Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Ապրիլ

Հայաստանի նոր արդյունաբերականացում. իրողություններ, խնդիրներ, հեռանկարներ

Հայաստանի նոր արդյունաբերականացում. իրողություններ, խնդիրներ, հեռանկարներ

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա հունվարին զանգվածային լրատվամիջոցներում հայտնվեց մի ակնարկ, ըստ որի ամերիկյան Forbs գործակալությունը Հայաստանն անվանել է աշխարհի հաջորդ տեխնոլոգիական հաբը, նշելով երկրի ՏՏ ոլորտի արագ առաջընթացը: Հոդվածի հեղինակ Վ. Շեփարդը արդարացիորեն նկատում է, որ Հայաստանը, որն ակնհայտորեն հայտնվել էր տարածաշրջանի ենթակառուցվածքային նախագծերի ճամփեզրին (Armenia has been conspicuously left by the wayside), ընտրեց զարգացման այլ ուղի, դնելով իր խաղաքարերը բոլորովին այլ՝ տեխնոլոգիաների սեղանին: Մարդկային կապիտալը միակ բանն է, ինչ կա երկրում, և շրջափակման մեջ հայտնված Հայաստանի համար բարձր տեխնոլոգիաների ոլորտը դարձավ կենսականորեն անհրաժեշտ ազգային առաջնահերթություն, «արա կամ մահացիր» սկզբունք (a do or die), գրում է հեղինակը:

Ներկայումս Հայաստանում գործում են աշխարհի բազմաթիվ տեխնոլոգիական րնկերությունների ներկայացուչցություններ, այդ թվում՝ Intel, Microsoft, Google, IBM, Synopsis, Cisco: Ըստ վիճակագրության երկրի տեխնոլոգիական հատվածը/սեկտորը 2018 թ. աճել է 33 տոկոսով, իսկ դրա տարեկան շրջանառությունը կազմել է 250 մլն դոլար:

Ընդ որում, 2019 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալը կազմել է 2 103.9 մլրդ դրամ, ինչը տոկոսային հարաբերությամբ հավասար է հախորդ տարվա համադրելի շրջանի 109 տոկոսին՝ այսինքն աճը կազմել է առնվազն 9%: Ընդ որում հանքարդյունաբերական և մշակող արդյունաբերության աճը կազմել է համապատասխանաբար 23.9 և 7.6 տոկոս:

Վերամշակող արդյունաբերություն, 2019 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին

  • 1 - Սննդարդյունաբերական արտադրանք
  • 2 – Ըմպելիքների արտադրություն
  • 3 – Ծխախոտի արտադրանք
  • 4 - Հագուստի արտադրություն
  • 5 – Տպագրական գործունեություն և գրավոր տեղեկատվության կրիչների տարածում
  • 6 – Քիմիական արդյունաբերության արտադրանք
  • 7 – Այլ ոչ մետաղական ապրանքների արտադրություն
  • 8 – Հիմնական մետաղների արտադրություն
  • 9 – Պատրասի մետաղական ապրանքների արտադրություն
  • 10 – Էլեկտրական սարքավորումների արտադրություն
  • 11 – Ոսկերչական ապրանքների արտադրություն
  • 12 – Գործունեության այլ տեսակներ

 

Հաշվի առնելով երկրի տնտեսական կյանքում առկա լուրջ ոլորտները, շուկայական բարեփոխումների քաղաքականության ձևավորման ու ընտրության, երկրի զարգացման աճի մոդելի ու վեկտորի ընտրությունը դառնում է ծայրահեղ ակտուալ ու բարդ խնդիր: Այս առումով գլխավոր փաստաթուղթը՝ Հայաստանի նոր կառավարության ծրագիրն է (ՀՀ Կառավարության որոշում թ. 65-Ա առ 8 փետրվարի 2019 թ.), որում ներկայացված են կառավարության մոտեցումները երկրի զարգացման առաջիկա հինգ տարվա համար: Ծրագրի համաձայն կառավարության գործունեությունը ուղղված է.

  • Հայաստանը բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերական երկիր դարձնելուն,
  • Ռազմա-արդյունաբերական համալիրի զարգացմանը, որպես զինված ուժերի մարտունակության ապահովման և բարձրացման, տնտեսական աճի և գիտատեխնիկական առաջընթացի առանցքային գործոն,
  • Կարգավորման արդյունավետ մեխանիզմների ներդրման միջոցով տնտեսական մրցակցության պաշտպանության ապահովմանը,
  • Ապրանքների և ծառայությունների էական աճի ապահովմանը, որը դառնալու է Հայաստանի տնտեսական առաջընթացի գլխավոր շարժիչ ուժը: Մինչև 2024 թ. ապրանքների և ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ի կազմում պետք է հավասարվի 43-45%: Միևնույն ժամանակ արտահանման կառուցվածքում պետք է զգալիորեն բարձրացնել տեխնոլոգիկան ապրանքների բաժինը:

Իհարկե, նպատակների այս համառոտ ցանկը ընդամենն ընդհանուր պատկերացում է տալիս կառավարության մտադրությունների մասին: Նշված բոլոր նպատակները պետք է մանրամասնորեն բացվեն համապատասխան փաստաթղթերում, որի արդյունքում, մեր կարծիքով, ի վերջո կուրվագծվի այն գործողությունների համալիրը, որն ուղղված է վարվող տնտեսական զարգացման քաղաքականության երկարաժամկետ տեսլականի նյութականացմանը: Դրա հիմքում պետք է դրվի գիտություն, տեխնոլոգիա, արդյունաբերություն եռյակը «գիտելիքների էկոնոմիկայի» բարձր մասնաբաժնով (ինչը մասամբ բխում է հենց այդ փատաթղթից), որոնք, դառնալով տնտեսության (արտադրանքի և ծառայությունների) կարևորագույն բաղկացուցիչ, կապահովեն ողջ երկրի դինամիկ զարգացումը տասնամյակների ընթացքում:

Այդ տրիադը (գիտություն, տեխնոլոգիա, արդյունաբերություն)՝ ոչ միայն տնտեսության, այլ նաև գիտակցության կառույց է: Ստեղծագործ մարդը և վաճառող մարդը՝ տարբեր մտածողություն ունեն, և, համապատասխանաբար, ներկայացված են տարբեր հասարակական հարաբերություններում ու դրանք ապահովող ինստիտուտներում:

Հետևաբար, Հայաստանի ռազմավարական խնդիրը՝ արդյունաբերական քաղաքականության կտրուկ ակտիվացումն է բառիս ամենալայն իմաստով: Այդ քաղաքականության առաջնահերթությունը պետք է լինի երկրում արտադրված ինովացիոն-արդյունաբերական, գիտատեխնոլոգիական արտադրանքը և ծառայությունները, ինչն իր հերթին ենթադրում է մարդկային կապիտալի առաջանցիկ զարգացում:

Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահ Կլաուս Շվաբի պնդմամբ, այսօր արդեն պարզ է, որ.

Կապիտալիզմի դարը վերջնականորեն սպառվել է և պետք է փոխարինվի տաղադականության դարով...

Օդի պես անհրաժեշտ են նոր գաղափարներ, նոր տեխնոլոգիաներ, առաջացած խնդիրների արտասովոր մոտեցումներ:

Երևակայություն և ինովացիաների ընկալունակություն՝ սրանք են լինելու մոտակա 25 տարում հանրային շահի շարժիչ ուժը:

Ինչպես վերը նշվեց, ի տարբերություն այլ երկրների, որոնք հարուստ են բնական պաշարներով և հարևան երկրներում ռազմավարական գործընկերներով, Հայաստանի միակ ռազմավարական ռեսուրսը՝ մարդկային կապիտալն է: Ըստ այդմ, միանգամայն բնական է, որ Հայստանի ազգային առաջնահերթությունների և մրցակցային առավելությունների գլխում պետք է դրվի Մարդը: Այդ իսկ պատճառով երկրի հանրային կյանքի վերափոխումները, տնտեսական աճի ինտենսիֆիկացման խնդիրը, զարգացման ծրագրի կատարումը պետք է բխեն այս առաջնահերթությունից: Դա իր հերթին կպահանջի առավել ինտենսիվ ներդրումներ մարդկային կապիտալի մեջ, ուժեղացնելով գիտության և կրթության ինտեգրումը: Գիտությունը պետք է շատ մեծ դեր խաղա, ինչը կպահանջի արդյունավետ աշխատող գիտնականների կարգավիճակի և իմիջի իրական բարձրացում և նրանց դիտարկում «ստրատեգիական ինտելեկտուալ ռեսուրսի» մակարդակով:

Շեշտելով ինովացիոն-արդյունեբերական զարգացման ուղին, մենք պետք է ելնենք հայ հասարակության մտավոր և ստեղծագործական ներուժի լիարժեք իրականացման կարևորությունից:

Նման զարգացման ուղու ընտրությունը պահանջում է տերմինների հստակեցում/տարբերակում՝ նոր արդյունաբերականացում (ռեինդուստրիալիզացիա), պոստինդուստրիալ արտադրություն: Երկրորդ՝ պոստինդուստրիալ տնտեսություն, եզրույթի տակ պետք է հասկանալ մի համակարգ (կառույց), որը հենվում է աշխատանքի որակապես նոր բովանդակության վրա և ենթադրում հանրամատչելի ստեղծագործական գործունեության աստիճանական զանգվածային տարածում ընդհուպ մինչև այն հեռանկարում կզբաղեցնի գերիշխող դիրք: Այս դեպքում նախընտրելի է ընդունել կրեատոսֆերա (Կոլգանով, Բուզգալին) կատեգորիալ եզրույթը, որը տեսականորեն հիմնավոր և գործնականորեն օպերացիոնալ է թվում:

Ինչպես նշում են տերմինի հեղինակները.

Բառիս ամենաբուն իմաստով պոստինդուստրիալը՝ այն ոլորտներն են, որոնք հենվում են հանրամատչելի ստեղծագործական գործունեության առաջնային զարգացման վրա և հանդես են գալիս որպես ժամանակակից տնտեսության գլխավոր առաջնահերթություն, քանի որ հենց այստեղ (կրթության, գիտության, արվեստի, հասարակության ու բնության ռեկրեացիայի մեջ)  է ստեղծվում և իրականացվում 21-րդ դարի տնտեսության գլխավոր արտադրական ուժը՝ մարդու ստեղծագործական պոտենցիալը:

Ինչ վերբերում է առաջին՝ ռեինդուստրիալիզացիա /նեոինդուստրալիզմ, նոր արդյունաբերականացում/  եզրին, այն պետք է օգտագործվի, հաշվի առնելով Հայաստանի տնտեսության կառուցվածքի ոլորտները, նրա արդյունաբերական ներուժը, որոշ առումով մասնավոր, սակայն նույնքան կարևոր ասպեկտում, «երբ խոսքը վերաբերում է արդյունաբերական կապերի կորսված շղթաների վերականգնման անհրաժեշտությանը»:  Մեր դեպքում դա վերաբերում է ԵԱՏՄ տարածքի արդյունաբերական կապերին: Այս շեշտադրումն արդարացված է և թող չընկալվի որպես «անցյալի նոստալգիա», այլ որպես բնական անդրադարձ մեր սեփական սոցիալ-տնտեսական վերակազմավորման ազգային խնդիրների լուծման հաջողված պատմական փորձին:

Պետք է ի նկատի առնել տվյալ կառույցում, նեոինդուստրիալիզացիայի ծրագրում առկա «նորույթը», դրա ժամանակակից բովանդակության մեջ, որն իր վերջնական փուլում հենվում է տեղեկատվական, կոգնիտիվ և այլ նորագույն տեխնոլոգիաների վրա: Դրանք կարևոր են, քանի որ կարող են կտրուկ թարմացնել ավանդական արդյունաբերական ճյուղերի դիմանկարը: Սա իրոք ժամանակի թրենդ է:

Այս առումով մեր երկրում շատ է խոսվում ՏՏ ոլորտի և դրա զարգացման կարևորության մասին: Համաձայնելով հանդերձ այդ թեզի հետ, մենք չենք կարող խճճվել նյութական արտադրության առաջնահերթության հարցը դնելու և դա որպես ոչ-արտադրական ոլորտի /կրեատոսֆերայի/, մասնավորապես, ՏՏ սեկտորի զարգացման հիմք առաջ քաշելու հարցում: Պարզ ասած, այդ մոտեցումը միակողմանի է և այդ իսկ պատճառով՝ քիչ հիմնավոր: Իրականում խոսքը պետք է գնա ազգային տնտեսության բալանսավորված, իդեալում ներդաշնակ կառուցվածքի մասին, որն այդ ձևաչափի դեպքում կստանա իր զարգացման կայունության համար անհրաժեշտ հատկությունները:

Նման տեսական հաշվարկների և մտորումների անհրաժեշտության հետ մեկտեղ պետք է կատարել վերոհիշյալ գաղափարների արդյունավետ իրականացմանը նպաստող երկրի տնտեսության ներքին հնարավորությունների և վերջին տասնամյակների ընթացքում ձևավորված արտաքին գործոնների խորը վերլուծություն:

Այս համատեքստում հանրապետության ներքին շուկայի ամենաբնորոշ գիծը՝ դրա փոքր տարողունակությունն է, ինչը առաջին պլան է մղում արտահանման ներուժի զարգացման անհրաժեշտությունը: 2011թ. Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ փորձագետների մի խմբի կողմից մշակված «Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը» պետք է ապահովեր արդյունաբերության զարգացումը 11 ճյուղային արտահաման ուղղություններով: Սակայն այսքան տարիներ անց դեռևս պահպանվում է ընդունված որոշումները գործուն քայլերով լրացցնելու անհրաժեշտությունը, իսկ հաշվի առնելով Հայստանի միացումը ԵԱՏՄ-ին կարիք կա նաև վերանայել դրա առանձին դրույթները, մասնավորապես, արդիականացնել ծրագիրը: Բացի այդ, 2014 թ. դեկտեմբերի 12-ին ընդունվեց ՀՀ օրենք «Արդյունաբերական քաղաքականության մասին» (ՀՕ թ. 184): Ցավոք, խորհրդարանի կողմից օրենսդրական ակտն ընդունելուց բացի այլ բան չի կատարվել: Նույն դիտողությունները վերբերում են և օրենքին, որի առանձին դրույթները պետք է վերանայվեն: Իհարկե, պետք է նաև մտածել դրա իրականացման մասին:

Ցավոք սրտի, դա մի խնդիր է, որը բնորոշ է Հայաստանի ողջ հետխորհրդային շրջանին և ունի ավելի խոր արմատներ, որոնք կապված են գործադիր իշխանության կողմից ճիշտ շուկայական ինստիտուտներ և կառավարման մեխանիզմներ ձևավորելու ու կիրառելու ունակության հետ: Ամենաբարեկեցիկ երկրները տարբերվում են ոչ բարեկեցիկ երկրներից զուտ տնտեսության կառավարման արդյունավետությամբ:

Այսօր, շուկայական ինստիտուտների ընդլայնված փոխգործակցության պայմաններում, հանրապետության կառավարման մարմինների, նրա պետական կառույների առաջնահերթ խնդիրը՝ անհրաժեշտ կառավարման մեխանիզմների, երկրի զարգացման կանխատեսման ունակության ձեռքբերումն է և, որպես հեռանկարային միջոցառում, ստացված արդյունքներով դրանց իրականացման համար անհրաժեշտ քայլերի կատարումը:

Այս հնարավորությունները լիարժեքորեն կդրսևորվեն միայն պետական ռազմավարական կառավարման համակարգի գործարկման դեպքում: Մասնավորապես, կպահանջվի մասնավոր-պետական գործընկերության վրա հենված ստրատեգիական պլանավորման արդյունավետ և գործուն համակարգի կազմավորում: Սա Հայաստանի զարգացման այլ կոնցեպտ է:

Մեր գործողությունները պլանավորելիս, առաջին հերթին պետք է հաշվի առնել, որ Հայաստանի տնտեսությունը միահյուսված է ԵԱՏՄ այլ անդամների՝ նախ և առաջ Ռուսաստանի տնտեսության հետ: Արդյունավետ ինստիտուցիոնալ ձևերով պայմանավորված, ԵԱՏՄ երկրների գիտատեխնոլոգիական կոոպերացիայի շնորհիվ նրանք կապահովեն բոլոր ոլորտների անընդհատ կատարելագործումը և կդառնան Հայաստանի բարեհաջող տնտեսական զարգացման առանցքային տարրը: Ռուսաստանի հետ  տեխնոլոգիական և ՆԻՈԿՌ շղթայի մեջ մտնելը և այդ համագործակցության հիման վրա պետական-մասնավոր գործընկերության ստեղծումը կնպաստի տեխնոլոգիական կոոպերացիայի հաստատմանը արտադրության, կիրառական գիտության, ինժեներային մշակումների, զենքերի ոլորտներում: Անհրաժեշտ է վերականգնել գիտահեն արդյունաբերության մշակման և արտադրության երկար տեխնոլոգիական շղթաները:

Ներկայացված խնդիրների լուծմանը կարող են նպաստել ներկայումս մշակվող եվրասիական ընկերությունների ձևավորման այն մոտեցումները, որոնք քննարկվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ԵՏՀ Արդյունաբերական դեպարտամենտի նախագծա-վերլուծական նստաշրջանի ընթացքում: ԵՏՀ-ն աշխատում է եվրասիական ընկերությունների ստեղծման վրա:

Օրերս ՌԴ վարչապետ Միխաիլ Միշուստինը հայտնեց, որ Ռուսաստանը և ԵԱՏՄ երկրները շաբաթական ձևաչափով կաշխատեն Միության հնգամյա զարգացման ռազմավարության վրա: Այդ փաստաթուղթը գլխավոր ուղեցույց կդառնա Եվրասիական տարածքում հետագա աշխատանքի համար:

Վերլուծականը պատրաստվել է Եվրասիական փորձագիտական ակումբի նախաձեռնությամբ

ԱՇՈՏ ԹԵՎԻԿՅԱՆ

Տնտեսական գիտությունների թեկնածու,

դոցենտ, ՀՀ վարչապետի ապարատի

«Հանրային կապերի և տեղեկատվության կետրոն»

ԳՆԿՕ «ՕՐԲԵԼԻ» վերլուծական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ