  իմանում ենք, որ անցյալում  շատ մոդայիկ է եղել միևնույն հայացքների և գրական նախասիրությունների տեր գրողները միշտ էլ ձգտել են միավորվել գրական խմբակներում։ Այդպիսիք եղել են Ֆրանսիայում («Պառնաս»), Ռուսաստանում («Արզամաս») և այլուր։ Նման մի ակումբ էլ Հովհաննես Թումանյանը 1899 թվականին Թիֆլիսում ստեղծում է հայտնի «Հայարտունը»։ Դրանից մեկ տարի առաջ նույն Թիֆլիսում, հինգ մտավորական ընկերներ՝ Հովհաննես  Թումանյանը, Դաթիկո  Շահլամյանը, Ս. Առաքելյանը, Գրիգոր Վանցյանը,  Արսեն Ղլտճյանը  ստեղծում  են  առաջին «Վերնատունը», որը Թումանյանի մտերիմ ընկերոջ Արսեն Ղլտճանի ասելով «ցարդ մնացել է անծանոթ և անհայտ»։ Այդ խմբակն իր պարապմունքներն անցկացնում էր Դաթիկո Շահլամյանի բնակարանում։

Հատորներից մեկում զետեղված է նաև ՙԳրպանի ուղղագրութիւն՚ փոքրիկ գրքույկը։ Հետաքրքիր է այդ աշխատությունը գրելու դրդապատճառը։ Այդ մասին Գրիգոր Վանցյանը գրում է հենց գրքույկի առաջաբանում։ Ըստ հեղինակի ՙմի սխալ մեթոդի շնորհիվ մինչ օրս տանջվում են թե ուսուցիչները, թե աշակերտները, ովքեր ստիպված են անգիր իմանալու բոլոր հայերեն բառերի ուղղագրությունը։Մինչդեռ, եթե մենք անգիր գիտենք, կամ ձեռքի տակ  ունենք փոքրաթիվ բառերի քանակը, որոնք սխալ են պատճառում, այլևս կարիք չունենք բոլոր բառերի ուղղագրությունն  անգիր անելու՚։ Աշակերտների և ուսուցիչների հոգսը թեթևացնելու նպատակով Գրիգոր Վանցյանը հեղինակել է իր ՙՈւղղագրությունը՚, և խորհուրդ է տալիս աշակերտներին ձեռքի տակ ունենալ իր գրքույկը և օգտվել նրանից։ Չգիտեմ, թե որքանով է համապատասխանում մանկավարժությանն այդ մեթոդը, բայց որ այդ ՙՈւղղագրութիւնը՚ պիտի որ դուր գար ծույլիկներին, կասկածից վեր է։ Ինչևէ, գիրքը լույս է տեսել և անգամ պահանջարկ վայելել։

Աշակերտներին, անշուշտ, կհետաքրքրի ՙՀայոց պատմութիւն՚ պատկերազարդ գիրքը։ Այդ գրքի նախաբանում հեղինակը, դիմելով Թիֆլիսի Առևտրական և Մանթաշևի  վաճառային դպրոցների իր աշակերտներին, գրում է.ՙԴուք,սիրելի աշակերտներ, որ սովորում եք Եգիպտոսի, Բաբելոնի,Ասորեստանի, Մարաստանի, Հրէաների, Պարսից և այլ բազմաթիվ ազգերի պատմությունները, շատ անգամ դիմել եք ինձ հարցերով, ի՞նչու չենք սովորում հայոց պատմութիւն, ե՞րբ պիտի սովորենք մեր սեփական պատմութիւնը…՚։ Գրիգոր Վանցյանը դիմելով  իր սաներին,  ասում է, որ հենց այս գիրքն է, որ պիտի պատասխանի ձեր հարցերին։ Իրոք, անվանի գիտնականը, ով նաև հիանալի մանկավարժ էր, համառոտ և կարճ շարադրում է հայոց պատմությունը, անդրադառնալով հայերի ծագմանը՝ նաև ըստ ավանդության, պատմում է Հայկի ու նրան հաջորդած իշխանավորների մասին։ Նա Հայոց պատմությունը բաժանում է չորս մասի և յուրաքանչյուրում  խոսում այդ ընթացքում Հայաստանի թագավորների  մասին, յուրաքանչյուրին նվիրելով գողտրիկ մի մանրապատում։

Գրիգոր Վանցյանը թողել է հարուստ գիտամանկավարժական ժառանգություն, որն այսօր արդեն հասու է մեր ժամանակակիցներին, ինչի համար հատուկ երախտիքի են արժանի պատմական գիտությունների թեկնածու Վահե Սարգսյանը, ով կազմել և հրատարակության է պատրաստել սույն երկհատորյակը, ինչպես նաև մերօրյա բարերարներ Արմեն Ղարսլյանը և Սերգեյ Վանցյանը։

Գրիգոր Վանցյանի երկերի ժողովածուի երրորդ՝ «Ուսումնասիրություններ և հրապարակումներ» հատորի լույսընծայման կապակցությամբ «Արմենպրես»-ի թղթակիցը հարցազրույց ունեցավ հատորյակները կազմող և հրապարակման պատրաստած պատմական գիտությունների թեկնածու Վահե Սարգսյանի հետ: Նրա խոսքով՝  երրորդ, ինչպես և նախորդ երկու հատորների  տպագրությունը  երաշխավորել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի գիտխորհուրդը։  Այն լույս է ընծայվել «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի(ՋԱՀ) կողմից։ «Ուրախալի է,որ այդ հիմնադրամը շարունակում է  իր գրահրատարակչական ձեռնարկումները։  Համոզված ենք, որ հենց այդ գրքերի շնորհիվ մեր ժամանակակիցները ծանոթանում են անցյալում  մեծ ճանաչում ունեցած, բայց, ավաղ, մեր օրերում քչերին ծանոթ Գրիգոր Վանցյանի կյանքին ու նրա թողած հարուստ գրական ժառանգությանը»,-նշեց Սարգսյանը։

Գրիգոր Վանցյանի երկերի ժողովածուի նախորդ երկու հատորներում զետեղված են   հայագետի գիտական և հրապարակախոսական աշխատանքները, նամակները, թարգմանություններն ու  վեց գրքերը։ Ներկա՝ երրորդ հատորյակը բաղկացած է երկու խոշոր բաժիններից։ Առաջին բաժնում ամփոփված   են կենսագրական բնույթի տեղեկությունները, որոնք սփռված են  զանազան հանրագիտարաններում, անգամ  «Բազմավէպ» հանդեսում։

 Պետք է նշել, որ ժամանակին Գրիգոր Վանցյանի գրքերն ու գիտական հրապարակումները մշտապես եղել են մամուլի ուշադրության կենտրոնում։ Դրանց անդրադարձել ու դրվատանքի խոսքեր են ասել ժամանակի այնպիսի հանրահայտ պարբերականներ, ինչպիսիք են «Հանդէս Ամսօրեայ», «Արարատ», «Բազմավէպ», «Մուրճ», «Երկիր», «Յոյս», «Մշակ», «Նոր դար», »Զարկ»։

Հատորյակի երկրորդ բաժինն ամբողջությամբ նվիրված է Գրիգոր Վանցյանի և Հովհաննես Թումանյանի փոխհարաբերություններին։ «Գրիգոր Վանցյանի նամակները Հովհաննես Թումանյանին», «Հովհաննես Թումանյանի նամակներն ընկերներին և հարազատներին», «Ընկերների նամակները Հովհաննես Թումանյանին» խորագրի ներքո հատորում զետեղված են Վանցյանի  գրած 19 նամակները՝ հասցեագրված Հովհաննես Թումանյանին։ Ընթերցողը երևի կզարմանա, թե ինչո՞ւ հատորում չկան Թումանյանի նամակներից, որ Մեծ Լոռեցին  ուղարկել է Գրիգոր Վանցյանին։ Պարզ է, որ նամակագրությունը միակողմանի չի եղել։ Ցավոք, այդպիսիք չեն պահպանվել, կորել են կամ դրանց տեղը առայժմ  հայտնի չէ։ 

Փոխարենը հատորում տեղ են գտել Թումանյանի՝ ընկերներին հղված 9 նամակները, ինչպես նաև ընկերների՝ Թումանյանին ուղարկած 7 նամակները։ Այդ նամակներն ընդգրկված են հատորում, քանզի դրանցում հիշատակվում է Գրիգոր Վանցյանի անունը։

Թումանյանի և Վանցյանի ներսիսյանական և հետագա տարիների ջերմ հարաբերությունների մասին են վկայում նաև Թումանյանի «Աղոթք» և «Կանչ» բանաստեղծությունները։ Ահա թե ինչու դրանք ևս  տեղ են գտել վերոհիշյալ հատորում։  

Ինչպես զրույցի վերջում ընդգծեց Վահե Սարգսյանը, Հովհաննես Թումանյանի ծոցատետրում եղած գրառումից պարզվում է, որ հենց Գրիգոր Վանցյանն է նրան պատմել Ջավախքում տարածված «Փարվանա» լեգենդի մասին, ինչը առիթ է տվել մեծ բանաստեղծին գրելու իր հանրահայտ «Փարվանա» պոեմը։

Վերջում նշենք, որ գիրքը լույս է տեսել բարերար Սերգեյ Վանցյանի միջոցներով և այն ձոնվում է Վանցյանների գերդաստանի երկու արժանավոր ներկայացուցիչներ Գրիգոր և Լորենց Վանցյան եղբայրների հոբելյաններին։

Գրիգոր Վանցյանն իր մահկանցուն կնքեց 1908 թվականի մայիսի 5-ին, Թիֆլիսում։ Նա թաղված էր Թիֆլիսի հայկական՝ «Խոջիվանք» գերեզմանատանը, որը տարիներ անց ավերվեց, տեղը  ստեղծվեց զբոսայգի։ Այսօր այդ վայրում վեր է խոյանում վրացական մայր տաճարը՝ Սուրբ Երրորդություն եկեղեցին։

Լևոն Ազրոյան

ԱՐՄԵՆՊՐԵՍ գործակալությունը պատասխանատվություն չի կրում այս բաժնում և ժապավենում տեղ գտած մամուլի հաղորդագրությունների բովանդակության համար։ Բաժնի նյութերի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է բացառապես մամուլի հաղորդագրության հեղինակը։ ԱՐՄԵՆՊՐԵՍԸ չի կարող համարվել պատասխանատու այս բաժնում հրապարակված հաղորդագրությունների հեղինակների կողմից ներկայացված տեղեկատվության անճշտությունների / սխալների համար։
ԱՐՄԵՆՊՐԵՍՆ իրեն իրավունք է վերապահում չհրապարակել այն հաղորդագրությունները, որոնք պարունակում եմ այլոց նկատմամբ վիրավորական արտահայտություններ, կամ մեղադրանքներ, կամ մտքեր, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված այլոց իրավունքները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]