1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պարգևատրվեցին տարվա լավագույն մարզիկները  

Պարգևատրվեցին տարվա լավագույն մարզիկները

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 2019 թվականի «Տարվա լավագույն տասը մարզիկները» պարգևատրվեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ նախագահի նստավայրում կայացած արարողության ընթացքում վարչապետը մարզիկներին հանձնեց 5-ական միլիոն դրամ պարգևավճար: ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ տարվա 10 լավագույն մարզիկների ընտրությունն այս տարի փոփոխության կենթարկվի, բայց մինչ այդ կլինի հանրային քննարկում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սպորտի զարգացումը Հայաստանի Հանրապետության համար ունի ռազմավարական նշանակություն: «Երեկ կառավարության նիստում ասացի, բայց չեմ զլանա կրկնել, որ մենք հիմա մշակում ենք Հայաստանի մինչև 2050 թ. զարգացման ռազմավարությունը և այդ զարգացման տեսլականի մեջ առանձնահատուկ տեղ ենք տալիս սպորտին՝ արձանագրելով մեր ազգային և պետական նպատակը՝ մինչև 2050 թ. ունենալ առնվազն 25 օլիմպիական ոսկե մեդալ: Իհարկե, շատերին այս նշաձողը թվում է չափազանց բարձր, բայց դա մեզ ոչ թե հուսահատեցնում է, այլ ընդհակառակը, ոգևորում է, որովհետև չեմպիոն լինելու համար կա մի շատ կարևոր նախապայման՝ տրամադրված լինել անել ոչ թե այն, ինչ հնարավոր է, այլ տրամադրված լինել անել այն, ինչ անհնար է: Եվ հետևաբար, ես այսօրվա մեր միջոցառումը համարում եմ մարդկանց հավաքույթ՝ մի մասը՝ գուցե մարզական բնագավառում, մյուս մասը՝ քաղաքական բնագավառում, որոնք իրենց առաջ ոչ թե խնդիրներ դնում են ըստ դրանց հնարավորության, այլ խնդիրներ դնում են ըստ դրանց անհնարինության: Եվ կարևորը նրանց մեծագույն առաքելությունն անհնարինը հնարավորին դարձնելն է և ոչ միայն անհատապես, ոչ այնքան անհատապես, այլև ընդհանրապես պետության, ժողովրդի, հանրության համար: Այս առումով եմ ես շատ կարևոր համարում Հայաստանում մեծ սպորտի զարգացումը, որովհետև կարծում եմ, որ մեր մարզիկների հաղթանակները միջազգային ասպարեզում ոչ միայն նրանց անհատական հաջողություններն են, ոչ միայն նրանց մարզիչների և մարզադպրոցների հաջողություններն են, այլև նրանք մեծացնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, հայ ժողովրդի վստահությունը սեփական ուժերի նկատմամբ»,-ասաց Փաշինյանը:

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մեծ պատիվ է համարում Հայաստանի 10 լավագույնների շարքում լինելը, քանի որ մեր երկիրը մարզական ավանդույթներով հարուստ երկիր է. «Ամեն մի տիտղոս իր տեղ ու դերն ունի իմ կարիերայում: Մենք զգում ենք այս ուշադրությունը, որը ոգևորում է մեզ»,- ասաց նա:

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի համար էլ նմանատիպ պարգևատրությունները կարևոր են, որոնք ոգևորություն են հաղորդում մարզիկներին: «Գնում եմ Օլիմպիական խաղերի ոսկու հետևից և մարտական եմ տրամադրված: Նման միջոցառումները շատ խրախուսական են և պարտավորեցնող»,-շեշտեց նա:

Մարզական լրագրողների, ֆեդերացիաների ներկայացուցիչների և SMS քվեարկության արդյունքում 10 լավագույն մարզիկներ են ճանաչվել Արթուր Ավետիսյանը, Հովհաննես Բաչկովը, Սլավիկ Գալստյանը, Արթուր Ալեքսանյանը, Ռուբեն Ալեքսանյանը, Տիգրան Կիրակոսյանը, Արսեն Հարությունյանը, Հակոբ Մկրտչյանը, Գոռ Մինասյանը և Սիմոն Մարտիրոսյանը:

Ունենք քաղաքական որոշում, որ պետք է ամուր և պինդ կանգնենք սպորտի կողքին. Նիկոլ Փաշինյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]